կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-12 11:43
Հասարակություն

Սևանա լճում սիգի պաշարի գիտական վերագնահատումից հետո կքննարկվի արդյունագործական ձկնորսության թույլտվության հարցը

Սևանա լճում սիգի պաշարի գիտական վերագնահատումից հետո կքննարկվի արդյունագործական ձկնորսության թույլտվության հարցը

Ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ:

Քննարկվել են դեկտեմբերի 20-ից մեկնարկած Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող համատեղ հատուկ միջոցառումների արդյունքներն ու խնդիրները:

Թեև նշված կառույցներն արդեն տևական ժամանակ է պայքար են մղում ձկնատեսակի որսի, տեղափոխման ու վաճառքի դեմ, սակայն դեռ կան էական բացթողումներ:

Կողմերը կարևորել են  համագործակցությունն առավել սերտացնելու անհրաժեշտությունը: 

Քննարկվել են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող համատեղ հատուկ միջոցառումներին նոր թափ հաղորդելու և ծառայությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ հարցեր:

Կառույցների ղեկավարները միակարծիք են եղել, որ Սևանա լիճը մեր երկրի ազգային հարստությունն է, և իրականացվող միջոցառումներն ուղղված են ոչ միայն ձկնատեսակի պահպանմանը, այլև էկո և պարենային անվտանգության ապահովմանը:

Որոշվել է շարունակել Սևանա լճում ձկնորսների դրած բոլոր ցանցերի դուրսբերումը, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բացառելու լողամիջոցների ու որսագործիքների մուտքը լիճ, ուժեղացնել ծառայությունը Սևանա լճի հարակից տարածքում տեղակայված պահակետերում ու հայտնաբերել հանրապետության բնակավայրերում սիգի վաճառքի դեպքերը:

Միջոցառումներից և Սևանա լճում սիգ ձկնատեսակի պաշարի գիտական վերագնահատումից հետո, ձկան բավարար քանակների հաստատման դեպքում, կքննարկվի արդյունագործական ձկնորսության թույլտվության հարցը: