Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է դեկտեմբերի 14-15-ը Երեւանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը:
Գիտաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրից Հայաստան ժամանած բազմաթիվ գիտնականներ, այդ թվում` ցեղասպանագիտության ճանաչված հեղինակություններ:Գիտաժողովին մասնակցում է նաեւ դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուին (Արգենտինա), ով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել էր Մխիթար Գոշի մեդալով: Այսօր հանրապետության ղեկավարը պարոն Դեսպուիին է հանձնել պետական բարձր պարգեւը:
«Այս պարգեւը Ձեզ հանձնելը եղել է մեր ժողովրդի ցանկությունը, եւ ես կատարել եմ այն: Մենք երախտապարտ ենք Ձեզ, Ձեր պետությանն ու ժողովրդին` մեր ցավը հասկանալու, ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների համար Արգենտինայում ապրելու եւ արարելու բարենպաստ պայմաններ ապահովելու համար»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Դոկտոր Լեանդրո Դեսպուին շնորհակալություն հայտնելով պարգեւի համար` ընդգծել է, որ կիսելով հայ ժողովրդի ցավն ու անընդունելի համարելով ժխտողականությունը, որոշել էր պայքարել արդարության ու ճշմարտության համար եւ տարիներ ի վեր զբաղված է այդ կարեւորագույն խնդրով:
«Սիրով եմ մասնակցում Հայաստանում անցկացվող մեծ նշանակություն ունեցող այս միջոցառմանը: Ժխտողականության դեմ պայքարի ճանապարհին բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք եւ ինձ այստեղ բերեցին»,-ասել է Լեանդրո Դեսպուին:
Միջազգային գիտաժողովում նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Հարգարժա՛ն մասնակիցներ,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ողջունում եմ այս գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում Երեւան ժամանած արտասահմանյան գիտնականներին, ովքեր ընդունել են մեր հրավերը ցեղասպանության հանցագործության, դրա դատապարտման, կանխարգելման եւ հետեւանքների վերացման հարցերին վերաբերող գիտական քննարկումներ անցկացնելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար:
Այսօր, առավել քան երբեւէ, ցեղասպանությունների կանխարգելման համար լուրջ նախաձեռնություններ իրականացնելու եւ գործուն մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Եվ այսօր, առավել քան երբեւէ, ակնհայտ է, որ նախկինում իրագործված ցեղասպանությունների համար քաղաքական տարբեր վարչակազմերի ու պետությունների անպատիժ մնալու, միջազգային հանրության կողմից չդատապարտվելու, կանխարգելման համապատասխան եւ համարժեք մեխանիզմների բացակայության կամ անկատարության հանգամանքները հանգեցրել են նրան, որ մարդկությունը, ի թիվս այլ լրջագույն մարտահրավերների, դեռեւս բախվում է նոր ցեղասպանությունների իրականացման սպառնալիքի հետ:
Հայոց ցեղասպանության դառը դասերը, մարդկության պատմության ու հիշողության մեջ չմնացին որպես անցյալի լոկ հուշեր. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի սարսափները, Ռուանդայի, Դարֆուրի եւ բազմաթիվ այլ ողբերգություններ: Ցավոք, ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռեւս շարունակում են տեղ գտնել աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու կարճատես պատեհապաշտությունը հաճախ գերակշռում են առողջ, խելամիտ որոշումների ընդունման ու քայլերի իրականացման ընթացքում:
Ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանը, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն առնչվող խնդիրները պետք է ընդգրկվեն միջազգային հանրության քննարկման օրակարգում: Այս չարիքի դեմ քաղաքակիրթ մարդկությունը պետք է դրսեւորի մեկ միասնական ճակատով գործելու ունակություն:
Երեւանյան գիտաժողովի անցկացման համար պատահական չեն ընտրվել ո՛չ վայրը եւ ո՛չ էլ` խորագիրը: Ճիշտ է, Հայոց ցեղասպանությունը ժամանակագրորեն տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասինե կոնվենցիայի ընդունումից մի քանի տասնամյակ առաջ, սակայն դրա միջազգային` այդ թվում իրավական ու բարոյական արձագանքները հիմք հանդիսացան, որպեսզի դրանց վրա խարսխվեր ՄԱԿ-ի վերոնշյալ կոնվենցիայի մշակումն ու ընդունումը:
Ռաֆայել Լեմկինն այս առիթով նշում էր. «Մինչ այժմ կառավարությունն իր քաղաքացիների հետ կարող էր վարվել այնպես, ինչպես կցանկանար: Մուսուլմաններն ու հրեաները, հայերն ու սլավոնները, հույներն ու ռուսները, Աֆրիկայի թխամաշկ հերերոները եւ սպիտակամաշկ լեհերը միլիոններով եւ հարյուր հազարներով զոհվեցին այս հանցագործությունից: Աշխարհը որոշեց, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքին համապատասխան հանցագործություն է, եւ որ պայմանագիրը պետք է ստորագրվի անդամ երկրների կողմից` կանխարգելելու եւ պատժելու այս «հանցագործությունների հանցագործությունը»:
Այսօր մենք բախվում ենք նաեւ մեկ այլ երեւույթի եւս. պաշտոնական պատմագրության կողմից գիտականորեն ապացուցված եւ միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի արժանացած պատմական փաստերը վերանայելուն միտված քայլերին զուգընթաց որոշ պետություններ փորձում են արհեստականորեն ստեղծել «սեփական ցեղասպանության» պատմություններ: Նմանատիպ շինծու մոտեցումները ցեղասպանության հանցագործության հստակ ձեւակերպված իրավական հիմքերի պարզունակ տարամեկնաբանություններ են: Չանդրադառնալով նման երեւույթի առաջացման տարբեր դրդապատճառներին` միայն մեկ բան կցանկանայի նշել. սեփական ժողովրդին, այսպես ասած, «ցեղասպանությամբ օժտելըե ո՛չ հայրենասիրություն է եւ ո՛չ էլ` դիվանագիտություն:
Պատմության եւ պատմական փաստերի վերախմբագրումներ իրականացնողները կարծում են, թե կարող են մարդկությանը պարտադրել իրենց խեղված եւ մտացածին պատմությունը: Կոծկել սեփական մեղքը եւ կատարած հանցագործությունը նշանակում է կատարել նոր հանցագործություն: Ավելին, այս ցինիզմը գալիս է ապացուցելու, որ ոմանք իսկապես չեն ըմբռնում կամ չեն ուզում հասկանալ այն ահավոր գինը, որը մարդկությունը վճարել եւ դեռեւս շարունակում է վճարել:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ցեղասպանությունների սկզբնակետն անհանդուրժողականությունն ու այլատ-յացությունն է: Ավելին, ինչ-ինչ պատճառներով պետական մակարդակով նման քաղաքականության որդեգրումը եւ անհանդուրժողականության ու այլատյացության քարոզումը, այդ թվում նաեւ քաղաքական էլիտայի առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ եւ ուղղորդմամբ, իրական վտանգ են ստեղծում ու պարարտ հող նախապատրաստում նոր դժբախտությունների ու ցեղասպանական գործողությունների համար:
Հայ ժողովուրդը բարձր է գնահատում գիտական շիտակության ու անվերապահության ձիրքով օժտված գիտնականների վաստակն ու կա¬տարած աշխատանքը, որի արդյունքում 20-րդ դարի սկզբին հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունն ստացել է իր գիտական լիակատար հիմնավորումն ու ապացույցը: Այս գործում իր անգնահատելի դերն ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որն այս տարի արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին:
Մեծապես կարեւորելով ցեղասպանության հանցագործության հարցերին նվիրված գիտաժողովի անցկացումը` վստահ եմ, որ այն կարող է օգտակար լինել այդ հանցագործության կանխարգելմանն ուղղված քաղաքական որոշումների կայացման ու քաղաքական կամքի դրսեւորման գործում: Այս միջոցառումը կարեւոր է նաեւ ցեղասպանությունների հետեւանքների վերացման համար հստակ մոտեցումներ եւ հայեցակարգային փաստաթղթեր մշակելու համատեքստում:
Մեծ Եղեռնը յուրաքանչյուր հայ ընտանիքի դուռը թակած անհատական եւ մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու հիշողությունը: Եվ մենք վստահ ենք, որ ճանաչումից դեպի ներողամտություն, արդարությունից` խաղաղություն տանող հաշտության ուղին, հանդուրժողականությունն ու համակեցությունը այլընտրանք չունեն:
Մեծ Եղեռնի մոտալուտ հարյուրամյա տարելիցի նախաշեմին, խոնարհվելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջեւ, մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, շարունակելու ենք հնչեցնել բոլորին ուղղված մեր ուղերձն ու ահազանգը. հանուն ողջ մարդկության եւ քաղաքակիրթ աշխարհի, մենք պարտավոր ենք զերծ պահել մեր մոլորակը նման համամարդկային աղետներից:
Եկեք միասի՛ն կերտենք մեր նոր պատմությունն ու համատեղ ապագան:
Մաղթում եմ ձեզ արգասավոր աշխատանք:
Շնորհակալությունե: