կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-22 12:56
Քաղաքական

Հայաստանի նոր Սահմանադրությունն այլևս իրողություն է. Աղվան Վարդանյանի ելույթը՝ Ստրասբուրգում

Հայաստանի նոր Սահմանադրությունն այլևս իրողություն է. Աղվան Վարդանյանի ելույթը՝ Ստրասբուրգում

Հայաստան-ԵՄ հանձնաժողովում ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը` «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե»

20-21 հունվար 2015, Ստրասբուրգ

Մեկուկես ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանական համակարգի: Ասեմ, որ իմ ներկայացրած Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դեռևս 90-ականների սկզբից հետևողականորեն պաշտպանել է կառավարման խորհրդարանական մոդելը:

Սահմանադրության հանրաքվեին նախորդեց նախագահի հրամանագրով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի` երկու տարիների նախապատրաստական աշխատանքը: Նախ մշակվեց Սահմանադրական փոփոխությունների առաջին հայեցակարգը, ապա՝ երկրորդը, որի հիման վրա էլ ստեղծվեց նոր Սահմանադրության տեքստը: Ներկայիս խորհրդարանի 6 խմբակցություններից 3-ը պաշտպանում են Սահմանադրական փոփոխությունները, 3-ը՝ մերժում: Ի վերջո, դեկտեմբերի 6-ին, թեև մեր ընտրական համակարգին բնորոշ թերություններով, ընդունվեց նոր Սահմանադրությունը: Ինչո՞ւ էր անհրաժեշտ և ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը:

Անկախության ձեռք բերումից քառորդ դար անց էլ Հայաստանում բացակայում էր ակնկալվող ժողովրդավարությունը, իշխանությունը գերկենտրոնացած էր, չէր գործում իրավունքի գերակայության սկզբունքը, դատարաններն անկախ ու անաչառ չէին, չէր արմատավորվել կառավարման արդյունավետ համակարգ: Մի խոսքով՝ մենք չունեինք արդարացի երկիր: Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվում է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական կազմավորում՝ հիմնված իրավունքի գերակայության, մարդու արժանապատվության անխախտելիության, անվտանգության, ընտանիքի պաշտպանության, իշխանության բաժանման և հավասարակշռման, գաղափարախոսական բազմակարծության և բազմակուսակցական համակարգի անխախտ գործունեության, ընդհանուր, հավասար և ազատ ընտրական իրավունքի, տեղական ինքնակառավարման, սեփականության իրավունքի հավասար պաշտպանության, սոցիալական շուկայական տնտեսական կարգի երաշխավորման սկզբունքների վրա՝ որպես Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման հիմնական գրավական:

Սահմանադրական մակարդակում հատուկ ամրագրվել է, որ մարդու հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն դրանց արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Առաջին անգամ անմիջական ժողովրդավարության մեծածավալ հնարավորություն է ամրագրվել:

Փոփոխությունների համաձայն` քաղաքացիները կարող են նախաձեռնել հանրաքվեի միջոցով ինչպես օրենքների ընդունում, այնպես էլ սահմանադրական փոփոխությունների իրականացում: Սահմանադրական փոփոխություններով առաջարկվող կառավարման նոր ձևում իշխանությունների բաժանման և տարանջատման սկզբունքը լրացվում է քաղաքական համակարգի փոխադարձ զսպումների մեխանիզմով:

«Ամեն ինչ հաղթողինն է» մոտեցումը փոխարինվում է «Հաղթանակը բոլորինն է, պատասխանատու են բոլորը» մոտեցմամբ: Այս պարագայում ընտրություններում հաղթող քաղաքական ուժերին հակակշռում են ընդդիմադիր ուժերը, որոնք սահմանադրական մակարդակով ստանում են իշխանության բոլոր մարմինների նկատմամբ վերահսկողության հնարավորություն՝ ի դեմս Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվող քննիչ հանձնաժողովների:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում իշխանության մարմինների ընտրության վրա ընդդիմությունը էապես ազդելու հնարավորություն է ստանում, քանի որ մի շարք պաշտոններում (բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներ, վճռաբեկ դատարանի և սահմանադրական դատարանի դատավորներ, հաշվեքննիչ վերահսկիչ պալատի նախագահ և անդամներ, կենտրոնական բանկի նախագահ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և անդամներ, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազ) նշանակումների համար պահանջվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 60 տոկոսը:

Նույն պահանջն է առաջադրվում նաև մի շարք սահմանադրական օրենքների ընդունման դեպքում՝ ընտրական և դատական օրենսգրքերը, կուսակցությունների, հանրաքվեի, սահմանադրական դատարանի, մարդու իրավունքների պաշտպանի մասին, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգը:

Ընդդիմությանն է վերապահվում նաև Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի պաշտոնը, ինչը ընդդիմության ձայնը լսելի, առաջարկությունները պարտադիր քննարկման դարձնող իրական լծակ է: Այս համակարգը մի կողմից կուժեղացնի ընդդիմության դիրքերը, մյուս կողմից կստիպի իշխանությանը լինել հաշվետու և պատասխանատու սեփական վարքագծի համար:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն` Ազգային ժողովը ընտրվելու է բացառապես համամասնական ընտրակարգով և ունենալու է 101 պատգամավոր: Փոփոխություններով` պետության գլուխը Ազգային ժողովի կողմից ընտրվող` հանրապետության նախագահն է, որի հիմնական գործառույթը Սահմանադրության պահպանմանը հետևելն է:

Այսպիսով` կառավարման համակարգի առաջարկվող փոփոխությունները հաստատում են «գործառույթ-ինստիտուտ-լիազորություն պատասխանատվություն» շղթայի առավել ամբողջական գործադրումը՝ ի նպաստ իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան պետության կայացման: Այսօր Հայաստանի նոր Սահմանադրությունն այլևս իրողություն է: Այն, մեր կարծիքով, երկրում արմատական ու որակական փոփոխությունների հիմք է ստեղծում, ինչը եվրոպական արժեքներին համապատասխանող պետություն կառուցելու հնարավորություն է:

Առջևում կարևորագույն՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումն է, որի նպատակը ազատ, արդար, թափանցիկ, հանրության վստահությունը վայելող ընտրությունների անցկացումն է: Այս հարցում մենք ակնկալում ենք ԵՄ մեր գործընկերների աջակցությունը: