Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 26-ին բանակում հերթական զինվորի սպանության դեպքն է արձանագրվել: Ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ, ուշքի չգալով, մահացել է:
Բժշկական փորձաքննության արդյունքում մահացածի մարմինի վրա բռնության հետքեր են արձանագրվել: Քրեական գործը հարուցվել է անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով: Սակայն զինվորի ծինողները պնդում են, որ նման վնասվածքները հնարավոր չէր հասցնել անզգուշությամբ, և համարում են, որ իրենց զավակին դաժանորեն սպանել են:
Երեկ պաշտպանության նախարարը ևս ընդունեց, որ հնարավոր է` զինվորը բռնության զոհ է դարձել: Դժվար է ասել` այս տարվա ընթացքում սա բանակում սպանության որերորդ դեպքն է:
Պաշտպանության նախարարությունը տարեվերջին, հավանաբար, կներկայացնի ամփոփ վիճակագրությունը: Նախարար Սեյրան Օհանյանի ներկայացրած տվյալներով` այս տարի նման ավելի քիչ դեպքեր են արձանագրվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Գուցե սա հասարակական ընկալման տեսանկյունից հուսադրող է, բայց ո՛չ Աղասի Աբրահամյանին և ո՛չ էլ մինչ այդ բանակում սպանված մեր զինվորներին չի վերադարձնի, մարդկային կորստի վիշտը չի թեթևացնի: Այն, որ բանակը ներկայումս շատ ավելի բաց է հասարակության համար, որևէ մեկն այլևս չի կասկածում: Սակայն դրա օգտակար գործողության գործակիցն արտահայտվում է առայժմ միայն նրանով, որ այդ դեպքերն ու հանցագործությունների հեղինակներին թաքցնելու միտումները զգալիորեն քչացել են: Սակայն մեծ հաշվով դա չի հանգեցրել հանցագործությունների էական նվազման: Սակայն որքանով է սա միայն բանակին հատուկ երևույթ:
Ըստ դատախազության հրապարակած պաշտոնական տվյալների` 2011 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել են 8465 հանցագործության դեպքեր: Եվ դա 573-ով կամ 7,3 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի: Աճ է արձանագրվել նաև սպանության, ինչպես նաև սպանության փորձի դեպքերով: Հատկանշական է, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների 40,2 տոկոսը կազմում են ծեծի, իսկ 24 տոկոսը` առողջությանը թեթեւ վնաս հասցնելու դեպքերը: Այսինքն՝ միայն այս երկու տիպի հանցագործությունները կազմել են մարդու դեմ ուղղված բոլոր հանցագործությունների 64,2 տոկոսը:
Վիճակագրությունը հուշում է, որ հանցագործությունների աճն ընդհանրական բնույթ է կրում: Եվ դա առաջին հերթին համապետական ու համահասարակական մասշտաբներ ունի, քան հատուկ է միայն բանակային կամ առանձին վերցված որևէ այլ համակարգի: Այսինքն՝ չէր կարող լինել այնպես, որ երկրում արձանագրվող հանցավորության աճը որևէ կերպ չարտացոլվեր բանակում. մի համակարգ, որն ամբողջությամբ կրում է հասարակության հիվանդությունների բոլոր ախտանիշները, բարքերը, սովորությունները, հարաբերությունների կուլտուրան, մենթալիտետը:
Բանակը պարզապես մի համակարգ է, որն առավել խտացված ու ավելի ցավոտ է արտահայտում երկրում, հասարակության ներսում առկա ընդհանուր վիճակը: Երբ խոսում ենք սպաների ոչ կանոնադրային վարքագծի, զինվորներից ոմանց նկատմամբ բռնություններ կիրառելու, նվաստացնելու հակումների մասին, չպետք է մոռանալ, որ սովորել ենք օրինաչափ համարել քաղաքացիական կյանքում, կառավարման այլ ոլորտներում վերադաս-ենթակա հարաբերություններում հաստատված՝ հաճախ անընդունելի չգրված օրենքները:
Երբ խոսում ենք զինվորներին ինքնասպանության մղելու կամ հասցնելու մասին, պետք է հարց տալ` իսկ արդյո՞ք ինքնուրույն կյանքի, ինքնուրույն որոշումներ կայացնելու, սեփական խնդիրներն իրենց ուժերով լուծելուն ունակ պատանիներ ենք ուղարկում բանակ այն դեպքում, երբ կուլ գնալով ծնողական գորովանքի ավելցուկին, պոտենցիալ զինվորներին զրկում ենք կամային որակներ ձեռք բերելու, դժվարություններին դիմակայել սովորելու հնարավորություններից: Սա մի խնդիր է, որը բազմաթիվ թելերով կապված է հասարակական կյանքի և մեզանում հաստատված բարքերի հետ: Եվ եթե ցանկանում ենք բանակում ավելի քիչ զոհեր ունենալ, պետք է հասկանալ, թե որտեղ են թաքնված դրա իրական պատճառները: Ու ոչ քավության նոխազների որս սկսել, այլ այդ պատճառները վերացնելու ուղիներ որոնել:
Արդյո՞ք մտածելու բան չունի ծնողը` ապագա զինվորի դաստիարակության հարցում, կրթության համակարգը` արժանապատիվ, հայրենասեր քաղաքացի կրթելու, պաշտպանության նախարարությունը` իր դիրքն ու պատասխանատվությունը գիտակցող, սպայի պատվի արժեքն ընդունող, բազմակողմանի զարգացած, իրապես մտավորական սպաներ պատրաստելու հարցերում, դատաիրավական համակարգը` պատժի անխուսափելիությունը հասարակության յուրաքանչյուր անդամին, առանց բացառության ներշնչելու և գործով ապացուցելու հարցում: Եվ վերջապես, հասարակությունը, որը վաղուց զուտ բամբասողի, իներտ, անտարբեր, համակերպվող լինելուց ազատագրվելու և քաղաքացիական կեցվածքով հանդես գալու հրամայականի առջև է կանգնած:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ