կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 12:13
Իրավական

Ոստիկանությունը մերժել է վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակվելու մասին տեղեկանք ստանալու` 57 քաղաքացու դիմում

Ոստիկանությունը մերժել է վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակվելու մասին տեղեկանք ստանալու` 57 քաղաքացու դիմում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը  մերժել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակվելու մասին տեղեկանք ստանալու մասին 57 քաղաքացու դիմում: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:

«ԸՕ-ի համապատասխան հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու մասին ստացվել են 2230 դիմումներ: Հաշվի առնելով, որ տարածքային անձնագրային ծառայությունները հագեցած չեն հանրապետություն մուտք գործելու և դուրս գալու հանգամանքը ստուգելու ծրագրային համակարգով,  տարածքային ծառայություններում ստացված նման բոլոր դիմումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Արդյունքում` 57 քաղաքացու դիմումներ մերժվել են` օրենքով սահմանված տվյալներին չբավարարելու հիմքով: Դրանցից մեկը բողոքարկվել է դատական կարգով: Դատարանի կողմից հայցը չի բավարարվել` տեղեկանք տրամադրելու մասով»,- ասաց Բիչախչյանը:

Նրա խոսքով` ընտրողների ռեգիստրում են բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, ՀՀ որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները: Ընտրողների ցուցակը կազմում է լիազոր մարմինը` ոստիկանությունը: Բիչախչյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրություններին կարող են մասնակցել լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու եղանակով,  սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ ազգային ժողովի ընտրություններում չեն կարող մասնակցել քվեարկության:

Նա վստահեցրեց, որ իրենց վարչությունը ստացված ոչ մի հաղորդում չի թողել անպատասխան: