Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-05-05 13:20
Քաղաքական

Արցախի ճանաչմամբ մենք կանխում ենք շատ խնդիրներ. Զարուհի Փոստանջյան

Արցախի ճանաչմամբ մենք կանխում ենք շատ խնդիրներ. Զարուհի Փոստանջյան

Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի ներկայացրած` Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը:

Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ԱԺ պատգամավորները հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումները ներկայացնելու թե' ԱԺ հանձնաժողովների նիստերում, թե' ԱԺ լիագումար նիստում:

«Այս պահի դրությամբ` ես տեսնում եմ դիրքորոշումների փոփոխություն, պատգամավորները դեմ չեն, որովհետև նախկինում նրանք այլ ձևակերպումներով էին հանդես գալիս: Սա կարծում եմ` ինչ-որ չափով առաջընթաց է»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` կառավարությունը, ըստ էության, տվեց դրական եզրակացություն այդ նախագծին: Նա համարում է, որ Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան ճանաչել Արցախի Հանրապետությունը: Դրանով նաև կարելի է լուծել լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխելու հարցը:

«Եթե ուզում ենք աջակիցներ ու գործընկերներ ունենալ ամբողջ աշխարհում, ապա Արցախի ճանաչումը այլընտրանք չունի: Արցախի ճանաչմամբ` մենք կանխում ենք շատ խնդիրներ, մենք դառնում ենք աշխարհում քաղաքական գործոն, մինչդեռ այս պարագայում մենք շատ թույլ վիճակում ենք գտնվում: Ճանաչումը քաղաքական հայտ է, որի հետ պետք է հաշվի նստի միջազգային հանրությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: