կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-16 12:56
Հասարակություն

Եթե պայմաններ չապահովեն՝ կբոյկոտենք. Գյումրիում մեկնարկեց Ավետիսյանների հարազատների բողոքի ակցիան

Եթե պայմաններ չապահովեն՝ կբոյկոտենք. Գյումրիում մեկնարկեց Ավետիսյանների հարազատների բողոքի ակցիան

Գյումրիի կենտրոնական հրապարակում մեկնարկեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների հարազատների բողոքի ակցիան: Նրանք մտադիր էին պահանջել, որ սպանության գործով նիստերը տեղի ունենան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, ոչ թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, սակայն կարծես մտափոխվել են` այժմ պահանջում են, որ ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանի դահլիճում պատշաճ պայմաններ ապահովվեն, ինչը չբավարարելու դեպքում նոր միայն այլ գործողությունների կդիմեն:

Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց. «Մենք այնտեղ Պերմյակովի մոտ էինք նստում և հոգեբանական սթրես ունենում: Ստիպված նստում էինք, գիտենք, որ առանց մեզ կարող են դատերը շարունակել, նրանց հենց դա էլ պետք է, բայց որքանով է ճիշտ` այսքան պայքարից հետո իմ հարազատներին վերաբերող նիստին չմասնակցեմ: Մենք կգնանք ռազմաբազա, մեր փաստաբանները կմիջնորդեն, որ նորմալ պայմաններ ապահովվեն՝ սեղաններ, աթոռներ... Երբ Պերմյակովը խոսի, մենք լսենք... Մեր պահանջն այն է, որ որտեղ էլ լինի, նորմալ պայմաններ լինեն»:

Տիկին Ռիտան նշեց, որ թեև սկզբում որոշել էին չմասնակցել, սակայն, իմանալով, որ առանց իրենց դատը տեղի կունենա, որոշեցին, այնուամենայնիվ, մասնակցել:

«Եթե մեզ համար պայմաններ չապահովեն, անպայման կբոյկոտենք»,- հայտարարեց Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն:

Հարազատներից մեկն էլ պահանջեց նիստերին «գլխավոր դատավորի և գլխավոր դատախազի» (հավանաբար, նկատի ուներ դատարանի նախագահին և մարզի դատախազին - խմբ.) մասնակցությունը:

Ռիտա Պետրոսյանի խոսքով՝ իրենք այսօր հավաքվել էին այն հույսով, որ գյումրեցիների 80 տոկոսն իրենց կողքին կլինի, սակայն հասկացան, որ մեկ տարվա ընթացքում կրքերը հանդարտվել են, մարդիկ վախենում են փողոց դուրս գալ:

Նշենք, որ արդեն իսկ որոշված է՝ Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դատական նիստը նույնպես կկայանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում հունվարի 18-ին` ժամը 12:00-ին: