կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-14 23:18
Հասարակություն

Բանակն իր խնդիրը կատարում է. Սեյրան Օհանյան

Բանակն իր խնդիրը կատարում է. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի՝ շաբաթվա սկզբին  բանակային զորամիավորումներ և կայազորներ մեկնարկած աշխատանքային այցերը շարունակվել են նաև հունվարի  14-ին. տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

 Այսօր՝ 1–ին և 4-րդ բանակային զորամիավորումներում կայացած ռազմական խորհրդի նիստերում  ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները։ Հաշվետու զեկույցներով ու ելույթներով հանդես են եկել  զորամիավորումների հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Զեկուցողները հաջորդաբար ներկայացրել են զորամիավորումների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը։

 Անդրադարձ է  եղել մարտական պատրաստության ուղղությամբ կազմակերպված միջոցառումներին, վարժանքներին ու տարաբնույթ զորավարժություններին, դաստիարակչական, կարգապահության ամրապնդմանն ուղղված խնդիրներին, միջաձնային հարաբերություններին, երբեմն արձանագրվող անցանկալի երևույթներին և այդ ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին: Զորամիավորումներում  շարունակվել են մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման կարևոր գործողություններ։ Երկու զորամիավորումներում էլ  2015 թվականի ընթացքում իրականացվել են ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի  Խաչատուրովը նշել են, որ այն դրական  դրսևորումները, որոնք արձանագրվել են  տարվա ընթացքում պետք է լինեն ուղենիշ, իսկ որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հետևողական աշխատանք է պահանջվում:

 Ամփոփելով ռազմական խորհրդի նիստերի արդյունքները, Սեյրան Օհանյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն անմիջականորեն առնչվում են բանակի մարտունակությանը։ Բանակն իր խնդիրը կատարում է՝ առաջին հերթին ամուր պահելով սահմանների անառիկությունն ու ապահովելով մեր ժողովրդի անվտանգությունը:

 Նիստերի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ որոշ թերացումներն ու բացթողումները վերացնելու համար, միաժամանակ նախանշել մի քանի ուղղություններ, որոնց հիման վրա պետք է աշխատանքներ տարվեն։

Ռազմական խորհրդի նիստերի ընթացքում մարտական պատրաստության բարձր մակարդակի և բարեխիղճ ծառայության համար մի շարք զինծառայողներ արժանացել են պարգևների։