Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաշտոնական Բաքվի հայտարարություններից, որ Ադրբեջանի ՀՕՊ ուժերը հրաման են ստացել խոցել ապօրինաբար իրենց օդային տարածքը մտած քաղաքացիական ինքնաթիռները: Իսկ այդպիսի տարածք Բաքուն համարում է նաեւ Լեռնային Ղարաբաղի երկինքը. գրում է Независимая газета-ն եւ հավելում, որ, ռուսաստանցի փորձագետների կարծիքով, Բաքվի նման դիրքորոշումը կարող է հանգեցնել պատերազմի:
«Նման հնարավորություն Բաքուն ստացավ այն բանից հետո, երբ, հրաժարվելով Իրանի հետ համապատասխան պայմանագրից, 2010 թվականին ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջանին վաճառեց ամենաժամանակակից եւ աշխարհում իր պարամետրերով նմանը չունեցող «Ֆավորիտ» զենիթա-հրիթռային համակարգերի 2 դիվիզիոն»,- գրում է թերթը:
Պարբերականի` ՌԴ ՊՆ-ի աղբյուրները տեղեկացրել են, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման հարցով` Բաքվի եւ Մոսկվայի միջեւ սկանդալային բանակցությունների տապալումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է համարել Ադրբեջանին «Ֆավորիտի» երրորդ դիվիզիոնը վաճառելու մասին որոշումը:
ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգերի հարցով փորձագետ սպան, չցանկանալով ներկայանալ, թերթին պատմել է, որ «Ֆավորիտը» երկու հրթիռով 100 տոկոսանոց հավանականությամբ կարող է խոցել մինչեւ 150 կմ հեռավորության վրա գտնվող ցանկացած թիրախ: «Այսինքն` ցանկացած քաղաքացիական օդանավ, որը կհայտնվի Ղարաբաղի տարածքում, կոչնչացվի «Ֆավորիտի» կողմից»,- ասել է նա:
Թերթը գրում է, որ ԶԼՄ-ները չեն նշում, թե երեկ Հայաստանում այցով գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն քննարկե՞լ է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը: Սակայն ՌԴ ՊՆ աղբյուրները հայտնել են, որ ոչ պաշտոնական մակարդակով ռուսաստանյան պատվիրակությունը հորդորել է թռիչքներ չսկսել օդանավակայանից: Միաժամանակ, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շուտով տեխնիկական համագործակցության պայմանագիր կկնքվի: Այդ թեմայով բանակցություններ, բացի Շոյգուից, երեկ Երեւանում վարել են նաեւ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Իգոր Կարավաեւը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ռուսաստանը վերջապես դեմքով շրջվում է դեպի իր գլխավոր եւ ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում` դեպի Հայաստանը, որի ռազմական պոտենցիալի ամրապնդումը տարածաշրջանում կայունության երաշխիքն է: Դա զսպող գործոն է Ադրբեջանի համար, որը ձգտում է Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,- ասում է Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչյովը:
«Իրանի փոխարեն «Ֆավորիտի» վաճառքը Ադրբեջանին Դմիտրի Մեդվեդեւի քաղաքական սխալն էր, ավելի ճիշտ` աշխարհաքաղաքական սխալը»,- նշել է Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը` հավելելով, որ Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների շահերին հակասող այդ պայմանավորվածությունը շատ դժվար է ուղղել: