Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016-ի առանձնահատկությունն այն է, որ նախընտրական տարին է լինելու` քաղաքական կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերն ու հավակնությունները` 2017-ին խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորի խոսքով` փետրվարից սկսվելու են ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ քննարկումները: «Միանգամից ասեմ, որ որևէ նախագիծ ընտրական օրենսգրքի վերաբերյալ այս պահին դեռ չկա: Ընդամենը մոտեցումներ կան 4 հիմնական ուղղությունների վերաբերյալ: Առաջինը` ընտրությունների թափանցիկության վերաբերյալ` էլեկտրոնային քվեարկության միջոցով, որտեղ կարևորվում է ծրագրային անվտանգության ապահովումը, որպեսզի որևէ մարդկային միջամտություն չլինի քվեարկությանը: Երկրորդը` ընդհանուր ընտրական համակարգի վերաբերյալ մոտեցումն է` սկսած ընտրական հանձնաժողովների ձևավորումից մինչև վստահված անձինք, դիտորդներ, քվեաթերթիկների ամփոփում և այլն: Երրորդ մոտեցումը վարկանիշային քվեարկությունն է և ընտրատարածքների ձևավորման առանձնահատկությունը: Եվ չորրորդ հիմնական մոտեցումը ապագա կոալիցիայի ձևավորման սկզբունքներն են, թե ի՞նչ պարագայում, ի՞նչ սկզբունքներով պետք է ձևավորվի կոալիցիան, որպեսզի կայուն մեծամասնության ռիսկերը նախօրոք հնարավոր լինի գնահատել»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա` ԲՀԿ-ն, բնականաբար, ակնկալում է, որ կհայտնվի խորհրդարանում` որպես երկրորդ քաղաքական ուժ: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ արտախորհրդարանական նորահայտ քաղաքական ուժերը չեն հայտնվի հաջորդ ընտրություններին խորհրդարանում, թեև արդեն հավակնություններ են ներկայացնում:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կդառնա մինչև 2017-ը, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ կոալիցիայի հավանականությունը փոքր է, սակայն չբացառեց ինչ-որ համագործակցություն:
«ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններին ասել են «այո»: ԲՀԿ-ն բյուջեին կողմ է քվեարկել: Իհարկե, մենք ընդդիմություն ենք և ասում ենք, որ մենք «հրաժարական» գոռացող ընդդիմություն չենք, բայց այս ամենը չի նշանակում, որ մենք կոալիցիայի մեջ պետք է լինենք: Ի՞նչ եք կարծում, կուսակցությունները կցանկանա՞ն վերցնել պատասխանատվություն կառավարության գործունեության ծանր տնտեսական տարվա համար ու մտնել կոալիցիա: Այս պահին կոալիցիայի խնդիր չկա, եթե մենք հաճախակի հանդիպումներ ենք ունենում վարչապետի հետ, տնտեսական հարցեր ենք քննարկում, դա չի նշանակում, որ վաղը կոալիցիա ենք կազմելու»,- ասաց պատամավորը` հավելելով, որ պետք է սպասել նոր ընտրական օրենսգրքի ընդունմանը: