կարևոր
3718 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 14:36
Քաղաքական

Հակառակորդը ավելի շուտ է ադապտացվում ցանկացած տեղանքի․ խնդիրը ՀՀ իշխանությունների ուշանալու և թերանալու մեջ է․ Սեյրան Օհանյան

Նոր զինծառայողը, նրա հրամանատարը, ցանկացած ստորաբաժանում, զորամաս կամ զորամիավորում խնդիր կատարելու համար պետք է ունենան համապատասխան հնարավորություններ, իսկ վերադաս հրամանատարությունը պետք է  ապահովվի խնդիր կատարումը զինծառայողների կողմից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այդ խնդրին մենք պետք է ավելի գլոբալ մոտենանք, որ որոշումներում, ռազմաքաղաքական իրավիճակների գնահատումներում ՀՀ իշխանությունները թերանում են և ուշանում են։ Երբ ասում ենք անհաջողությունների, հակառակորդի սադրանքների, առաջխաղացումների շարանը շարունակվում է, դա արդյունքն է նրա, որ հակառակորդը ավելի շուտ է ադապտացվում ցանկացած տեղանքի։ Նրանք ոչ մի ենթակառույց, իրենց հետևում ոչ մի բնակեցվաց կառույց չունեն, ավելի արագ են բարձրացել մեր ռազմավարական կետերը, բարձրունքները, հայտնվել մեր ճանապարհներին, իսկ մենք մեր հետևում ունենալով ենթակառույցներ, ճանապարհներ, մեր առջևում ունենալով մեր սահմանային բնակիչներին մենք չենք կարողացել մեր պետության շինարարական ինժիներական ամբողջ ներուժը օգտագործել, և արագ մեր զինծառայողներին ապահովվել ինժեներական անվտանգ կառույցներով։ Այստեղ խնդիրը միշտ ուշանալու մեջ է։ Առաջներում որոշումներ ընդունելու մեջ, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու մեջ երբևիցե թերացումներ չենք ունեցել։ Նույն տարբեր հատվածներում շատ բարձունքներ են եղել, որ ձմեռը ձյունածածկ լինելու պատճառով այնտեղ հերթապահություն չենք իրականացրել, բայց երբևիցե չի եղել, որ ձնհալքից հետո մենք առաջինը չբարձրանանք մեր դիրքերը։ Յուրաքանչյուր գործողություն, մանավանդ ռազմական ուղղությամբ ամեն վայրկյան ստարտի վրա պետք է կանգնած լինես, որպեսզի կարողանաս քո առջև դրված խնդիրները իրականացնես»,- ասաց նա։