Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ներկայացուցիչները երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի բնակիչների հետ: Շենավանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններն աննախադեպ են և որոշիչ են լինելու սերունդների համար:
«25 տարի Դաշնակցությունը պայքարել է այն բանի համար, որ իրական ընտրություն լինի, որ մարդիկ կարողանան իրենց տված քվեով որոշել՝ ով պետք է լինի իշխանությունը, իրենց ճակատագիրը կարողանան որոշել: Մինչև հիմա այդ ամենն այդպես չի եղել, մենք տեսել ենք՝ այդ ընտրություններից հետո որևէ բան չի փոխվել: Փաստն այն է, որ Հայաստանում ոչ մի անգամ իշխանություններն ընտրությունների միջոցով չեն փոխվել, սա ամենացայտուն վկայությունն է, որ ընտրություններն իրենց նպատակին չեն ծառայել. անհնար է, որ 25-26 տարվա երկիրն այդքան համապետական ընտրություններ անցկացնի, և ոչ մի անգամ իշխանություն չփոխվի ընտրությունների միջոցով: Սա խոսում է այն մասին, որ ընտրական համակարգը լրջագույն արատ է ունեցել»,- ասաց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ մարդիկ կորցրել են վստահությունն իրենց քվեի նկատմամբ:
«Ցավոք, այսօր շատերն ընտրությունը դարձրել են առևտրի առարկա, մարդիկ հեշտությամբ իրենց քվեն վաճառում են, շատերի համար ընտրությունը դարձել է փող աշխատելու միջոց: Մեկն անունը օգնություն է դնում, մեկն` այլ բան, բայց ընտրությունների ժամանակ բարեգործության անվան տակ արված բաները դիտվում են ընտրակաշառք: Բարգործությունն է ինքնին իմաստը կորցրել: Ասում են` եթե լավություն ես անում, պետք է այնպես անես, որ աջ ձեռքդ չիմանա` ձախ ձեռքդ ինչ է անում, իսկ եթե դա անում ես հրապարակելու համար, քեզ ցույց տալու համար, դու քո վարձքն արդեն ստացար և մի' ակնկալի, որ դրանով պետք է հեղինակություն ձեռք բերես, դառնաս մեծ բարեգործ: Բարեգործությունն անում են հանգիստ, սուսուփուս, առանց գովազդելու: Իսկ ընտրությունների ժամանակ բարեգործություն անելն ընտրակաշառք է»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը:
Ռուստամյանի խոսքով՝ չնայած այս ամենին, հասկանալի է, որ մարդիկ սոցիալական ծանր պայմաններից ելնելով են գնում գումար վերցնելու ճանապարհով: «Մանավանդ` չեն էլ տեսել, որ երբևէ իրենց քվեարկությունից բան է փոխվել: Բնականաբար, մարդը հիասթափվելով է գնացել դրան: Մենք պետք է հասկանանք` ինչ է պետք փոխել այս երկրում, սրա համար մենք հիմքերը ստեղծել ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս վատ ու արատավոր երևույթներն անցյալում են մնալու:
«Նոր սկիզբ է լինելու, դրա համար ենք մենք մեր կարգախոսը դրել «Նոր սկիզբ»: Մնում է՝ հասնենք արդար Հայաստանի, այդ նոր սկիզբը կյանքի կոչենք, միս ու արյուն տանք: Այս բարեփոխումներն առաջ տանելու խնդիրն է, որ այսօր Դաշնակցությունն ուզում է լուծել: ՀՅԴ-ն չի գալիս, նոր խոստումներ տալիս, այլ ասում է իր արածը: Մենք ձեզ ասում ենք՝ տվեք մեզ մանդատ, որ մենք կարողանանք այս ամենը կյանքի կոչել»,- ասաց Ռուստամյանը:
ՀՅԴ ռեյտինգային թեկնածու, «Երևան» ԲԿ-ի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանն էլ նշեց, որ արդարության ճանապարհով գնալու համար պետք է պայքարել, ոչ թե սպասել, որ որևէ մեկը նվիրելու է այն: «Որևէ մեկը մեզ լավը նվեր չի տալու, մենք պետք է աշխատենք, չարչարվենք, դիմակայենք, հաղթահարենք դժվարությունները: Դրա համար վստահե'ք այն ուժին, որն իր հետագծի ընթացքում պատմական առաքելություն է կատարել և եղել է ժողովրդի կողքին: Վստահե'ք այն անհատներին, ովքեր իրենց կենսագրությամբ մեկը երկուս են դարձրել, այլ ոչ թե պետության բյուջեն են յուրացրել, ժողովրդի գրպանը մտել, կաշառք վերցրել»,- ասաց նա` հավելելով. «Հավատացե՛ք այն թիմին, որը կռվելու հնարավորություն ունի, ձիրք ունի, խելք, միտք և կամք ունի, հավատացեք, որ այսպիսի հնարավորություն մեզ 25 տարվա ընթացքում նոր է տրվել»: