կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 22:00
Քաղաքական

Կարեւոր չէ, թե ինչ է սահմանում օրենքը, կարեւոր է, թե ինչ է ասում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. իրավաբան

Կարեւոր չէ, թե ինչ է սահմանում օրենքը, կարեւոր է, թե ինչ է ասում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

«Կարեւոր չէ, թե ինչ է սահմանում օրենքը, կարեւոր է, թե ինչ է ասում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

Այո, որքան էլ տարակուսելի լինի, բայց վերոգրյալ մտքի հեղինակը հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է։ Քանի որ հայտարարագրերի ներկայացման երկարաձգված ժամկետը վերջապես ավարտվել է, հակակոռուպցիոն այս մարմինն սկսել է «բերքահավաքը»։ Եթե նորաստեղծ մարմինը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի նախկին հանձնաժողովից ժառանգել է մեծ «հարստություն» եւ որոշ մասով իր աշխատանքը հիմնում է նախկին փորձի վրա, ապա օրենքի նոր կարգավորման մասով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, մեղմ ասած, ոտաբոբիկ է։

Ինչպես գիտեք, այս տարվանից նախարարների խորհրդական, օգնական եւ մամուլի խոսնակները համալրել են հայտարարատու պաշտոնատար անձանց շարքերը եւ օրենքով ունեն պարտավորություն` հայտարարգրելու իրենց գույքն ու եկամուտը։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք (օր․նախարարների խորհրդական, օգնական եւ մամուլի խոսնակները) օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի եւ եկամուտների հայտարարագիր: Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաեւ` տարեկան հայտարարագրեր։

Նույն օրենքի 54-րդ հոդվածի համաձայն՝ նախարարների խորհրդական, օգնական եւ մամուլի խոսնակների՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը ծագում է 2020 թվականի հունվարի 1-ից: Սա նշանակում է, որ թվարկածս պաշտոնյաները եւ, առհասարակ, պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք հայտարարատու պաշտոնատար անձ են դառնում այս տարվանից, ինչն էլ իր հերթին ակնհայտ է դարձնում այն, որ 2019-ին նրանք հայտարարտու պաշտոնատար անձ չեն եղել եւ, բնականաբար, 2020 թվականին գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարգիր չեն կարող ներկայացնել, ավելին՝ չունեն այն ներկայացնելու պարտավորություն։

Ըստ օրենքի` վերոնշյալ պաշտոնատար անձինք մինչեւ սույն թվականի մայիսի 31-ը կոռուպցիայի կանխարգեման հանձնաժողով պետք է ներկայացնեին ոչ թե գույքի եւ եկամուտների տարեկան, այլ պաշտոնը ստանձնելու դրությամբ հայտարարագիր։

Հանձնաժողովը այդ պաշտոնյաների գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր պահանջելու իրավունք ունի միայն 2021 թվականին՝ 2020-ի թվականի դրությամբ գույքի եւ եկամուտների մասով։

Բայց ըստ հանձնաժողովի տրամաբանության՝ ստացվում է, որ, օրինակ, նախարարների խորհրդական, օգնական եւ մամուլի խոսնակները պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի եւ եկամուտների հայտարարգիր չպետք է ներկայացնեն, որովհետեւ նրանք որոշել են, որ այդ պաշտոնյաները միանգամից ներկայացնելու են տարեկան հայտարարագիրը։ Հանձնաժողովի այս տրամաբանությունը, բնականաբար, որեւէ կերպ աղերս չունի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի տրամաբանության հետ, ավելին՝ կոպտորեն խախտում է այն։

Ցավում եմ իհարկե այդ պաշտոնյաների համար, որովհետեւ մոտ ապագայում նրանք ստիպված են լինելու վերստին անցնել հայտարարագիր ներկայացնելու տաժանագիր ուղին, բայց այս անգամ օրենքի տառին համապատասխան՝ պաշտոնը ստանձնելու դրության մասով»։