Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփեց տարին: Նա նախ նշեց, որ Սևանա լճում ավելացել են ձկան պաշարները: Բայց միաժամանակ լուրջ մտահոգություն հայտնեց, որ կատարվում է սիգ ձկնատեսակի որսագողություն:
«Մենք տեսնում ենք, որ փողոցներում վաճառվում է սիգ տեսակի ձուկ, որի որսն արգելված է, այն էլ` այս ժամանակահատվածում: Ցավով եմ ասում, որ ձկնագողության երևույթը կա»,- ասաց նախարարը` կարևորելով որսագողության դեմ պայքարում նաև լրատվամիջոցների դերը:
Լրագրողների հարցին, որ ինչպե՞ս կարող են լրատվամիջոցները դրա դեմ պայքարել, եթե ձկնագողությունը սոցիալական հարց է լուծում, բացի այդ` բնակչության շրջանում կա սիգի պահանջարկ, նախարարը պատասխանեց, որ ինքը նկատի չունի, որ լրագրողները ողջ օրը դրանով զբաղված լինեն և նկարահանեն որսագողերին կամ վերավաճառողներին, պարզապես պետք է ցույց տալ որսագողության պատկերը, որ որսագողերն ու վերավաճառողները մի քիչ ամաչեն:
Նախարարի խոսքով` բնապահպանության նախարարության տեսչությունն անում է ամեն ինչ, որ որսագողությունը կանխարգելվի, նման դեպքերում առգրավվում է ձկան ամբողջ քանակը և ուղարկվում ծերանոցներ կամ մանկատներ, սակայն սիգ ձկնատեսակի գողությունը շարունակվում է:
«Եթե ազգովի պայքարենք այդ երևույթի դեմ, հստակ ասում եմ, որ եթե կարողանանք ընդամենը 2 տարով փակել Սևանա լիճը, որ որսագողություն չլինի, ապա 2 տարի անց մենք կարող ենք խոսել սիգ ձկան արդյունագործական որսի մասին»,- վստահեցրեց նախարարը` հավելելով. «Մենք գիտենք որ կա սոցիալական խնդիր, բայց նաև գիտենք, որ եթե չպաշտպանենք Սևանա լճի պաշարների խնդիրը, ապա չենք կարող վաղը խոսել արդյունագործական որսի մասին: Պարզապես եթե մենք հիմա թույլ չտանք, որ մի քանի հոգի որսագողություն անեն, ապագայում հնարավորություն կտանք ողջ հանրապետությանը որս անել Սևանից` ազատորեն ու օրինական ճանապարհով»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:
Լրագրողները հարցրեցին, թե ինչո՞ւ բնապահպանության նախարարությանը չի հաջողվում պայքարել որսագողության դեմ` ունենալով տեսչություն և ոստիկանության ռեսուրսը: Նախարարըլ պատասխանեց. «Մենք բաց ունենք, մենք մեր ունեցած հնարավորություններն օգտագործում ենք, բայց խնդիրն այն է, որ այսօրվա վիճակով մեր աշխատակիցները շատ չեն, ռեսուրները մեծ չեն, բայց միայն ոստիկանական մեթոդներով դրա դեմն առնել չենք կարող: Կա պահանջարկ, և այդ գողություն կա»: