կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 19:06
Առանց Կատեգորիա

Պատվերի տակ կքած բեռնակիրները

Պատվերի տակ կքած բեռնակիրները

Թեեւ այս ընտրությունները համարվում են վաղօրոք կանխորոշված եւ ոչ մրցակցային, ինչը նաեւ թեկնածուներն իրենք են լավ գիտակցում, այնուամենայնիվ, քաղաքական օդը շարունակում է պղտորվել, ամենուր նկատվում է ագրեսիվություն: Նախագահի թեկնածուներն իրենք ամեն քայլից բորբոքվում են, մոռանում ասելիքն ու արտահայտչամիջոցները, տուրք տալիս փողոցային բառապաշարին:

 

Արդեն որերորդ անգամ է` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հունից դուրս է գալիս Yerkir.am-ի լրագրողի սովորական եւ տրամաբանված հարցերից: Լրագրողը թեկնածուին հարց է ուղղում՝ օգտվելով լրագրողի իր իրավունքից, թե ինչո՞ւ նախապես խոստացված երեք օրվա փոխարեն ընդամենը մի քանի ժամ միացավ նախագահի մյուս թեկնածուի հայտարարած հացադուլին: Հայրիկյանը փոխանակ հոդաբաշխ պատասխան տալու, շպրտում է. «Կռիվ կանես ձեր տանը, աղջիկ ջան»: Եթե այս տոնով, այս բառապաշարով մեզ հետ զրուցի մեր հարեւան Բադոյենց Արամը, որ աչք բացելուց ի վեր սարերում չոբանություն է անում, կհասկանանք. նրան քաղաքակրթության հետ կապում են գառ-ոչխարները եւ մեկ-մեկ էլ դրանց մեջ հայտնված այծերը: Բայց այսպես խոսում է նախագահի թեկնածուն, ով հորջորջվում է որպես անկախության ակունքներում կանգնած մարդ: Եվ չբավարարվելով իր ոչ կոռեկտ պատասխանից` մի քանի հավատարիմ «դաշնակիցների»  հրահրում է մեր դեմ: Նրանք էլ սկսում են թույն ու մաղձ թափել ֆեյսբուքյան էջերում:

 

Պարույր Հայիկյանը մտավ պատմության մեջ որպես անկախության առաջամարտիկ, դա լիուլի բավարար էր հենց այդպիսին մնալու համար: Սակայն իրար հաջորդող ամեն ընտրության նա իր համակիրների թիվը հասցրեց նվազագույնի՝ սպառնալով այս անգամ արդեն ձգտել մինուս անսահմանություն եւ անլրջացնելով պատմության մեջ իր դերակատարությունը:

 

Միաժամանակ, ցավալի է, որ քաղաքական դաշտի աղտոտվածությունը թափանցել է նաեւ լրատվադաշտ՝ դաշտը վերածելով ախոռի: Ու դա է պատճառը, որ ցանկացած գործիչ իրեն ուղղված, բայց իր մտավոր ունակությունների սահմաններում չտեղավորվող ամեն հարց համարում է պատվեր: Զորօրինակ՝ Պարույր Հայրիկյանի տրամաբանությամբ, պատվեր չեն կատարում միայն նրանք, ովքեր յուրաքանչյուր ասուլիսի խնդրում են պատմել իր բանտային կյանքից եւ մի քանի բան էլ՝ մինչեւ 96 թվականի սեպտեմբերի 26-ը իր գործունեությունից: Դրանից այս կողմ ամեն ինչ է պատվեր:

 

«Պատվեր են կատարում» արտահայտությունը ամեն գործչի շուրթերի է, եւ ստացվում է, որ մեր երկրում թե' լրատվադաշտը, թե' քաղաքական կուսակցություններն ու գործիչները պատվեր տվող են ու, որ ամենահաճախն է, պատվեր կատարող: Պատվերի մասին խոսում են պատվիրվողները, ծախվելու մասին՝ ծախվողները: Ինքներդ խոսում եք ձեր մասին:

 

Բայց կուզենայինք մեկ հարց տալ. ո՞վ պետք է պատվիրի 0,00... ձայն ունեցող թեկնածուին հարց տալը: Խնդրեմ, պարզաբանեք, ձեր ինչի՞ն պետք է նախանձեն, ո՞վ պետք է նախանձի: Ախր, դուրս եք մեր հետաքրքրությունների շրջանակից: Այնքան է հեշտացել անվանարկելը՝ պատվերի անվան տակ: Նույն տրամաբանությամբ` Ձե՞զ ով է պատվիրել, որ yerkir.am-ին մեղադրեք պատվեր կատարելու մեջ: Հասկանում ենք, բազմաթիվ են լրատվամիջոցները, որոնք ստեղծվել են այս կամ այն անձի, գործչի շահերը պաշտպանելու եւ, այդ շահերից ելնելով, մյուսներին վարկաբեկելու համար: Ամեն օր մենք տեսնում ենք մեր խմբագրության շուրջ որոշ լրատվամիջոցների ստեղծած բացասական ալիքը. վաղ առավոտից սպասում են հրապարակումներին, որպեսզի անմիջապես անցնեն հերքումների՝ անկախ նյութի բովանդակությունից, մեջբերումներ են անում կայքից՝ անունը գրելով ոչ ամբողջական, որպեսզի ընթերցողը չիմանա որ կայքի մասին է խոսքը եւ չկարողանա մուտք գործել կայք ու տեղեկանալ իրականությանը: 

 

Մեր կռիվը երբեք չի եղել լրատվամիջոցի հետ. շուն չենք կռվեցնում, չենք ուզում անլրջացնել մեր դերակատարությունը: Մենք ավելի կարեւոր գործ ունենք անելու: Մենք  փորձում ենք նպաստել մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը, պետության կայացմանը, պետական եւ տեղական ինստիտուտների ժողովրդավարացմանը՝  թե' քննադատական, թե' գովեստ պարունակող հրապարակումներով: Եթե չեք օգնում փնտրել խնդիրները եւ լուծման ուղիներ մատնանշել, մի' խանգարեք: Մեզ մի' մտցրեք դաշտ, որը մերը չէ, մի' ստիպեք աշխատել ձեր ոճով՝ դուրս գալով մարդկային եւ բարոյական սահմաններից:

 

Եվ ամենակարեւորը, մի' երեւակայեք ձեզ, դուք այն չեք, որ արժանի լինեք պատվերով հարձակման:

 

YERKIR. AM