Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում զետեղված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող և տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են: Դեկտեմբերի 6-ին քվեարկության գնալիս նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն` նրանք էլ են քվեարկել: Ըստ հրապարակման` զանգահարողը հայտարարել է, որ նման սրբապղծություն Գյումրին երբևէ չի տեսել և կոչ է արել գոնե անմեղ զոհերին խնայել:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հորդորել է տեղեկատվություն տարածելիս հղում անել միայն փաստերին։ Հիմա էլ փաստն ենք ներկայացնում խմբագրությանը.
1.Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը (ծված՝ 16.02.1990թ.) Գյումրի քաղաքի Մյասնիկյան փ. 188 տան հասցեի հաշվառումից հանվել է 19.02.2015թ.՝ մահվան կապակցությամբ,
2.Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 11.12.1981թ.) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,
3.Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ծված՝ 22.05.1959թ.) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,՝ մահվան կապակցությամբ,
4.Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 01.11.1979թ.) հաշվառված է եղել ք.Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,
5.Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ծված՝ 17.12.1961թ.) հաշվառված է եղել ք. Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.:
Նկատի ունենալով, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, վերը նշված անձանց տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում:
Մենք զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները պարզաբանում կամ հերքում ենք առանց գնահատականներ տալու, բայց այս հրապարակման հարուցած զայրույթն ու զզվանքը պարզապես անհնար է զսպել:
Ավետիսյանների զոհված ընտանիքի չափահաս անդամների անունների իբր ընտրացուցակներում հայտնվելու մասին խմբագրություն «ահազանգած» անձը պարզապես կարող էր ստել, ինչը ստորություն ու սրբապղծություն է, բայց առավել սրբապղծություն չէ՞, երբ պատասխանատու լրատվամիջոցը տիրաժավորում է սուտը:
Ի՞նչ է նշանակում «քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկատվությունը ճշտելու»: Քվեարկության ցուցակներով չէիք կարող, գոնե փորձեիք ընտրացուցակներով ճշտել /ի դեպ, քվեարկության ցուցակները նույն ընտրական ցուցակներն են, պարզապես՝ ընտրողների կողմից լրացված/: Ոստիկանությունը վերջին ամիսներին պարբերաբար հրապարակել են ընտրացուցակների /ներբեռնման հնարավորությամբ/ կայքերի հասցեները, որոնք հայտնի են նաև նախորդ ընտրություններից, քաղաքացիներին խնդրում են ստուգել ցուցակների ճշտությունը, ահազանգել թերությունների մասին, օգնել դրանց վերացմանը:
Եվ «Հրապարակի» ցանկացած տառաճանաչ աշխատակից էլ կարող էր մուտքագրել անունները ու ստուգել՝ կա՞ն, թե չկան: Եթե սա անելը բարդ էր, կարող էին զանգել ոստիկանություն:
Կրկին հրապարակում ենք այդ կայքերի հասցեները.
1. www.police.am /ներառված են Շիրակի 33-36 ընտրատարածքները՝ ենթաընտրատարածքներով/.
2. http://www.elections.am:
Մենք նման դեպքերը միշտ բարեսրտորեն վերագրել ենք տգիտությանը կամ անպարտաճանաչությանը, բայց սա հենց սրբապղծություն է, որովհետև անմեղ արյան ու համաժողովրդական ցավի շահարկումն է ապատեղեկատվության հիմքում:
ՀՀ ոստիկանություն