կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 17:13
Քաղաքական

Արցախի Հանրապետության ճանաչմամբ մենք ճեղքում ենք Ադրբեջանի իզոլացման քաղաքականությունը․ Գևորգ Ղուկասյան

Արցախի Հանրապետության ճանաչմամբ մենք ճեղքում ենք Ադրբեջանի իզոլացման քաղաքականությունը․ Գևորգ Ղուկասյան

Արցախի Հանրապետության անկախության, թեկուզ ապակենտրոն մակարդակում, ճանաչումը այն արձանագրումն է, որ մենք ճեղքում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության իզոլացման քաղաքականությունը, և ցույց ենք տալիս անկախացման գործընթացի անշրջելիությունը՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախմբից տեղեկացնում են, որ այսօր ուշ երեկոյան ամերիկյան Նյու Ջերսի նահանգը կարող է պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ Արցախին մենակ չպետք է թողնենք՝ չկա Արցախ, չկա Հայաստան, հետևաբար, Արցախը մեր Հայրենիքն է, իսկ Շուշին կա ու կմնա հայկական:

Գևորգ Ղուկասյանն ընդգծեց, որ Արցախը Դաշնակցության գործունեության առանցքային ուղղություններից է, և այդպես եղել է միշտ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբից ի վեր։

«Պատահական չէ, որ նախորդ դարի ընթացքում, երբ Արցախի մասին երազում էին միայն ամենաֆանատիկ հայրենասերները, Դաշնակցությունը նպատակաուղղված աշխատանք էր տանում։ Վերջին իրադարձություններից՝ պատերազմում պարտությունից հետո Արցախն, իհարկե, մեր պաշտպանության, մեր նվիրումի, գործունեության կարիքն ավելի շատ ունի։ Եվ Դաշնակցությունը չի հրաժարվելու Արցախից, ինչպես չի հրաժարվել նախորդ դարի ընթացքում, ինչպես առաջին, երկրորդ պատերազմի ընթացքում, այսինքն, Դաշնակցության աշխարհասփյուռ կազմակերպությունը բոլոր ուղղություններով ամբողջ կարողականությամբ շարունակում է հետապնդել Արցախի դատը»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա նշեց, որ այսօր էլ սպասում ենք Նյու Ջերսիից Արցախի Հանրապետության ճանաչում, որը գալու է լրացնելու Արցախի Հանրապետության ապակետրոն ճանաչման գործընթացը։

«Շատ կարևոր քայլ է, իրականում․ վերջին պատերազմից հետո նման լուրերը մեզանում մի քիչ վերապահումներով են ընկալվում, որովհետև այս հողի վրա գոյատևման խնդիր ունենք, գերիներ ունենք, տեղահանված անձինք ունենք, շատ ծանր իրավիճակում ենք, բայց քաղաքական առումով սա կարևոր ձեռքբերում պետք է լինի, և ես հավատում եմ այդ մեծ աշխատանքին, որ կատարել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը, Արևելյան ափի հանձնախումբը և դրական արդյունքի ենք սպասում։ Մեծ հավանականությամբ՝ Նյու Ջերսին ևս կմիանա ԱՄՆ այն նահանգներին, որոնք ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա մանրամասնեց, որ ՀՅԴ Հայ Դատի կարևոր ուղղություններից մեկն էլ Արցախի Հանրապետության միջազգային հարաբերությունների ընդլայնումն է։ Այն ունի 3 մակարդակ․ առաջինը՝ ապակենտրոն ճանաչման մակարդակն է, երբ տարբեր երկրների նահանգներ ու քաղաքներ ճանաչում են Արցախի անկախությունը։ Երկրորդը՝ ապակենտրոն համագործակցությունն է Արցախի տարբեր քաղաքների, համայնքների միջև՝ եվրոպական, ամերիկյան, մերձավորարևելյան, ավստրիական տարբեր քաղաքների միջև, սա «քույր քաղաքների» պայմանագրերն են։ Եվ երրորդ մակարդակը միջխորհրդարանական դիվանագիտական հարաբերություններն են Արցախի Հանրապետության և տարբեր երկրների խորհրդարանների միջև։ Գևորգ Ղուկասյանը նշեց, որ այս երեք մակարդակներով երկար տարիներ Հայ Դատի հանձնախմբերը սպասարկել են Արցախի Հանրապետության միջազգային հարաբերությունները։

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն այս պահին ամենատարբեր ուղղություններով աշխատանքներ են տանում․ օրինակ, ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը մեծ ծավալի աշխատանք է տանում գերիների վերադարձին նպաստելու ուղղությամբ, և հատկապես Բայդենի վարչակազմի կողմից Արցախին ու Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության ուղղությամբ, որպեսզի պատերազմի հետևանքները մեղմելն ավելի հեշտ լինի՝ տեղեկացրեց Գևորգ Ղուկասյանը։

Աշխատանքներ են տարվում նաև այն ուղղությամբ, որ պաշտոնական Վաշինգտոնը վերականգնի 907-րդ բանաձևի պահանջները, այսինքն, Ադրբեջանին զրկի ցանկացած տիպի ռազմական օժանդակությունից, իսկ ընդհանրապես նաև ֆինանսական օժանդակությունից, ինչպես նաև Բաքվի ու Անկարայի քաղաքական վերնախավի նկատմամբ կիրառի սանկցիաներ։

Կանադայի հանձնախումբը նույնպես բավական ակտիվ աշխատանքներ է ծավալում՝ հատկապես Կանադայի ռազմական տեխնոլոգիաները Թուրքիային վաճառելու արգելքին հասնելու համար․ հանձնախմբի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել կանադական ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային, այժմ աշխատում են, որ կասեցումը փոխարինվի արգելքով։

Գևորգ Ղուկասյանը նշեց նաև, որ մեծ ծավալի աշխատանք է տանում Բրյուսելի գրասենյակը, որը բավական ակտիվ նամակագրական կապի մեջ է ԵՄ ղեկավար կառույցների և Եվրոպական խորհրդարանի ղեկավարության հետ։ Այսինքն, այս հարցով տարբեր հանձնախմբերի կողմից բազմաշերտ աշխատանք է տարվում։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին էլ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունն էր  Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձև ընդունել, որի փոխնախագահը ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանն է։

Աննա Բալյան