Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքներով, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սահմանադրության նախագծին կողմ է քվեարկել մասնակիցների 63,35 տոկոսը, դեմ՝ 32,35 տոկոսը: Մնացած մոտ 4 տոկոս քվեները, ըստ էության, համարվել են անվավեր:
Քանի դեռ ԿԸՀ-ն չի հրապարակել հանրաքվեի վերջնական արդյունքները, քանի դեռ պարզ չէ՝ բողոքարկելո՞ւ է, արդյոք, «Ոչ»-ի ճամբարը հանրաքվեի արդյունքները, կամ բողոքարկելու դեպքում ի՞նչ ծավալներ են դրանք ունենալու, դե յուրե չի կարելի ասել, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ նախատեսող նոր Սահմանադրությունն ընդունվել է: Սակայն դե ֆակտո, դա արդեն կարելի է կայացած իրողություն համարել:
Հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար «Ոչ»-ի կողմնակիցները կա\'մ պետք է ապացուցեն, որ իրականում քվեարկությանը մասնակցել է ոչ թե ընտրելու իրավունք ունեցողների 50.51 տոկոսը, ինչպես հայտարարել է ԿԸՀ-ն, այլ առավելագույնը դրա կեսից էլ քիչ մարդ, կա\'մ՝ որ Սահմանադրության նոր տեքստին «այո» է քվեարկել ոչ ավելի, քան 648 հազար քաղաքացի: Այսինքն՝ որ ԿԸՀ-ն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները և տեղամասային ընտրական հանձնաժողովները միասին ավելի քան 178 հազար քվե են հավելագրել «այո»-ին: Սա անիրատեսական է առաջին հերթին այն պատճառով, որ «Ոչ»-ի ճակատը ստիպված է լինելու նախաձեռնել ընտրատեղամասերի մասշտաբային վերաբացման և վերահաշվարկի գործընթաց: Մինչդեռ` ոչ միայն քվեարկության, այլ նաև քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ և դրանից հետո հանձնաժողովներից փաստացի որևէ բողոք-դիմում ԿԸՀ-ին չի ներկայացվել, կարծես թե չի արձանագրվել որևէ դեպք, երբ հանձնաժողովների անդամները բոյկոտեն հանձնաժողովի վերջնական արձանագրությունների ստորագրումը՝ արդյունքների կեղծման հետ կապված, և հրապարակեն մասսայական ընտրախախտումների կոնկրետ դեպքեր:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերել է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին: Դրանց հիման վրա 2 քրեական գործ է հարուցվել՝ կապված այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի հետ: Երկու բողոքների մասով ԿԸՀ-ն ինքն է դիմել դատախազությանը: Այսինքն` առավել քան ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները մերժող շրջանակները նման պայմաններում չունեն և չեն կարողացել ստեղծել հանրաքվեի արդյունքները չեղարկելուն հասնելու հնարավորություններ:
Սա, իհարկե, չի նշանակում, թե հանրաքվեն անցել է իդեալական մակարդակով: Ընտրախախտումներ եղել են, և չի կարելի գլուխը մտցնել ավազների մեջ՝ չտեսնելու համար դրանք: Երևույթներ, որոնք արձանագրվել են նաև նախորդ համապետական ընտրություններում և տեղի են ունենում ընտրատեղամասերից դուրս` մինչև քվեարկության պահը, և այդ տեսանկյունից գրեթե անվերահսկելի են: Խնդիրն այն է, որ գործող ընտրական համակարգը չունի որևէ մեխանիզմ՝ պարզելու համար քվեարկության արդյունքների վրա դրանց ազդեցության չափը, ինչպես որ մինչ այսօր հնարավոր չի եղել ապացուցել, որ, օրինակ, ընտրատեղամաս մտնելուց առաջ մարդիկ կոնկրետ անձանցից ոչ թե ընտրակաշառք են ստանում, այլ աշխատավարձ կամ իրենց պարտքերը: Որովհետև ո\'չ այդ անձինք են պատրաստ խոստովանել իրենց կողմից ընտրախախտում կատարելու փաստը, ո\'չ էլ այդ ամենի ականատեսներն ու վկաներն են ցանկանում հայտնվել «սուտ մատնության» մեջ մեղադրվողի կարգավիճակում: Նման բան չի եղել երբեք և վստահաբար չի լինելու նաև այս անգամ, որովհետև սա է այն «պրոդուկտը», որն ունակ է տալ ներկայիս քաղաքական կոնյունկտուրան և ընտրական համակարգը:
Նույն կերպ նաև այս անգամ թե\' իշխանությունը և թե\' սահմանադրական փոփոխությունների ընդդիմության՝ «Ոչ»-ի ճամբարը չեն խոստովանելու, որ առկա իրավիճակի համար կրում են հավասարաչափ պատասխանատվություն: Ի վերջո, որքան էական է ընտրությունների, հանրաքվեի բավարար լեգիտիմության ապահովումը՝ բացառելով կամ նվազագույնի հասցնելով ավանդական ընտրախախտումների տեխնոլոգիաների կիրառումը, նույնքան էլ կարևոր է հասարակությանը սևի ու սպիտակի, յուրայինների ու թշնամիների բաժանելու, շարունակ վերամբարձ խոստումներ տալու և չկատարելու պրակտիկայից հրաժարումը: Որքան աննորմալ է, երբ իշխանությունն իր հաղթանակները պատճառաբանում է բացառապես ընդդիմության որակով, նույնքան էլ աննորմալ է, երբ «Ոչ»-ը հայտարարում է, թե անգամ մեկ «այո» չի կարողանում գտնել մարդկանց հետ շփումներում, թե, դեռ հանրաքվեն չկայացած, արդեն ջախջախիչ հաղթանակ է տարել, բայց հետո չի կարողանում բացատրել, թե ինչպես ոչնչից հայտնվեց 63 տոկոսանոց «այո»-ի քվեն, և ինչու արդեն իբրև կայացած փաստ ներկայացվող «հաղթանակն» այնքան էլ հաղթանակ չէ:
Նոր Սահմանադրությունը հանրաքվեի արդյունքների վերջնական հաստատումից հետո, իհարկե, դնելու է այս ախտահարված համակարգը վերափոխելու խնդիր: Եվ եթե իշխանությունը չի առաջնորդվում հավերժ հաղթողի սինդրոմով, իսկ ընդդիմությունը չի ցանկանում մնալ հավերժ պարտվողի կարգավիճակում, ուրեմն չկա այլ տարբերակ, քան այդ խնդիրը լուծելու առաջիկա հնարավորությունից օգտվելը:
Գևորգ Դարբինյան