Yerkir.am-ի թղթակից, թուրքագետ Արգամ Եղիազարյանը, որն այս օրերին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում է, հայտնում է.
«Ադրբեջանական քարոզչության մի ահռելի մասի համար աղբյուր են ծառայում մեր` հայերիս հրապարակումները` ֆոտոներով և տեսանյութերով։
• Հայ օգտատերերից մեկը ավտոշարասյան տեսնյութ էր հրապարակել, որում մի վայրկյանում պատահական հայտնվում է 3 շտապ օգնության մեքենա։ Թշնամին այդ ամբողջ տեսանյութից սքրինշոթ է անում միայն այդ պահը ու գրում, որ իբր զոհերն այնքան շատ են հայերի մոտ, որ օգնություն չեն կարողանում հասցնել
• Ինչ-որ մեկը գիշերային Ստեփանակերտից լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր, որ քաղաքի լուսավորումը բավական նվազել է։ Բոլորին է պարզ թե նման պայմաններում ինչու է նվազում քաղաքային լուսավորումը։ Բայց թշնամին այդ նկարը գցում է և նշում, որ քաղաքի բնակչությունը փախուստի է դիմել
• Ստեփանակերտի երկնքում ԱԹՍ-ների հայտնվելուն պես միանում է ազդանշան, որից հետո բնակիչները գնում են թաքստոցներ։ Մեր օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում լսվում էր սերենայի ձայնը։ Թշնամին էլ դա օգտագործելով գրում է, որ Ստեփանակերտում տարհանում են բնակիչներին և համատարած խուճապ է։
Այս երկու օրը գտնվելով Արցախում այնքան լավ «բանի» եմ ականատես եղել, որ հազիվ էի ինձ զսպում նյութեր չհրապարակեի, որ ցույց տայի մնացածին թե ինչքան մարտունակ, հզոր և ամուր ենք։
Բայց հասկանալով, որ ոչխարների մի խումբ հետևում է հայկական մեդիահարթակին ու նման նյութերն օգտագործում է սահմանին կանգնած մեր զինվորի դեմ, զսպեցի։
Նյութեր հրապարակելուց ծանրութեթև արեք, թե արդյոք ինչ-որ մի կադր կարող է օգտագործվել սահմանում կանգնած մեր եղբայրների և հայրերի դեմ։