կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-20 14:03
Հասարակություն

Չորս երկրի նախագահներ ապրիլի 24-ին կլինեն Հայաստանում

Չորս երկրի նախագահներ ապրիլի 24-ին կլինեն Հայաստանում

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ո՞ր երկրներն են նախագահների մակարդակով ներկայացված լինելու ապրիլի 24-ին Հայաստանում, և արդյո՞ք Ռուսաստանի նախագահը ներկա է լինելու, նախ ասաց, որ Հայաստանի մոտեցումը միշտ եղել է այն, որ այս կամ այն նախագահի գալու մասին առաջինը չեն հաստատել, այլ թողել են այդ երկրների նախագահների մամուլի ծառայություններին:

 

«Այս պահին չորս պետություն նախագահների մակարդակով մասնակցելու են Հայաստանում ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին: Դրանք են՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Կիպրոս և Սերբիա»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ Կիպրոսի նախագահը ժամանելու է Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ:

 

Նրա խոսքով՝ այլ երկրներից պատվիրակությունները գալիս են որպես իրենց պետության, իրենց նախագահի ներկայացուցիչ:

 

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ ՀՀ նախագահին ուղղված նամակներում բազմաթիվ երկրների ղեկավարներ նշել են, որ Հայոց ցեղասպանությունը համընդհանուր հիշողության և ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործության 100-րդ տարելիցն է, հետևաբար, իրենք պետք է ներկայացված լինեն ամենաբարձր մակարդակով:

 

«Մի մասը, ինչպես, օրինակ, Կանադայի վարչապետը նշել էր, որ ինքն այդ օրերին ավանդաբար լինում է հայ համայնքի հետ, և երեկ դուք տեսաք, որ Կանադայի վարչապետը բավական ակտիվ մասնակցում էր Կանադայում կազմակերպված միջոցառումներին՝ կրելով անմոռուկի կրծքանշանը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

 

Նա հավելեց, որ Գերմանիայի նախագահը հաստատել է, որ ապրիլի 23-ին կմասնակցի Բեռլինի մայր տաճարում կայանալիք հոգեհանգստին, բայց Հայաստան կգործուղվի նախարարական պատվիրակություն:

 

Իսկ Սուրբ աթոռը ներկայացված է լինելու կարդինալի մակարդակով: «Քահանայապետը՝ Հռոմի պապը, ապրիլի 12-ին մի հսկայական, կարևոր միջոցառում իրականացրեց Վատիկանում` իր հարգանքի տուրքը մատուցելով այդպես»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

 

Նրա խոսքով՝ Չեխիայի նախագահը նշել է, որ ինքը շատ կուզենար ներկա լինել այդ միջոցառումներին Հայաստանում, բայց հանդիպում կա նախատեսված Վատիկանում, հետևաբար, այստեղ Չեխիան ներկայացված է լինելու նախարարների մակարդակով:

 

Վիգեն Սարգսյանը նշեց, որ ԵՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստանն է ներկայացված լինելու նախագահների մակարդակով: Ղազախստանում այդ օրերին նախագահական ընտրություններ են, և այնտեղից պատվիրակություն Հայաստանը չի սպասում: Իսկ Բելառուսը ներկայացված է լինելու պետական մակարդակով: