կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-11 17:50
Քաղաքական

Երբ ուրվականներն են Հայաստանում կուսակցություն ստեղծում

Երբ ուրվականներն են Հայաստանում կուսակցություն ստեղծում

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե ՕԵԿ-ի և մոտ 60 այլ հասարակական-քաղաքական ուժերի համատեղ նախաձեռնությամբ ստեղծված «Հայկական վերածնունդ» համախումբն աշնանը կարող է վերածվել քաղաքական միավորման: Բիշարյանը հավելել է` թեև ՕԵԿ-ը դրանում ընդամենը մյուսներին հավասար ուժ է, սակայն համախմբումը տեղի է ունենում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի շուրջ:

Այն, որ ՕԵԿ-ն ինչ-որ բան է «վերածնում», ինչպես հուշում է անվանումը, փաստ է: Բայց դա քաղաքական և հասարակական պահանջարկի հետ որևէ կապ չունի: ՕԵԿ-ը պարզապես որոշել է «վերածնել» քաղաքական դիակներ, ստեղծել քաղաքական ուրվականների մի յուրահատուկ կուսակցություն` փորձելով գալիք համապետական ընտրություններին մասնակցության ակնկալիքով դրանց հաշվին վերադարձնել քաղաքական գործոնի իր մսխված կարգավիճակը: Բայց քանի որ ուրվականներն աստրալ իրականությանը բնորոշ երևույթներ են, դրանց հաշվին ինքնահաստատման փորձերն առավելագույնը նմանվում են չհաջողված էքստրասենսի նույնքան չհաջողված էքսպերիմենտների:

Քաղաքական գործոնի վերածվելու այս մեթոդաբանությունը մեզանում նոր չէ: Կարելի է նույնիսկ ասել, որ սա հայաստանյան քաղաքական մշակույթին բնորոշ այն եզակի մեթոդներից է, որոնք որքան համոզիչ են ապացուցում իրենց անարդյունավետությունը, նույնքան ընդունելի են մնում հայաստանյան, այսպես կոչված, առաջատար, ամբիցիոզ քաղաքական ուժերի համար: Դրա վառ օրինակը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մեծ մասամբ մեռելածին ուժերից կազմված Հայ ազգային կոնգրեսի ձևավորումն էր, որը, չնայած դրան, փորձում էին ներկայացնել իբրև միակ ճշմարիտ, անփոխարինելի ընդդիմադիր ուժը: Թե ինչ է մնացել այդ համախմբումից, որտեղ է հիմա Տեր-Պետրոսյանը, ավելորդ մեկնաբանության կարիք չունի: Բավական է միայն նշել, որ, վերածվելով սովորական մի կուսակցության, ՀԱԿ-ը հիմա ՕԵԿ-ին շրջապատող այդ ուրվականներից, թե\' որակական և թե\' ազդեցության տեսանկյուններից, ոչնչով չի տարբերվում:

Զրոյական արժեքով ուժերի հավաքագրման կամ կոնսոլիդացման արհեստական այս գործընթացի «ցեխի» մեջ ավելի ուշ հայտնվեց արդեն Գագիկ Ծառուկյանը` ԲՀԿ-ով: Փորձելով ԱԺ-ի շրջանակում ձևավորված և բավական արդյունավետ աշխատող ընդդիմադիր ուժերի քառյակի ձևաչափը վերածել իր նախագահական ամբիցիաներն սպասարկող քաղաքական հենարանի` Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանի դրդումով, փորձեց բացառապես տակտիկական հարցերում համագործակցության ներուժ ունեցող քառյակի ուսերին դնել ավելի հեռահար, ռազմավարական բնույթի, արդեն` արտախորհրդարանական խնդիրներ, որոնք լուծելու պոտենցիալն այն չուներ և, բնականաբար, փլուզվեց: Դրան հաջորդեց ավելի լայն քաղաքական կոնսոլիդացիա նախաձեռնելու` Ծառուկյանի որոշումը: Արդյունքը եղավ փետրվարին ընդամենը երեք օրվա մեջ քաղաքականությունից Ծառուկյանի «վտարման» օպերացիան և, իբրև շարքային, հավատարիմ օլիգարխ, նախագահի կողքին նրա հայտնվելը:

Բաղդասարյանը գրեթե նույնությամբ կրկնում է այն քայլերը, որոնք ընդամենը շարքից հանեցին Տեր-Պետրոսյանին և Ծառուկյանին: Նրանցից Բաղդասարյանը տարբերվում է ընդամենը այն բանով, որ հերթական «վերածնունդն» սկսում է նույնիսկ ոչ թե զրոյից, այլ բացարձակ ձրոյականին ձգտող, կոորդինատային «մինուսի» առանցքից: Նույն սխալի վրա սայթաքելու այս երևույթը, որին անշեղորեն գնում է նաև ՕԵԿ-ը, հստակ ախտորոշում է հայաստանյան քաղաքական համակարգի հիմնական հիվանդություններից երկուսը: Դրանիցի մեկը գոտկատեղից վերև թռչելու կամ ուժերից վեր ծանրաձող բարձրացնելու անտրամաբանական մղումն է: Երկրորդը` նախ գաղափարական, աշխարհայացքային, արժեքային ու ծրագրային ընդհանուր պլատֆորմի ձևավորման փոխարեն անձի կամ լիդերի գործոնը կոնսոլիդացման առանցք դարձնելն է: Պատահական չէ, որ Հայաստանում, գրեթե առանց բացառության, բոլոր դեպքերում, ընդդիմադիր այդ նախաձեռնությունների տապալումը, դրանցից հանրային հիսաթափությունը սկսում է հենց լիդերների «փլուզումից»:

Բաղդասարյանը բացառություն չի լինելու: Որովհետև 2008-ից հետո դառնալով հայաստանյան ամենակարկառուն օլիգարխներից մեկը` նա հիմա նույնքան ու գուցե ավելի խոցելի, կառավարելի է իշխանության համար, որքան Ծառուկյանը: Այս հիվանդությունն էր խորհրդարանական քառյակի փլուզման իրական պատճառը, որից, փաստորեն, պատեհապաշտները էլի շարունակում են դասեր չքաղել:

Այն ճգնաժամը, որը հիմա ցցուն արտահայտվում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հարաբերություններում, դրա հետևանքն է: Խնդիրների իրական աղբյուրը` իշխանությանը թողած` գաղափարական հենք և ծրագրային ուղեգիծ չունեցող այդ ուժերն ընկել են «մարտ առանց կանոնների» սկզբունքով դիրքային պայքարի մի հորձանուտ, որը քաղաքականության հետ որևէ աղերս իրականում չունի: Սա արդեն գոյության, անդունդը չընկնելու համար մղվող անզիջում պայքար է, որը նաև թելադրվում է նոր, երիտասարդ, թարմ ուժերի խաղի մեջ մտնելու` ներկայումս դրսևորվող հավակնություններով: Ուղղակի զարմանալի է այն համառությունն ու կուրությունը, որով անգամ այսքան սայթաքելուց, այսքան սխալվելուց հետո այդ ուժերը շարունակում են ապավինել միայն ձախողումների հանգեցրած հին մեթոդներին: Մյուս կողմից` դաշտը մաքրելու առումով, գուցե բարին էլ դա է...

Գևորգ Դարբինյան