Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հետ զրույցում 2015 թվականն ամփոփում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
-Ի՞նչն էր պակասում 2015-ին:
-Անկեղծությունը:
-Ի՞նչն էր ավելորդ 2015-ին:
- Անհարկի պաթոսը, իրականությունը թողած` երևակայական աշխատանք, արդյունքներ, նվաճումներ ցույց տալու միտումը:
-Տարվա «հանցագործությունը»:
-Պեչենիի գողությունը:
-Իրավական ոլորտում տարվա հայտնությունը:
-Կարծում եմ` հայտնություն կարելի է համարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատանքում նկատվող դրական փոփոխությունները: Որոշ դատավորների անձով պայմանավորված` առաջընթացը միտում ունի առաջ մղել այդ դատական ատյանը` ամբողջությամբ: Թեև հարկ է փաստել, որ վերաքննիչում իրականացվող էվոլյուցիոն փոփոխություններին արդեն կարելի է առավել արագ՝ հեղափոխական շունչ հաղորդել:
-Տարվա ամենածանր քրեական գործը:
- Ցավով պետք է նշեմ, որ Գյումրու ոճրագործության կապակցությամբ հարուցված քրեական գործն է: Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով հարուցված քրեական գործի նյութերին ծանոթանալը, հավանաբար, իմ փաստաբանական գործունեության ընթացքում ամենածանր փորձություններից էր, երբ խիստ դժվար է, հույզերը մի կողմ դրած, կենտրոնանալ փաստերի վրա:
- Տարվա ամենազավեշտալի քրեական գործը:
- Անկեղծ ասած` կա նման մի գործ մեր գրասենյակի վարույթում, բայց այդ զավեշտին հավանաբար կանդրադառնանք հաջորդ տարի, քանի որ նշված քրեական գործը համառորեն «դեգերում» է նախաքննական մարմնի ու դատախազության միջև ու ոչ մի կերպ չի ցանկանում հայտնվել դատարանում:
-Տարվա «բացահայտումը»:
-Մանդարինի «օպերացիան»:
-Տարվա ամենամեծ հաղթանակը:
- Կարծում եմ` չարժե կանգ առնել ու տարվա կտրվածքով հաղթանակ փնտրել: Առավել կարևոր է առաջ նայել ու աշխատել, իսկ հաղթանակներն ու պարտություններն ավելի հանգիստ պայմաններում գնահատելու ժամանակը դեռ կգա:
-Ի՞նչ զավեշտալի դրվագ կհիշեք 2015-ի դատական նիստերից:
-Մարզերից մեկում դատական նիստի էինք մասնակցում: Վկան ընդգծված բարբառով էր ցուցմունք տալիս, նույնիսկ համերկրացի դատավորն անընդհատ թարգմանում էր ասածները պաշտպանի ու դատախազի համար: Սակայն, մի պահ հոգնելով, դատավորն էլ անցավ բարբառի ու մոտ 5 րոպե հարցաքննություն էր իրականացնում, որի ընթացքում ես ու դատախազը «խուճապահար» միմյանց էինք նայում` չհասկանալով, թե ցուցմունքն, ի վերջո, մեղադրանքի օգտի՞ն է, թե՞ պաշտպանության: