Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, իհարկե, կթուլացնեն Իրանը, բայց երկրի ղեկավարությունը չի հրաժարվելու իր ծրագրերից. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը` նշելով, որ իրանցիները սովոր են պատժամիջոցների:
Հիշեցրեց` 40 տարի շարունակ Իրանը եղել է պատժամիջոցների ներքո, ավելին` ավելի վատ պատժամիջոցներ են եղել և ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության կողմից: Եվ, չնայած այդ ամենին, Իրանը կարողացել է զարգացնել տնտեսությունը, հրթիռներ արտադրել և այլն:
«Պատժամիջոցների տակ գտնվելով` Իրանի ղեկավարությունը վերջերս բարձրացրել է պետական աշխատակիցների աշխատավարձը, ինչը, անխոս, թեթևացրել է մարդկանց սոցիալական բեռը»,- ընդգծեց Վարդանյանը:
Լրագրողներից մեկի հարցին` հնարավո՞ր է, որ եթե ԱՄՆ-ը որոշի ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, դրանք ներառեն Իրանի՝ Հայաստանին սահմանակից հատվածը, արձագանքեց ասուլիսի մյուս բանախոսը` Գարիկ Միսակյանը: «Դա քիչ հավանական է: Հայ-իրանական սահմանին հարված հասցնելը կարող է լինել միայն լայնամասշտաբ գործողությունների ժամանակ»,- ասաց նա:
Իրանագետը վստահեցրեց նաև, որ տարածաշրջանում Իրանի դիրքերի ամրապնդման գործոններից մեկը մշակութայինն է: Բացատրեց` լինելով շիա հավատքի ու բոլոր շիաների առաջնորդ պետություն` Իրանն աջակցություն ունի Մերձավոր Արևելքի այն հայտվածներում, որտեղ շիա բնակչություն կա:
«ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում Իրանը կարող է օգտագործել իր հավատացյալներին, որ բավական մեծ թիվ են կազմում Սաուդյան Արաբիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում»,- հավելեց Միսակյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ հուլիսին նախատեսվում է Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում Թուրքիա, և ԱՄՆ-ն արդեն սպառնում է Թուրքիային պատժամիջոցներով, և հարցին` այս ամենն ի՞նչ իրավիճակ կարող է ստեղծել տարածաշրջանում, Ահարոն Վարդանյանը պատասխանեց, որ վերջերս որոշ հարցերի շուրջ Էրդողանն ու Թրամփն ինչ-ինչ համաձայնության են եկել:
«Արևելքն, ինչպես միշտ, գտնվում է քաոսային վիճակում, ու տեսնելով, թե ինչ է կատարվում այդ տարածաշրջանում, կարող ենք ասել, որ Իրանը զսպողի դեր է կատարում: Եթե այս հատվածում հանկարծ կայուն իրավիճակ չլինի, ապա պատկերացնո՞ւմ եք` ինչ կարող է կատարվել ոչ միայն տարածաշրջանում, այլև, առհասարակ աշխարհում: Իրանի խորհրդարանի պատգամավորներից մեկը վերջերս ասել էր, որ պատերազմի դեպքում Իրանը կես ժամում կվերացնի Իսրայելն ու Մերձավոր Արևելքում տեղակայացված ու իր դիտակետում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները»,- մեկնաբանեց իրանագետը:
Մեր հարցին պատասխանեց նաև Գարիկ Միսակյանը` նշելով, որ Մերձավոր Արևելքի` անկանխատեսելի աշխարհաքաղաքական տարածք լինելու հանգամանքը գուցե նաև ստիպեց Թրամփին վերանայել ավիահարվածներ հասցնելու նախնական որոշումը:
«Անկանխատեսելի է, թե ավիահարվածների դեպքում ինչ կարող էր լինել, որովհետև Իրանն իր արբանյակներն ունի թե՛ Իսրայելի, թե՛ Սաուդյան Արաբիայի, թե՛ Բահրեյնի, թե՛ Իրաքի մոտ: Եթե լայնածավալ պատերազմ սկսվի Իրանի հետ, այդ երկիրը, այլ ելք չունենալով, կարող է քաոսային վիճակի վերածել տարածաշրջանը»,- ընդգծեց Միսակյանը: