Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաճախ դեպքեր են լինում, երբ ջուր համայնքում կա, այսինքն` ջրօգտագործողների միությունը պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում ստորագրել պայմանագրերը. կառավարության այսօրվա նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչպիսին է վիճակը ջրի ոլորտում, արդյո՞ք կարողանում են ոռոգման ջուր մատակարարել գյուղացիներին:
Նախարարը վկայակոչեց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչների` մի քանի օր առաջվա բողոքի ակցիան: «Ասում են՝ մենք չենք ուզում դրա դիմաց վճարել: Այսինքն` ապօրինի պահանջ, որը նման է երեկվա պահանջին (նկատի ունի Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիան-խմբ): Իհարկե, երբեմն կարող են դրա տակ լինել օբյեկտիվ խնդիրներ, երբ, օրինակ, գյուղացին խնդիր ունի ջուր տրամադրող ընկերության որևէ աշխատակցի հետ: Բայց մենք պատրաստ ենք լսել այդ խնդիրները, վեր հանել պրոբլեմները: Դա բխում է մեր շահերից»,- նշեց նա:
Փաշինյանն արձագանքեց` ներկայացնելով իր դիտարկումը. «Մենք պետք է ճիշտ ներկայացնենք վիճակը: Խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք ուզում նրանց ձրի ջուր տալ, այլ այն է, որ եթե 1-2 տարի ձրի ջուր տանք, երրորդ տարում ընդհանրապես ջուր չի լինելու: Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում ու ջուրն անվճար չենք տալիս: Առանց այն էլ համակարգի վրա 20 մլրդ դրամի պարտք կա նման բաների, չարաշահումների պատճառով»:
Փաշինյանը նաև հարց ուղղեց պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին` ի՞նչ է պարզվել ՋՕԸ-ներում ուսումնասիրությունների արդյունքում: Քյարամյանը պատասխանեց, որ այս պահին ուսումնասիրությունները դեռ շարունակվում են «Շենիկ» ՋՕԸ-ում, որպեսզի Արարատյան դաշտի ընդհանուր պատկերն ունենան: «Բայց արդեն շուրջ 3,6 մլրդ դրամի չարաշահումներ ենք հայտնաբերել մեր ուսումնասիրությունների արդյունքում, քրգործեր են հարուցվել»,- նշեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 16-ին Քաղցրաշենի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի առաջ: Նրանք պնդում էին, որ իրենց այգիները չորանում են, քանի որ կա ոռոգման ջրի լուրջ խնդիր: