կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-12 12:53
Քաղաքական

Սաուդյան Արաբիան փորձում է զսպել Իրանի` առաջ գնացող քաղաքականությունը. արաբագետ

Սաուդյան Արաբիան փորձում է զսպել Իրանի` առաջ գնացող քաղաքականությունը. արաբագետ

Արաբագետ Անուշ Փաշայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին: Նա խոսեց հունվարի վերջին, Սիրիայի ճգնաժամի կարգավորմամբ պայմանավորված, Ժնևում սպասվող բանակցությունների, Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների սրման, տարածաշրջանի երկրների վրա դրա ազդեցության մասին:

Արաբագետի խոսքով`Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև ճգնաժամն ամենևին էլ նոր լարվածություն չէ: «Հարաբերությունների նոր սրումը սկսվեց Արաբական գարնան դեպքերին զուգահեռ: Նույն սիրական պատերազմն ինչ-որ իմաստով Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների արտացոլանքն է: Իրանը ցանկանում էր պահել Բաշար Ասադի վարչակարգը, իսկ Սաուդյան Արաբիան հակառակն էր ուզում անել: Նոր սրման պատճառները կրում են ներքին և արտաքին բնույթ: Սաուդյան Արաբիայում իշխանության են եկել նոր ուժեր: Մի քանի տարի է Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ փորձում է հակազդել Իրանի և վեցյակի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վրա»,- ասաց Փաշայանը` հավելելով, որ Սաուդյան Արաբիան փորձում է զսպել Իրանի` առաջ գնացող քաղաքականությունը տարածաշրջանում:

Արաբագետի բնորոշմամբ` Իրանը փորձում է օգտագործել շիական գործոնը: Խոսելով առաջիկա զարգացումների մասին` Փաշայանը նշեց, որ անմիջական բախումներ չեն լինի, բայց այս երկկողմ լարվածությունը վկայում է, որ սիրիական ճգնաժամի հաղթահարման գործընթացը կդառնա ավելի մշուշուտ:

«Սիրական ճգնաժամի մեջ, որպես հակառակորդներ, ներգրավված են Սաուդյան Արաբիան և Իրանը: Շատ դժվար է լինելու հասնել համաձայնության այնպիսի փուլում, ինչպիսին այսօր է: Մերձավոր Արևելքի որոշ երկրներ կորցրել են իրենց ինքնիշխանությունը, որոշ երկրներ շատ փխրուն քաղաքականություն ունեն: Այս փուլում խոսել ռեալ խաղաղության, առաջընթացի, հակամարտությունների կարգավորման մասին, կարծում եմ, որ ինչ-որ իմաստով վիճարկելի է»,- ասաց նա և ընդգծեց. «Այս հակամարտության ֆոնին ավելի է խորանում սուննի-շիա հակամարտությունը: Նույն շիա համայնքները արաբական Մերձավոր Արևելքում հետագայում կարող են հալածանքների ենթարկվել: Սիրական հակամարտության մեջ ներգրավված են տարբեր ուժեր»: