Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրատվամիջոցների հետ զրույցում մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում ծեծի ենթարկված եղբայրների հայրը՝ Գագիկ Զաքարյանը, հայտնել է, որ փորձաքննությամբ պարզվել է, որ Հարություն Զաքարյանին հարվածել է Յուրա Մանուչարյանը: Հայրը նաև պնդել է, որ իր որդին ցուցմունքը չի փոխել:
Սակայն Քննչական կոմիտեից yerkir.am-ին հայտնեցին, որ նման փորձաքննություն չկա, որը կպարզեր, թե կոնկրետ ով է հարվածել: ՔԿ-ից մեզ տեղեկացրեցին նաև, որ դեռևս սեպտեմբերի 22-ին հարցաքննության ժամանակ Հարություն Զաքարյանը չի պնդել, որ Տիգրանն է իրեն հարվածել, այլ հայտնել է, որ եթե «Յուրան ասում է, ուրեմն նա է»: Դա էլ հիմք է հանդիսացել, որպեսզի նախաքննական մարմինը դիմի դատախազություն՝ Տ. Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու հարցով:
Ուշագրավ է, որ Զաքարյանների ծնողները դեպքից հետո պնդում էին, որ Հարությունին հարվածել է հենց Տիգրան Խաչատրյանը, իսկ այժմ խոստովանում են, որ իրենց համար նշանակություն չունի, թե ով է հարվածել, կարևորը` Հարությունին խփողը պատժվի: Նույն տրամաբանությամբ` հնարավոր է` դեպքի հետ կապ չունեցող այլ անձ էլ հայտնվեր և հայտարարեր, որ ինքն է խփել Հարությունին: Հետաքրքիր է ՝ այդ ժամանա՞կ էլ Զաքարյանները կասեին` «դե որ ասում է, ուրեմն այդպես է»:
Հիշեցնենք, որ օրերս էլ հայտնաբերվել է եղբայրներից Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հունիսի 15-ից հետախուզման մեջ գտնվող Մայիս Խաչատրյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը սեպտեմբերի 29-ին Մ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով եւ միջնորդություն ներկայացրել դատարան՝ Մ.Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերահաստատելու համար:
Yerkir.am-ին ՔԿ-ից հայտնեցին, որ դատարանը բավարարել է միջնորդությունը, և Մ . Խաչատրյանն այժմ կալանքի տակ է: Նշենք, որ եթե անգամ այս գործով անցնող մյուս մեղադրյալները մնան կալանքի տակ, և դատարանում նրանց մեղքն ապացուցվի, միևնույն է՝ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը փոխվելուց հետո հանրության մոտ կարծիք կձևավորվի, որ իրավապահներն այս անգամ էլ «ներեցին» այս գործով առանցքային նշանակություն ունեցող` Սուրիկ Խաչատրյանի որդուն: Մինչդեռ այս ամիսներին դեպքի նկատմամբ հանրության և լրատվամիջոցների հետաքրքրությունն արդեն իսկ ստիպել էր իրավապահներին հաշվի նստել հասարակական կարծիքի հետ, իսկ այս համատեքստում ցուցմունք փոխելը ոչ այլ ինչ էր, եթե ոչ` արջի ծառայություն: