կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 14:55
Իրավական

Չկիրառել տուգանք, այլ կիրառել նախազգուշացում` համապատասխան տեսանյութերով

Չկիրառել տուգանք, այլ կիրառել նախազգուշացում` համապատասխան տեսանյութերով

Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրվել էր հանձնարարական, որի կատարման շրջանակներում վարչապետի կողմից ձևավորվեց աշխատանքային խումբ, որը ներառում էր լայն ներկայացուցչական կազմ համապատասխան մարմիններից: Խնդիրը վերաբերում էր նրան, որ միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները պետք է փոխարինել նախազգուշացմամբ:

Արդարադատության նախարարությունն առաջարկում է մի շարք խախտումների համար, այն է` խաչմերուկների հատման կանոններ խախտելը, գծանշումների պահանջները խախտելը և օրենքում նշված ևս մեկ տասնյակ խախտումների համար հնարավորություն ընձեռել, այն դեպքերում, եթե դրանք միտում չեն պարունակել, վթարային վիճակ չեն ստեղծել, դիտավորություն չեն ունեցել, չկիրառել տուգանք, այլ կիրառել նախազգուշացում` համապատասխան տեսանյութերով, որոնք տեղադրվելու են կայքում, և ամեն ամիս յուրաքանչյուր վարորդ հնարավորոթյուն կունենա տեսնելու, թե ինքը քանի իրավախախտում է արել:

«Մենք ծանուցումներ չենք ուղարկելու, որովհետև դրանք իրավական հետևանքներ չեն առաջացնելու, մեխանիկական լուծումների չենք գնացել, այսինքն` երկու նախազգուշացումից հետո` տուգանք, սա կլիներ արհեստական լուծում»,- ասաց նախարարը:

Երկրորդ լուծումը, որն առաջարկում է արդարադատության նախարարությունը, այն դեպքերում, երբ իրավախախտը կվերացնի խախտումը տեղում, օրինակ` եթե վարորդը ունի տեխզննության կտրոն, բայց չի փակցրել դիմապակուն, և եթե վարորդը տեղում կվերացնի այդ խախտումը, առաջարկվում է չտուգանել:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև վեց ամսով երկարաձգել վարչական իրավախախտումների տուգանքների նկատմամբ սահմանված համաներումը:

«Մենք 2014թ դեկտեմբերին ընդունեցինք օրենք, որով 6 ամսյա ժամկետում քաղաքացիներին հնարավորություն տվեցինք, որպեսզի վարչական իրավախախտումների դեպքում վճարեն միայն մայր գումարը, սակայն քաղաքացիներից շատերը չեն կարողացել վճարել»,-ասաց նա:

Փոփոխություն է մտցվելու նաև կեղծված համարանիշներով կամ առանց սահմանված նմուշի համարանիշերով ավտոմեքենաներ վարելու խնդրի շուրջ:

«Բարդացրել ենք կեղծված համարանիշերով մեքենաներ վարելու համար նախատեսված պատասխանատվությունը, պահանջի կրկնակի խախտումից հետո նախատեսվում է զրկել վարորդական իրավունքից։ Երկրորդ՝ օտարերկրացի վարորդները սահմանին կտեղեկացվեն, որ եթե մեկ տարվա ընթացքում չվճարեն վարչական տուգանքները, ապա մեկ տարով չեն կարողանա հատել սահմանը»,-ասաց նա:

Խստացվում է սահմանված պատիժը նաև ալկոհոլ ընդունած վարորդների համար:

«Ողբերգական ավարտ ունեցող վթարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեծամասամբ վարորդները լինում են ոչ սթափ վիճակում: Բարձրացնում ենք պատասխանատվությունը, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն, կրկնակի վարչական տուգանքից հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում»,-ասաց նա:

Նշենք նաև, որ փոփոխություն է նախատեսվում նաև տաքսիների վարորդների համար: Նրանք օրենքի փոփոխության դեպքում կկարողանան ուղևորներ իջեցնել կամ վերցնել կայանելու համար չնախատեսված վայրերում, սակայն ընդամենը մեկ րոպեում: