Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Ալումյանը առաջին ատյանի դատարանում բողոքարկել էր քննիչի երեք որոշումները, որոնցով ինքնապաշտպանության հիմքով դադարեցվել էր քրեական հետապնդումը Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա թիկանապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ, սակայն դատարանը բողոքի քննությունը կասեցրել էր:
Նշենք, որ քննիչն առաջին ատյանի դատարան էր ներկայացրել գործի նյութերի մի մասը, ինչը, Ալումյանի կարծիքով, բավարար չէ, որպեսզի քննվի իր բողոքը: Այսօրվա դատական նիստում Ալումյանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանից պահանջում է քննիչին պարտավորեցնել` ամբողջությամբ տրամադրել քրեական գործի նյութերը: «Բոլորս էլ հասկանում ենք, որ մենք գործ ունենք մի գործի հետ, որտեղ բազմաթիվ խախտումներ են գրանցվում, որոնք եթե մեկ այլ գործում լինեին, դատարանը չէր հանդուրժի»,- հայտարարեց նա:
Փաստաբանի խոսքով` չի կարելի ինչ-որ մի ժամանակավոր հրահանգի կամ պահի տակ եկած պատվերի պատճառով աղավաղել օրենքն ու դատական ողջ պրակտիկան: Նա նշեց, որ իրենք դարձել են քննիչի քմահաճույքի պատանդը:
«Քննիչն այս գործն ավելի երկար է քննում, քան հոկտեմբերի 27-ի գործը»,- անդրադառնալով նախորդ տարի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քննվող գործին հայտարարեց Ալումյանը:
Բուդաղյանների գործով քննչական խմբի ղեկավար Ալեքսան Ղազարյանն էլ, իր հերթին, հայտնեց, որ իր կողմից առաջին ատյանում տրվել են բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը, որը, սակայն, ըստ նրա, օրենքով նախատեսված չէ:
«Մատնանշե’ք մի հոդված, որը կհիմնավորի, որ քննիչը պետք է նախաքննության ընթացքում տրամադրի քրեական գործի նյութերը, չգիտեմ` ինչու առաջին ատյանի դատարանը նման որոշում կայացրեց»,- ասաց նա:
Այսօր դատավարական կողմերը չհասցրեցին ամբողջությամբ հիմնավորել իրենց բողոքները, քանի որ դատական նիստերի դահլիճում նախապես նշանակված նիստ կար: Այսպիսով `Ալումյանի բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 7-ին: