Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Հարցազրույց Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտմիության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի հետ, ում մուտքը Հայաստան ՀՀ իշխանությունների կողմից արգելվել է:
- Ինչպե՞ս բացահայտվեց Հայաստան Ձեր մուտքի արգելքը:
- Մենք ունեինք ինֆորմացիա եւ հարցում արեցինք ԱԱԾ-ին: Ստացանք գրություն, որտեղ չկա ոչ մի փաստարկ, ոչ մի հիմնավորում: Մեզ համար պարզից էլ պարզ է, որ պատճառը քաղաքական է: Դա փաշինյանական իշխանության ոստիկանական ու հակաժողովրդավարական դիմագիծն է:
- Ձեր կարծիքով, նման արգելքներով Փաշինյանն իր իշխանության անվտանգությո՞ւնն է ապահովում, թե՞ թուրքերի եւ ադրբեջանցիների առջեւ պարտավորություններն է իրականացնում:
- Բոլոր տարբերակներն էլ հավանական են: Խնդիրը միայն ներքաղաքական չէ: Թուրքերի հետ կեղծ բարեկամության ֆոնին ուզում են, որ դաշնակցական հայրենասերներ չլինեն Հայաստանում: Մենք բավականին ակտիվ ենք ե՛ւ Արցախում, ե՛ւ Ֆրանսիայում: Մենք մեծ աշխատանք ենք կատարել, պայքար ենք մղել թուրք-ադրբեջանական լոբբիի մեջ եւ հաջողել ենք: Բայց Հայաստանի ներկա իշխանությունների ԱԳՆ-ի ներգրավվածությունն այս հակաթուրք աշխատանքի մեջ զրոյական է:
- Վերջին շրջանում Եվրոպայում ակտիվացել են «Գորշ գայլերը»: Ֆրանսիայում առճակատումներ լինո՞ւմ են:
- Մենք կարողացանք կասեցնել «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում: Բայց ներքին ինֆորմացիա ունենք, որ թուրքական իշխանությունն ուզում է, տարբեր ձեւերով վերանվանելով, նրանց գործունեությունն ակտիվացնել: Դրան զուգահեռ, Ֆրանսիայի ՆԳ նախարարությունից պահանջում են «ՀՅԴ նոր սերնդի» կազմաքանդումը եւ լուծարումը:
- Ֆրանսիական իշխանությունը կգնա՞ նման քայլի։
- Չեմ կարծում, թե կգնան: Թեեւ ֆրանսիական նավերը երբեք չեն բարձրանա մեր սարերը, Արցախը չեն ազատագրելու եւ այդքան էլ որոշիչ դեր չեն կատարելու, այդուհանդերձ, Ֆրանսիայում հանրային կարծիքի եւ պետական ընկալման մեջ Հայաստանն ունի առանձնահատուկ դեր:
- Իրավական գործընթացների կգնա՞ք՝ Ձեր մուտքի արգելքը վերացնելու ուղղությամբ:
- Այո, կգնանք:
- Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում:
- Վերջին մեկուկես տարում 4 անգամ եղել եմ: Ամռանը մոտ երեսուն հոգանոց երիտասարդների խումբ բերեցինք Արցախ, բոլորը, լինելով առաջին անգամ, սիրահարվեցին Արցախին: Երկրորդ անգամ նոր տարին նշել եմ Ստեփանակերտում: Եղել եմ Ասկերանում, Մարտունիում, Անդրանիկ Չաուշյանի օջախում՝ Աղավնոյում, որն արդեն էլ չունենք: Հետո եղել եմ մարտին, ապրիլին, երբ փակվել էր Արցախի գազամատակարարումը: Ես այստեղից գումար հավաքեցի եւ 650 գազի բալոններ բաժանեցի Արցախի գյուղերի անապահով բնակիչներին: Չորրորդ անգամ եղել եմ եւ մասնակցել եմ դիմադրության շարժմանը:
- Գուցե դրա համար էլ դարձել եք անցանկալի ա՞նձ:
- 2021-ին, երբ Փաշինյանն այցելեց Փարիզ, մենք այդ ժամանակ էլ հայտնել ենք մեր մերժումը, մեր վերաբերմունքը: Այդ ժամանակ ձերբակալվեցինք եւ մեկուկես օր անցկացրինք ոստիկանությունում: Բայց դրանից հետո չորս անգամ եղել եմ Հայաստանում եւ դուրս եմ եկել: Կարծում եմ, արգելքի պատճառն ավելի շատ այլ է…
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։