կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-09 17:27
Հասարակություն

Այո, սահմանին լարվածությունը հասել է գագաթնակետին. Սեյրան Օհանյան

Այո, սահմանին լարվածությունը հասել է գագաթնակետին. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանական կողմի՝ ԼՂՀ հարավարևելյան հատվածում տանկից կրակոցների միջադեպին:

«Այո, սահմանին լարվածությունը հասել է գագաթնակետին, սակայն հայկական զինուժի կողմից սահմանային վերահսկողությունն իրականացվում է պատշաճ մակարդակով: Հակառակորդը կրակում է ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաև ականանետներից. բավական մեծ քանակությամբ կրակոցներ են գրանցվել»,- ասաց նախարարը` հավելելով. «Իհարկե, կրակոցները դիպուկ չեն եղել, բայց սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացման քաղաքականության արդյունք է։ Դա կարող է հետևանք լինել տարբեր քաղաքական իրադարձությունների՝ նախագահների նախապատրաստվող հանդիպումներ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակ և այլն»։

Օհանյանն անդրադարձավ նաև սահմանադրական հանրաքվեին` նշելով, որ մեր սահմաններին ծառայող շատ հրամանատարներ և զինծառայողներ չեն կարողացել իջնել դիրքերից ու իրենց սահմանադրական պարտքը տալ, որովհետև հնարավորություն չեն ունեցել` սահմանին լարված է եղել:

Խոսելով ԱԱԾ-ի կողմից դավաճանության մեղադրանքով ձերբակալված սպայի մասին` նախարարը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից ընթանում են համապատասխան աշխատանքներ, և ավելի ստույգ տեղեկություններ կարող է տալ հենց ԱԱԾ-ն:

«Այդ սպան մեկ տարուց ավելի է` զինված ուժերում չի ծառայում, նա չի կարողացել իրեն որպես գրագետ հրամանատար դրսևորել և դրա համար իր անձնական կամքով զորացրվել է»,- ասաց Օհանյանը:

Նախարարը նշեց նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքական անձնավորություն է, քաղաքական թիմի անդամ է, գտնվում է գերագույն գլխավոր հրամանատարի ենթակայության ներքո և, դրանից ելնելով, ինքն իր սահմանադրական պարտքը իրականացրել է այնպես, ինչպես ճիշտ է համարել:

«ՀՀ զինված ուժերն այսօր քաղաքական չեզոքություն են պահպանում, և ես պետք է ասեմ, որ այն քաղաքական անձինք, ովքեր տարբեր հայտարարություններ են անում, ճիշտ չեն ասում: Ազատ, անկախ քվերկրություն է եղել զինված ուժերի բոլոր զորամասերի ստորաբաժանումների կողմից, ովքեր ներկայացել են ընտրատարածք` առանց շարքի, առանց վերահսկողության, և իրենց փակ ու գաղտնի քվեարկությամբ իրենց սահմանադրական պարտքը տվել են»,- ընդգծեց նախարարը: