կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 19:21
Առանց Կատեգորիա

Ադրբեջանին սպառնում են ԼՂՀ ճանաչմամբ

Ադրբեջանին սպառնում են ԼՂՀ ճանաչմամբ

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և 80 կոնգրեսականների ներկայացրած առաջարկները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Հիշեցնենք՝ կոնգրեսականներն առաջարկել էին միջոցներ ձեռնարկել շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, սահմանի ողջ երկայնքով կրակորսիչ համակարգեր և ձայնային սարքավորումներ տեղակայելու, ինչպես նաև ԵԱՀԿ մշտական դիտորդներ ապահովելու համար, որոնք օբյեկտիվորեն կքննեն արձանագրվող դեպքերը:

Պեպքարտուղարությունը Կոնգրեսականներին ուղղված նամակում ադ առաջարկությունների ընդունումն անհրաժեշտ է համարում ուժի կիրառման հարցով կողմերից որևէ մեկին հասցեական մեղադրանքներ ուղղելու, այսինքն` կոնկրետ պատասխանատու կողմին մատնացույց անելու տեսանկյունից: Զուտ առաջարկությունները ողջունելու` Պետքարտուղարության հայտարարությունը դեռ չի նշանակում, որ վաղը հրադադարի վերահսկման այդ մեխանիզմները սկսելու են գործել: Ընդամենը սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փաստացի մերժել էր այդ առաջարկը՝ հայտարարելով, թե դա կնշանակի ամրագրել ներկայիս ստատուս-քվոն: Բայց դրանից՝ Պետքարտուղարության այս հայտարարությունը քաղաքական լուրջ նշանակություն ունի: Նախ՝ այն բացահայտում է, որ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև առաջիկա հանդիպման (եթե այն, իհարկե, կայանա) հիմնական թեման հենց շփման գծում խաղաղության հաստատմանն ուղղված այդ մեխանիզմների ներդրման հնարավորությունն է լինելու, այսինքն փորձ է արվելու ճնշում գործադրել Ալիևի վրա` համաձայնելու դրանց կիառմանը: Եթե նախագահների հանդիպումը չկայանա, նշանակում է Ալիևն այն տապալել է հենց նման պարտադրանքից խուսափելու համար: Երկրորդ՝ Պետքարտուղարության նամակում հստակ նշվում է, որ նման միջոցների ձեռնարկմանը դեմ է միայն Ադրբեջանը: Հղում անելով հայկական կողմին կործանիչ հարվածներ հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նախօրեի հայտարարությանը՝ Պետքարտուղարությունն առաջին անգամ շփման գծում լարվածությունը մեծացնելու, հրադադարի ռեժիմը խախտելու պատասխանատվությունը հստակորեն դնում է Ադրբեջանի վրա և Բաքվին մեղադրում է բանակցային գործընթացը տապալելու մեջ: Սա հիմք է ինչպես քաջալերելու Ադրբեջանին զսպելու հայկական կողմի պատժիչ, անհամաչափ գործողությունները, այնպես էլ այս գիծը շարունակելու դեպքում Բաքվի հանդեպ որոշակի «պատժիչ» քայլեր նախատեսելու համար:

Ուշագրավ է, որ այս կոշտ գնահատականները Վաշինգտոնը հնչեցրեց Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ին բողոքի նոտա հղելուց հետո: Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան նախօրեին հրավիրվել է այդ երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա էր փոխանցվել ԼՂՀ ատրգործնախարար Կարեն Միրզոյանին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից Վաշինգտոնում ընդունելու կապակցությամբ, որը Բաքուն որակել է «Ադրբեջանի ինքնավարության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ»: Փաստորեն արձագանքելով կոնգրեսականներին՝ Պետքարտուղարությունը Բաքվին հասկանալի է դարձնում, որ մեծ հաշվով թքած ունի նրա նոտայի վրա և շարունակելու է մինչև այժմ ԼՂ հարցում որդեգրած քաղաքականությունը:

Ի դեպ ընդամենը օրեր առաջ Վաշինգտոնը նաև հերքել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկությունը, թե հիմնվելով Ուորլիքի գործունեությունից Բաքվի դժգոհության վրա՝ որոշվել է ԵԱՀԿ ՄԽ-ում նրան փոխարինել: Ավելի լուրջ ու կոշտ պատասխան, գուցե դժվար էր այս փուլում ակնկալել: Պետք է նկատի ունենալ նաև, որ Պետքարտուղարության այսպիսի կոշտ արձագանքը հետևում է փաստացի ընդամենը օրեր առաջ Կոնգրեսում ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանին ընդունելուն: Այսինքն, ինչ-որ իմաստով Վաշինգտոնը պաշտոնականացնում է ԼՂՀ ներկայացուցչի ամերիկյան այցը, ինչը ԼՂՀ-ի ճանաչմանն ուղղված ուղերձային, ենթատեքստային քայլ էր: Ընդհանրապես պետք է նկատել, որ ՄԽ համանախագահող երկրների կողմից ԼՂՀ-ի քաղաքական կշիռը մեծացնելու ինչ-որ հետաքրքիր գործընթաց է սկսվել: Ուղիղ մեկ ամիս առաջ կայացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ՌԴ, որին Մոսկվան ընդգծված քաղաքական ենթատեքստ տվեց՝ առանց, իհարկե, Սահակյանին պաշտոնական ընդունելության արժանացնելու: Նախ այցը տեղի ունեցավ Ռուսաստանում անցկացվող Արցախյան մշակութային օրերի շրջանակներում, ինչն ինքնին արդեն խոսուն երևույթ էր: Երկրորդ՝ Սահակյանը ասուլիս տվեց Կրեմլի ոչ պաշտոնական քարոզչամիջոցը հանդիսացող «Ռեգնում» լրատվական գործակալությունում, հանդես գալով բավականին աղմկահարույց հայտարարություններով: Երբ Միրզոյանի վաշինգտոնյան իսկապես ներկայացուցչական այցը համադրում ենք ԼՂՀ նախագահի մոսկովյան այցի հետ, տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ԼՂ հարցում որոշել են շատ ռիթմիկ և ներդաշնակ հարվածել միևնույն մեխին: Նրանք առաջին հերթին Բաքվին հասկանալի են դարձնում, որ ՄԽ ձևաչափը կազմալուծելու, ԼՂ հարցը այլ միջազգային հարթակներ տեղափոխելու նրա ջանքերն անընդունելի են թե Վաշինգտոնի, թե Մոսկվայի համար, և որ թույլ չեն տալու խաղալ գլոբալ այլ խնդիրների շրջանակում երկու գերտերությունների հակասությունների լարերի վրա՝ Հր. Կովկասում ապակայունացման նոր օջախ ստեղծելու հեռահար նպատակներով: Երկրորդ, որ շատ ավելի էական է՝ փաստացի թե Մոսկվան և թե ԱՄՆ-ն, Բաքվին հասկացնում են, որ հակամարտության գոտում էսկալացիան միտումնավոր խորացնելու նրա քաղաքականությունը կարող է հենց Ադրբեջանի համար անդառնալի հետևանքներ ունենալ՝ նվազագույնը ԼՂՀ-ին բանակցությունների ֆորմատ վերադարձնելու, առավելագույնը՝ նրա ինքնիշխանությունը որևէ մակարդակով ճանաչելու տեսքով: Վերջինս, իհարկե, առավելապես զուտ սպառնալիքների դաշտից է, սակայն կարող է հսկայական զսպող նշանակություն ունենալ՝ ընդ որում թե Բաքվի և թե գուցե առաջին հերթին Թուրքիայի համար:

Գևորգ Դարբինյան