Այսօր ՀՅԴ-ական գործիչները սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչների հետ: ՀՅԴ անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն այն դեպքերից է, երբ իշխանությունն է ՀՅԴ-ին գաղափարակից: «Սա այն դեպքերից է, երբ իշխանությունն է մեզ հետ, շատ քաղաքական ուժեր առաջ կողմ էին սահմանադրական բարեփոխումներին, իսկ հիմա, չգիտես ինչու, արդեն դեմ են: Մեր գաղափարները մնացել են կայուն և անփոփոխ: Բոլորին է հայտնի, որ ՀՅԴ-ն տարիներ ի վեր կողմ է կառավարման խորհրդարանական համակարգին»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, որ իշխանություններն արդեն հասկացել են, որ գործող կառավարման համակարգով առաջ գնալ այլևս չի կարելի: «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժգոհ էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, գործող նախագահ Սերժ Սարգսյանն այժմ դժգոհ է Ռոբերտ Քոչարյանից: Առաջին նախագահն ասում է, որ մեր երկիրը դարձել է ավազակապետություն, երկրորդ նախագահն ունի իր դժգոհությունները, Սերժ Սարգսյանն էլ հաստատ կդժգոհի իրեն հաջորդող նախագահից: Նախագահական համակարգն իրեն սպառել է: Մեկ մարդու ձեռքին հսկայական իշխանություն է հայտնվում, եսակենտրոն համակարգ է սա, և այս վիճակը կփոխվի միայն այն դեպքում, թե այդ փոփոխությունները կրեն արմատական բնույթ»,- ընդգծեց ՀՅԴ-ականը: Նրա խոսքով`նոր Սահմանադրության նախագիծը բերում է կուսակցությունների կայացմանը:
«Նախագահականի պայմաններում տեսանք` ինչ եղավ ԲՀԿ-ի հետ»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ նոր Սահմանադրության նախագծի մեջ հստակեցվում է կադրային քաղաքականության հարցը: Որպես օրինակ` Գրիգորյանը նշեց դատական համակարգի հնարավորին չափ անկախացումը: «Շատ իրավաբաններ, մասնագետներ էլ են փաստում, որ նոր Սահմանադրությունն ունի շատ դրական կողմեր: Նոր Սահմանադրությունը փակում է ԱԺ տանող ճանապարհն այն մարդկանց համար, ովքեր արժանի չեն գտնվել այդտեղ իրենց գիտելիքներով և գաղափարներով: Ազգային սկզբունքներին հակասող կետ մենք չենք գտնի բարեփոխված տարբերակում»,- ընդգծեց ՀՅԴ-ականը:
ՀՅԴ անդամ, տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ բնակիչների հետ զրույցում բացատրեց, թե որտեղից է եկել սահմանադրական բարեփոխումների պահանջը: «Բոլորը բողոքում են նախագահից, օլիգարխներից, և բոլորը փոփոխություն են ուզում: Կա երկու տարբերակ: Առաջինը «ոչ»-ի կողմնակիցների կողմից առաջարկվող «դրսային» պայքարներն են, սակայն, այդ ճանապարհը վտանգներով լի է: Մենք բոլորս հիշում ենք` ովքեր իշխանոփոխության կոչեր էին անում, նրանց որևէ բան չեղավ, փոխարենը զոհվեցին անմեղ երիտասարդներ: Մեր առաջարկն այլ է. պետք են համակարգային փոփոխություններ: Նոր Սահմանադրությունն անձնավորված կառավարման մոդելից դուրս է գալիս»,- ասաց ՀՅԴ-ականը` հավելելով, որ իշխանությունները հասկանում են, որ շուտով վրա է հասնելու «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» տարբերակը:
«Այսպես կարող են լինել անկանխատեսելի փոփոխություններ, մի օր կարող է նրանք լինեն ընդդիմություն: Մեր նախագահները հերթով բողոքել են իրարից: Սարգսյանն էլ իր հաջորդից է բողոքելու, իսկ մրցակցային, պառլամենտական մոդելը թույլ է տալիս դուրս գալ անձնակենտրոն վիճակից»,- նշեց ՀՅԴ-ականը: