Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հիմնարկի՝ կալանավորված և խցային պայմաններում պահվող անձանց համար նախատեսված մասնաշենքը (մեկուսարանի շենք) ներկա դրությամբ պիտանի չէ բնակության համար։
Նման պայմաններում անձանց պահելը Դիտորդների խումբը որակում է որպես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորում։ Մասնաշենքն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ջրամատակարարման ու ջրահեռացման հետ կապված խնդիրներ ունի, որոնք նույնիսկ վերանորոգումից հետո լուծում չեն ստացել։Հերթական վթարի պատճառով շենքի առաջին հարկում պատերն ու առաստաղը թրջված են, պատերի ծեփը՝ թափված։
Մասնաշենքի օդը հեղձուցիչ է, ինչին գումարվում է բարձր խոնավության ու գոլորշու անտանելի առկայությունը։ Նման պայմաններում են գտնվում առաջին հարկում տեղակայված խցերում բնակվող ազատազրկված անձինք։ Նույն իրավիճակում են նաև աշխատակազմի և բժիշկների սենյակները։
Ի դեպ բժիշկների սենյակում գտնվող պահարանում է պահվում դեղորայքը, որն այս պայմաններում կարող է շատ արագ փչանալ։ Նման իրավիճակն իր ազդեցությունն է թողնում նաև մասնաշենքի 2-րդ հարկի վրա։
Դիտորդների խումբը նաև ահազանգ է ստացել, որ մասնաշենքում կան կրծողներ և միջատներ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Դիտորդների խումբը գտնում է, որ նման պայմաններում անձանց պահելը անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորում է, ինչպես նաև վտանգավոր է անձանց առողջության համար, ուստի առաջարկում է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի՝ կալանավորված և խցային պայմաններում պահվող անձանց համար նախատեսված մասնաշենքի 1-ին հարկը հանել շահագործումից և հրատապ քայլեր ձեռնարկել՝ անձանց այդ հատվածից հանելու համար։
ՀՀ արդարադատության նախարարության պատասխան գրությունը ավելի քան մտահոգիչ է, քանզի չի ենթադրում հստակ գործողություններ։ Ըստ այդ գրության՝ ՀՀ պետական բյուջեով հատկացված համապատասխան ֆինանսական միջոցների շրջանակներում իրականացվել են բոլոր հնարավոր միջոցառումները՝ Հիմնարկի կոմունալ կենցաղային պայմանները բարելավելու, ինչպես նաև Հիմնարկի անվտանգ և անխափան շահագործումն ապահովելու նպատակով: Սակայն Հիմնարկում առկա շինարարական աշխատանքները լիարժեք կատարելու նպատակով անհրաժեշտ են խոշոր ֆինանսական ներդրումներ:
ՀՀ արդարադատության նախարարությունը 2022 թվականի բյուջետային հայտով նախատեսել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով տրամադրել համապատասխան ֆինանսական միջոցներ, ըստ այդմ 2022 թվականին նախատեսվում է վերանորոգման ենթարկել նաև Հիմնարկը: