կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-20 12:24
Հասարակություն

Հայաստանում Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակի բանակմանը մասնակցելու համար Հակոբը չորս տարի գումար է հավաքել

Հայաստանում Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակի բանակմանը մասնակցելու համար Հակոբը չորս տարի գումար է հավաքել

Լինել Հ.Մ.Ը.Մ.-ական և դաշնակցական. այս երկու միություններով է կյանքում առաջնորդվում Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված բանակմանը մասնակցելու համար Հոլանդիայից հայրենիք ժամանած 21-ամյա Հակոբ Գասպարյանը:

«Ես մեծացա Հ.Մ.Ը.Մ.-ի շարքերում, հետագայում անցա նաև սկաուտական շարքերը: 2014-ին առաջին անգամ մասնակցեցի համա-Հ.Մ.Ը.Մ.-ական բանակմանը և ահա այսօր` չորս տարի անց, նույնպես մասնակցում եմ այս պատմական բանակմանը` նվիրված Հ.Մ.Ը.Մ-ի 100-ամյակին»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հակոբը` հավելելով. «Հ.Մ.Ը.Մ.-ն ուրիշ կյանք է, աղվոր կյանք է»:

Հ.Մ.Ը.Մ-ն իր կենսակերպը դարձրած Հակոբը պատմեց, թե իրականում այնքան էլ հեշտ չէ Ալմելոյից հասնել Հայաստան և մասնակցել այս բանակմանը:

«Պետք է արժանի լինես Հ.Մ.Ը.Մ.-ին և 4 տարին մեկ տեղի ունեցող այս բանակմանը մասնակցելուն, որն իրականում երազանք է:  Պետք է ակտիվ աշխատանք տանես միությունում, վաստակես դրան մասնակցելու իրավունքը: Իմ դեպքում ավելի դժվար էր: Նախորդ համա-Հ.Մ.Ը.Մ.-ական բանակումից վերադառնալուց անմիջապես հետո սկսեցի աշխատել և գումար հավաքել 4 տարի անց կայանալիք այս բանակմանը մասնակցելու համար: Ես թե´ սովորում եմ, թե´ աշխատում: Որքան էլ դժվար լիներ դրանք համատեղելը, չէի կարող թերանալ բանակմանը մասնակցելու հարցում»,- ասաց Հակոբը, ով աշխատում է որպես ատաղձագործ, ինչն էլ սկաուտական առօրյայում պետքական է:

Երիտասարդը նշեց, որ, բարեբախտաբար, այս տարի բանակմանը մասնակցողների թիվն աննախադեպ մեծ է, և, չնայած դրան, միությունը առիթ է ընձեռել գրեթե բոլոր ցանկացողներին` գալ հայրենիք և իրենց մասնակցությունը ցուցաբերել պատմական արարողությանը:

«Ես մեր մասնաճյուղի մեջ առաջինն էի, որ մասնակցելու համար անունս ներկայացրեցի: Երկար էի սպասել այս օրվան: Հ.Մ.Ը.Մ.-ն ինձ համար կյանքի ուղի է: Ինձ համար նախ ընտանիքս է, հետո` Հ.Մ.Ը.Մ.-ն: Այս 10 օրը բացառիկ առիթ է այլ երկրների մեր սկաուտ քույր-եղբայրների հետ ծանոթանալու, նրանց հետո նորանոր հիշողություններ կուտակելու համար»,- ասաց Հակոբը, ով  Հ.Մ.Ը.Մ.-ին և ՀՅԴ-ին իր նվիրվածությունը կրում է ոչ միայն սրտում, այլև` մարմնի վրա` համապատասխան դաջվածքներ է արել:  

Զրույցի ավարտին Հակոբը նշեց, որ անհամբերությամբ սպասում է իրերի փոխանակման օրվան, որը սկաուտական բանակումների ամենահետաքրքիր պահերից է: Բանակման ավարտին սկաուտներն իրենց իրերը փոխանակում են այլ երկրների սկաուտների հետ` որպես այդ բանակումից մնացած հիշատակ: