կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-19 13:31
Հասարակություն

Առաջ գնացող մարդու համար ամենևին էլ կարևոր չէ` հետևից ինչ են խոսում. Աշոտյան

Առաջ գնացող մարդու համար ամենևին էլ կարևոր չէ` հետևից ինչ են խոսում. Աշոտյան

2015-ը մեծ աշխատանքի, կրթական համակարգի աննախադեպ միջազգայնացման տարի էր. տարեվերջյան իր ամփոփիչ ասուլիսում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ ԿԳ ոլորտում երեք ամենախոշոր ձեռքբերումներն էին միջազգայնացման ամենաբարձր մակարդակը, մեր աշակերտների կողմից նվաճած օլիմպիական մեդալների քանակը /20 մեդալ/ և բուհական համակարգի ամրապնդումը:

«Ամենախոշոր ձեռքբերումներից էր կրթական համակարգի` բոլոր տարիների ընթացքում ամենաբարձր միջազգայնացման մակարդակը, որն արձանագրեցինք ընթացիկ տարում: Իհարկե, ձեռքբերումների շարքը դասում ենք նաև մեր աշակերտների կողմից նվաճած օլիմպիական մեդալների աննախադեպ քանակը` յուրահատուկ ազգային ռեկորդը: Բացի այդ` վերագործարկվեցին մի շարք նոր բուհեր, մասնավորապես՝ Մոսկվայի  Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը, տեղի ունեցավ Շուշիում ագրարային համալսարանի բացումը»,-ասաց Աշոտյանը:

Նախարարը, անդրադառնալով հանրակրթական ոլորտի ձեռքբերումներին, նշեց, որ 2015-ին պատրաստել են միջազգային կրթական նոր ծրագիր, որը միտված է ավագ դպրոցներում միկրոէլեկտրոնիկա, տեղեկատվական անվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկաների դասավանդմանը: Հանրակրթական հինգ ավագ դպրոցներում պիլոտային ծրագրով ներդրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդումը. 2016-ին ծրագրում կընդգրկվի ևս 10 դպրոց:

Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ, ծրագրի հետ կապված, հայտ է ներկայացրել լոնդոնյան գլոբալ ֆորումին՝ ներկայացնելու ծրագիրը, և զեկույցը ընդգրկվել է որպես հայկական փորձի փոխանակում:

«Բացի այդ` շարունակվել է «Ազգային երգ ու պար» առարկայի ընդլայնումը, որը մեկնարկել էր որպես պիլոտային ծրագիր. մենք այն նաև 6-րդ դասարանում ենք հիմա ուսուցանում: Տարվա ընթացքում 7000 ուսուցիչ է ատեստավորվել, տարակարգեր ստացել»,- ասաց նա:

Խոսելով բուհական համակարգում արձանագրված հաջողությունների մասին` Աշոտյանը նշեց, որ կրթության մատչելիության ապահովման համար «Փարոսի» շրջանակներում 1500 ուսանող պետությունից ուսման վարձերի 50-100 տոկոս փոխհատուցում ստացավ:

«Ընդունվել է մասնագիտությունների նոր ցանկ, 18 բուհ ստացել է որակավորման հավաստագիր, և բոլոր այն բուհերում, որոնք մինչև 2018-ը չեն ստանա այդ հավաստագիրը, ուսանողների համար պետական պատվերով հաստատված տեղեր չեն սահմանվի: Առաջին անգամ ունեցանք եվրոպական հավատարմագիր ունեցող համալսարան՝ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, որը ստացավ ֆրանս-իսպանական հավատարմագիր, իսկ սա նշանակում է դիպլոմների ճանաչում այդ տարածքում: Մասնագիտական կրթության ոլորտում չհավատարմագրված բուհերի ուսանողները վերահանձնեցին քննություններ, և ոմանց հաջողվեց ստանալ պետական նմուշի դիպլոմ»,- ասաց Աշոտյանը:

Նա կարևորեց Հայաստանում Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի անցկացումը, որը ցույց տվեց Հայաստանի ունեցած ներուժը կրթական ոլորտում: Այնպիսի մեծ հաջողություն, ինչպիսին արձանագրեց այդ համաժողովը, ըստ նախարարի, պետք է շարունակական լինի:

2015-ին 16 բուհերից 5-ը դարձան հիմնադրամներ, իսկ գալիք տարվա ընթացքում 3-4 բուհ նույնպես կդառնան հիմնադրամներ. ըստ Աշոտյանի` բուհերն իրենք էլ պետք է պատրաստ լինեն այս գործընթացին:

«Կարևոր էր նաև «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որը ներկայումս հանրային քննարկման փուլում է: Հույս ունեմ, որ մինչև 2016-ի մայիսը ծրագիրը հավանության կարժանանա ԱԺ-ում, քանի որ այն պետք է ուղենիշ դառնա գալիք տասը տարվա կրթության զարգացման հեռանկարի համար: Կարևոր էին նաև հայագիտության բնագավառում կատարված աշխատանքները, քանի որ այս տարի Վենետիկի և ռումինական բուհերից մեկում հայագիտական ամբիոն հիմնադրվեց»,- ասաց Աշոտյանը:

Ամփոփելով տարվա ընթացքում արվածը` նախարարը նշեց, որ առաջ գնացող մարդու համար ամենևին էլ կարևոր չէ, թե հետևից ինչ են խոսում: «Մենք ամենաբաց գերատեսչություններից մեկն ենք, և ես կարծում եմ, որ կրթական բարեփոխումների ընթացքն անհնար է պատկերացնել առանց հանրության հետ համագործակցության: Ես տեսնում եմ փոփոխություն, բայց փոփոխության ծավալներն ինձ չեն բավարարում: Ցավոք, կան դպրոցներից դուրս մնացած երեխաներ, և նրանք դուրս են մնում սոցիալական պայմանների պատճառով»,- ասաց Աշոտյանը: