Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-07 14:04
Իրավական

Հիմա էղել՝ էղել ա, բան չկա. Լիսկայի դեմ մահափորձի գործով մեղադրյալի որդին՝ Զարզանդի կողմից իր խանութի վրա հարձակում կատարելու մասին

Հիմա էղել՝ էղել ա, բան չկա. Լիսկայի դեմ մահափորձի գործով մեղադրյալի որդին՝ Զարզանդի կողմից իր խանութի վրա հարձակում կատարելու մասին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն այսօր կդիմի ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝  իր պաշտպանյալի նկատմամբ կայացրած կալանքի որոշումը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց պաշտպանը:

Փաստաբանը նշեց, որ իր  պաշտպանյալի առնչությունը մեղքին հիմնավորված չէ, իսկ քննիչի կողմից ներկայացված` կալանքի  միջնորդություններն անհիմն են: Նա նաև նշեց, որ Գարեն Աթաջանյանի կապը հիմանավորված չէ գործով անցնող մյուս անձանց հետ:  

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություններ տարածվեցին, որ անցած գիշեր՝ ժամը 03-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները: 

Yerkir.am-ի տեղեկություններով՝  ոստիկանները նկատել են, թե ինչպես է մի անձ քարով խփում դռանը, ինչից հետո բռնել են նրան և պարզել, որ Զարզանդ Նիկողոսյանն է: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս կապակցությամբ պաշտպանը կոչ արեց գործել ողջամտության սահմաններում: «Նրանք Կապանի բնակիչներ են, և թշնամանքի նման դրսևորումները հղի են վտանգներով»,- ասաց Հովհաննիսյանը: Պաշտպանը միաժամանակ հիշեցրեց քրեական դատավարությանը մասնակցող անձանց՝  օրենքով նախատեսված պաշտպանության իրավունքի մասին:

Yerkir.am-ի հետ զրույցում խանութի սեփականատեր Մհեր Աթաջանյանը հաստատեց, որ իր խանութի վրա հարձակում է տեղի ունեցել, սակայն, ըստ նրա, լուրջ բան չկա: «Վնասի չափը չեմ կարող ասել, մի հատ դուռ ա ջարդվել: Ես Ղափանում չեմ, հիմա էղել` էղել ա, բան չկա, դուռ ա... Ես թշնամություն չունեմ իրանց հանդեպ, իրանք էլ՝ իմ հանդեպ»,- ասաց նա` հաստատելով, որ Զարզանդն իր ընկերն է: Մհերը միաժամանակ հայտնեց, որ չի դիմել ոստիկանություն:

Դիտարկմանը, թե մտավախություն չունի՞, որ կփորձեն իր հետ հաշվեհարդար տեսնել, ասաց ՝ ոչ: «Ես մենակ մի բան գիտեմ` իմ հերն անմեղ ա, ու դա  ապացուցվել ա»,- նշեց Մհեր Աթաջանյանը:

Դեպքի կապացությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Զարզանդ Նիկողոսյանից, ով, սակայն, հայտնեց, թե տեղյակ չէ կատարվածից: