կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-19 12:36
Մշակույթ

Օդանավակայանի սեյսմիկության փաստաթուղթը պատվերի պես մի բան էր

Օդանավակայանի սեյսմիկության փաստաթուղթը պատվերի պես մի բան էր

«Զվարթնոց» օդանավակայանի քանդման շինթույլտվությունը տվել է քաղաքապետարանը, որին իր համաձայնությունն է տվել նաև Երևանի գլխավոր ճարտարապետը, սակայն այդ թույլտվությունը տրված է առանց որևէ փաստաթղթի, այն որևէ հիմք չի ներկայացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպամն ժամանակ ասաց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Ըստ նրա` հին օդանավակայանը եղել է հայ ժողովրդի երաշխիքը` ազատ ելումուտ անելու:

«Մենք տեսել ենք, թե ինչ մեծ դեր խաղաց օդանավակայանը, երբ Հայաստռանը շրջափակման մեջ էր, հիմա էլ մենք շրջափակման մեջ ենք, և օդանավակայանը միակ երաշխիքն է դուրս գնալու: Նոր օդանավակայանը դարձել է մասնավոր բիզնեսի աղբյուր, և ցանկացած րոպեին այն կարող է փակվել, վերավաճառվել և մենք չունենք որևէ երաշխիք: Միջազգային թռիչքները կրճատվել են, հարցական վիճակում է օդանավակայանի ճակատագիրը, քանի որ տեսնում ենք, թե ինչքան «լավ» է ղեկավարվում այն»,-ասաց Թարխանյանը:

Նա նշեց, որ իր համար անընդունելի է ցանկացած միտում, որոշում` հին օդանավակայանը քանդելու, այն պետք է պահել, կոնսերվացնել.«Սեյսմիկ անվտանգությունը, որի վրա հղում է անում քաղաքապետարանը և իր` այն քանդելու որոշումն արդարացնում, բացարձակապես սուտ է: Օդանավակայանը որպես ստրատեգիկ օբյեկտ է կառուցվել և շարունակում է իր գործունեությունը որպես այդպիսին»:

Խոսելով այն մասին, որ կարծիքներ են հնչում, թե օդանավակայանը թող թանգարանի վերածել` Թարխանյանը նշեց, որ իր համար ընդունելի է ցանկացած տարբերակ` միայն թե գոյութուն ունեցող կառույցը որևէ փոփոխության չենթարկվի: Օդանավակայանը, ըստ նրա, կարող է նաև ներքին չվերթների համար օգտագործվել:  

 «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը նշեց, որ սկզբից սեփականատերն ասում էր` օդանավակայանը պետք է քանդել, երկար մտածելով` հասկացան, որ դա մեզ համար մեծ նշանակություն ունի` որոշեցին արտաքին օղակը միայն քանդել: Հիմա, ըստ նրա, պետք է համոզենք, որ արտաքին օղակը համապատասխանում է այն պահանջներին, որն իրենց անհրաժեշտ է:

Ինչ վերաբերում է օդանավակայանի` սեյսմակայուն չլինելուն, ապա, ըստ Ազիզյանի, քիչ գումարով կարելի է չեզոքացնել այդ վտանգը, ինչը 10 անգամ ավելի էժան կնստի սեփականատիրոջ վրա, քան` կառույցը քանդել և նոր շենք կառուցել:

 «Չի կարելի թույլ տալ, որ էստակադան քանդվի` տեսեք` ո՞վ է տվել Երիտասարդական պալատի սեյսմիկ վտանգավորության եզրակացությունը, ո՞վ է այդ անձը, որի որոշման հիման վրա քաղաքապետարանն էլ իր հերթին որոշեց քանդել այն: Ո՞վ թույլ տվեց, որ Փակ շուկայի տարածքում փոս փորեն ու ավտոկայանատեղի կառուցեն, և դրա պատճառով շենքը փլուզվեց: Այս դեպքում էլ` նախ կսկսեն քանդել էստակադան, որի պատճառով հետո կքանդվի նաև կողքի պատը և կասեն` տեսա՞ք` սեյսիկ անվտանգությունը պահպանված չէր»,-ասաց Ազիզյանը:

Հարցին, թե ով է այդ անձը, որը որոշել է օդանավակայանի սեյսմիկ անվտանգության աստիճանը` Ազիզյանը պատասխանեց, որ գիտի, ճանաչում է նրան, բայց չի ուզում անուններ հնչեցնել.«Նրանք հարցի հետ կապված դիմել էին մի պետական հիմնարկի, և կոնկրետ մեկն էլ զբաղվել էր այդ հարցով: Կոպիտ ասած` պատվերի պես մի բան էր` օդանավակայանի սեյսիկության փաստաթուղթը»:

Նա նշեց նաև, որ, ցավոք, իրենց չի հաջողվում հանդիպել ղեկավար օղակի հետ. ճարտարապետները ցանկություն ունեն հանդիպել Էռնեկյանի հետ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շենքը չքանդվի: Ժամանակ առ ժամանակ հայտնվում են լուրեր, որ օդանավակայանը պետք է քանդվի, հետո աղմուկ է բարձրանում, իսկ որոշ ժամանակ անց խոսակցությունները կրկին դադարում են` մեզ հոգնացնում է այս վիճակը»,-իր խոսքն ամփոփեց Ազիզյանը: