կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 13:07
Հասարակություն

«Ազգային խայտառակության փաստաթուղթ». Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել չկիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը և չմասնակցել ոգեկոչման միջոցառումներին

«Ազգային խայտառակության փաստաթուղթ». Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել չկիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը և չմասնակցել ոգեկոչման միջոցառումներին

Ուկրաինայի ԱԳՆ-ն պետական մարմիններին ուղարկված նամակ է ուղարկել, որում կոչ է արել չկիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը և չմասնակցել այդ ողբերգության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ի՞նչն է ստիպել Ուկրաինայի իշխանություններին գնալ այդ քայլին, և ինչո՞ւ է դա հակասում եվրոպական չափորոշիչներին. ըստ yerkir.am-ի` պարզաբանում է «Վզգլյադ» պարբերականը:

Ուկրաինայի արտգործնախարարությունը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ պետական մարմիններին փաստաթուղթ է ուղարկել, որում հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին տեղեկացրել է strana.ua կայքը:

Նամակում կոչ է արվում չմասնակցել ոգեկոչման միջոցառումներին և չկիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Բացի դրանից` տեքստում նշվում է, որ այդ թեման «չափազանց դյուրազգաց» է Ուկրաինայի` Թուրքիայի հետ հարաբերությունների համար: Ուկրաինական ԱԳՆ-ն նաև ընդգծել է, թե Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել  «Ուկրաինայում 1932-1933 թթ.Գոլոդոմորը` որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն», ավելին` ավանդաբար  գտնվում է ՌԴ արտաքին քաղաքականության ազդեցության ոլորտում` հետևողականորեն քվեարկելով Ուկրաինայի համար կարևոր որոշումների ու բանաձևերի դեմ:

Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինայի կարծիքով` այդ նամակով Ուկրաինայի ԱԳՆ-ն հասել է «հերթական հատակին»: «Այդ նախարարության որոշ աշխատակիցներ խորապես անտարբեր են Ուկրաինայի ճակատագրի նկատմամբ, ինչպես նաև` մեր` առանձին վերցրած քաղաքացիների: Սակայն քիչ խնդիր չի առաջացնում այնտեղ աշխատող որոշ մարդկանց բացարձակ անգրագիտությունը»,- նշել է պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի, Կանադայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Պորտուգալիայի և այլ երկրների կողմից:  («Վզգլյադ»-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1995-ին): «Մեր ռազմավարական գործընկերների հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ` կարծում եմ, որ գոնե պետք է ձեռնպահ մնանք այդպիսի նամակներից, առավել ևս` ԱԳՆ-ից»,- հավելել է Վոլոդինան:

Ուկրաինացի լրագրող Անդրեյ Մանչուկը, որը հրապարակել է ԱԳՆ-ի նամակը, այն բնութագրել է որպես «ազգային խայտառակության փաստաթուղթ» և կոչ արել այն թարգմանել ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով:

Փորձագետների կարծիքով` Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում վերջին 6 տարիներին հետևողական է ու անփոփոխ: Սակայն մինչև պետական հեղաշրջումը որոշ քաղաքական գործիչներ փորձում էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնել խորհրդարանում, րանց թվում` Ուկրաինայի ՆԳ ներկայիս նախարար, իսկ այն ժամանակ Գերագույն ռադայի պատգամավոր Արսեն Ավակովը:

«Բոլոր ուկրաինացի-հայերի համար չափազանց կարևոր է իրենց երկրի դիրքորոշումը 1915-1922 թթ. հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի վերաբերյալ: Այդ ողբերգությունը չի անցել որևէ հայ ընտանիքի կողքով»,- այն ժամանակ նշել էր նա:

Սակայն 2013 թվականին Ռադայի մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը հրաժարվել էր ընդունել փաստաթուղթը` պատճառաբանմամբ, թե դա կարող է «լարվածության հանգեցնել Ուկրաինայի արտաքին հարաբերությունների ոլորտում»: Ուշագրավ է, որ այդ ժամանակ Ավակովի ամենաակտիվ ընդդիմախոսը Մուստաֆա Ջեմիլովն էր` «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիս» ծայրահեղական կազմակերպության ներկայիս առաջնորդը:

Կիևի քաղաքական հետազոտությունների և կոնֆլիկտաբանության կենտրոնի տնօրեն Միխայիլ Պոգրեբինսկիի կարծիքով` պաշտոնական Կիևն իսկապես փորձում է ցուցադրել, թե Անկարայի հետ ռազմավարական գործընկերության մեջ է:

«Ուկրաինան Թուրքիայից ինչ-որ բան ստանում է: Օրինակ` Ղրիմը ռուսական չճանաչելը և Ղրիմի թաթարների` իբր ճնշումների դեմ աջակցությունը: Զելենսկիի թիմն ընդհանուր առմամբ համարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները Ուկրաինայի համար ավելի կարևոր են, քան փոքր Հայաստանը, որը բարեկամություն է անում Ռուսաստանի հետ»,- «Վզգլյադ»-ի հետ զրույցում ասել է Պոգրեբինսկին:

Ըստ նրա`  ազգայնական ակտիվ փոքրամասնությունը, որը լայնորեն ներկայացված է Ուկրաինայի իշխանության մեջ, գործում է պարզ սկզբունքով` եթե ինչ-որ մեկը դեմ է խոսում Ռուսաստանին, մենք նրան աջակցում ենք, եթե` ոչ, այդ երկրին դեմ ենք:

«Բացի դրանից` այստեղ տեսնում ենք եվրոպական արժեքների անտեսում և ինքնուրույն արտաքին քաղաքականության բացակայություն: Եթե ուկրաինական իշխանության համար որպես կողմնորոշիչ լինեին Ֆրանսիայի նման եվրոպական երկրները, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլ պատմություն կլիներ: Սակայն Պորոշենկոյի և Զելենսկիի նման քաղաքական գործիչների համար եվրոպական արժեքները ցուցիչ չեն»,- ընդգծել է փորձագետը:

ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանի կարծիքով` երկրների մեծամասնության համար Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ քաղաքական հարց է: «Ցավոք, այստեղ մարդու իրավունքների պաշտպանության կամ մարդասիրության մասին խոսք չկա: Օրինակ` մի շարք եվրոպական երկրներ հիշում են Հայոց ցեղասպանության մասին միայն այն ժամանակ, երբ իրենց անհրաժեշտ է դիվանագիտական ճնշում գործադրել Էրդողանի վրա: Ամերիկացիներն էլ այդ մոտեցումն ունեն: Ավաղ, բարոյականության մասին այստեղ խոսել չի լինի»,- նշել է նա:

Անդրադառնալով Ուկրաինային` Միրզայանը  կարծիք է հայտնել, որ անշուշտ, Ուկրաինային ձեռնտու չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երբ նկրտումներ ունի Ղրիմի նկատմամբ: «Այս իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնելը նույնն է, թե կրակես ոտքիդ»,- պարզաբանել է նա` հավելելով, որ հարկավոր է նաև հաշվի առնել այն, որ Ուկրաինայի ղրիմ-թաթարական սփյուռքը լավ ֆինանսական միջոցներ և ոչ այնքան օրինական կապեր ունի թուրքական ղեկավարության հետ: «Հետևաբար, զարմանալի չէ, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն նման նամակներ է ուղարկում և հրաժարվում է ճանաչել պատմական փաստը: Բարոյականության մասին այնտեղ ոչ ոք չի մտածում»,- եզրափակել է Միրզայանը: