Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին անգամ ունենալու ենք Սահմանադրություն, որը կարողանալու է պաշտպանել քաղաքացու ազատությունները, սեփականությունը, քաղաքացին կարողանալու է ապրել ու արարել մեր երկրում. սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի` ՀՅԴ քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց ՀՅԴ-ական, նախկին նախարար Դավիթ Լոքյանը:
Ըստ նրա` պետության կառավարման մեջ պետք է լինեն օղակներ, որոնք պետք է իրար հակակշռեն, պայքարեն` չթույլատրելու սահմանադրական խախտումներ: Շատերը, Լոքյանի հավաստմամբ, ասում են, թե այս բոլոր փոփոխություններն արվում են, որպեսզի այսօրվա իշխանությունները շարունակեն իրենց գործունեությունը: Սակայն նա վստահեցրեց, որ եթե նման բան լիներ նոր Սահմանադրությունում, առաջինը ՀՅԴ-ն դեմ կլիներ:
«Այս իշխանությունը, այո, կարող է վերարտադրվել, եթե Սահմանադրության փոփոխություն չլինի: Մենք տեսել ենք դա այս տարիների ընթացքում` 1995, 1999, 2003, 2008: Նախագահը ընտրվում է իշխանության կուսակցությունից, խորհրդարանում մեծամասնություն են ունենում և կարողանում են, երկրի բոլոր պաշտոնները զբաղեցնելով, երկիրը կառավարել: Այս փոփոխությանը հանրապետության նախագահը գնացել է` հասկանալով, որ գործող Սահմանադրությունը չի պատասխանում ճգնաժամային մի քանի հարցերի: Եթե 2017-ին խորհրդարանում մեծամասնություն կազմի մեկ այլ կուսակցություն, իսկ 2018-ին նախագահ ընտրվի ՀՀԿ-ական ներկայացուցիչը, մենք ունենալու ենք լրջագույն խնդիր մեր երկրում»,- ասաց Լոքյանը:
Ըստ նրա` սա է այն հիմնական ու առանցքային խնդիրը, որն էլ հասկանալով` մեր ղեկավարությունը գնաց փոփոխության: «Պատկերացրեք, եթե 2013-ին նախագահ ընտրվեր Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ խորհրդարանում մեծամասնություն լինեին ՀՀԿ-ականները, երկրում չէր աշխատի տնտեսությունը, պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը: Հիմա ինչո՞ւ փոփոխությանը դեմ լինել, եթե մենք մշտապես ասել ենք, որ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի երկիրը զարգանա»,- ասաց Լոքյանը:
Վանաձորցիներից մեկը հարց ուղղեց նրան` լավ, ասենք, նոր Սահմանադրություն ունենք, այդ դեպքում ինչպե՞ս պետք է կուսակցությունների «դեմն առնել», քանի որ ամեն օր մի կուսակցություն է «ծլում», ինչն էլ, ըստ վանաձորցու, պառակտում է հասարակությանը: Լոքյանը նշեց, թե ճիշտ հարցադրում է, մեր երկրում ընդունված է մարդ-կուսակցությունների ստեղծումը, որոնք ձևավորվում են փողի, պաշտոնների շուրջը, և իրենց քաղաքական պլատֆորմում սկզբունքներ չեն դնում:
«Ասում են` ժողովո\'ւրդ ջան, մենք ամեն ինչ կանենք, որ դուք լավ ապրեք, և ժողովուրդն էլ հեշտությամբ համոզվում է, քանի որ իրականության մեջ ապրելու դժվարություն ունի: Այսօր քաղաքական կուսակցություններ կան, որոնց նախընտրական ծրագրերում 2-3 տարի առաջ ընդգրկված էր, թե իբր պառլամենտական կառավարում են ուզում, բայց երկու տարի հետո, երբ երկրում խորհրդարանական կառավարման փոփոխությունը մտցնելու առաջարկ է լինում, ասում են` ոչ, մենք դեմ ենք դրան, քանի որ նախագահն է դա առաջարկել: Այդ անձերը, որոնք կուսակցություններ են ստեղծում, որպեսզի քաղաքական հաջողություններ ունենան և պաշտոններ վարեն պետության մեջ, բացարձակապես չեն ձևավորում իրենց քաղաքական հիմքը և հաշվի չեն առնում, թե 2-3 տարի առաջ ինչ են ասել մարդկանց»,- ասաց Լոքյանը:
Նա նշեց նաև, որ, հակառակ սրան, ՀՅԴ-ն իր սկզբունքները երբեք չի փոխել, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ եթե այսօր ժողովրդին ասեն` գիտեք` Ղարաբաղից ոչինչ չենք զիջելու, կամ Թուրքիայի հետ ունենք լուրջ խնդիր` կապված 1915-ի հետ` այն չճանաչելու, փոխհատուցում չիրականացնելու և հողեր չվերադարձնելու հետ կապված, իրենց քիչ ձայներ կտան, քանի որ շատերը հիմա ավելի ազատ են մտածում: «Մենք հասկանում էինք, որ սա դժվարություն է բերելու մեզ համար` քաղաքացիներից ձայն ստանալու առումով, քանի որ այսօր ազատ մտածող քաղաքացու համար միգուցե դժվար է ձայն տալ նման կուսակցության, բայց մենք չենք փոխում մեր սկզբունքները: Նույնը և խորհրդարանական կառավարման դեպքում` դեռ 1991-ից ենք մենք ասել, որ խորհրդարանական համակարգ ենք ուզում»,- ասաց նա:
Լոքյանը նշեց, որ եթե «Ժառանգությունը» մինչ այս կողմ էր պառլամենտական կառավարմանը, հիմա հանկարծ որոշել են, որ դա ճիշտ չէ: Հիմա, ըստ նրա, ժողովուրդն ինչպե՞ս պետք է վստահի անձ-կուսակցություններին:
«Մենք պետք է ճիշտ ընտրություններով, Սահմանադրությամբ մեզ տրված լիազորություններով ճնշենք պետական աշխանությանը, որպեսզի մեզ համար լավ աշխատեն: Նրանք պետք է հասկանան, որ իրենք պատասխանատու են իրենց յուրաքանչյուր քայլի համար, պատասխանատու հասարակության առջև, և այս դեպքում մարդ-կուսակցություններ չեն հայտնվի»,- ասաց Լոքյանը: