կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-20 23:07
Քաղաքական

ՀՅԴ-ն դեռևս չի հստակեցնում՝ ինչ ձևաչափով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) դեռևս չի հստակեցնում միայնակ, թե դաշինքով կմասնակցի հունիսի 20-ին նախատեսված արտահերթի խորհրդարանական ընտրություններին։

Իր մասնակցության մասին մտադրությունը կուսակցությունը երեկ էր հայտարարել: «Ազատության» հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր էլ շտապեց ընդգծել «եթե» բառը, քանի որ վերջնական վստահություն չունեն, որ ընտրությունները տեղի կունենան։

«Իսկ ինչ ձևաչափով կմասնակցենք այդ ընտրություններին, երբ որ հայտարարվի ընտրությունների մասին, այն ժամանակ կքննարկենք և վերջնական մեր որոշման մասին հանդես կգանք: Հիմա շարունակվում են քաղաքական կոնսուլտացիաները», - նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Կոնսուլտացիաներն, ըստ Սաղաթելյանի, ընթանում են տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջինս մոտ 20 օր առաջ Վլադիմիր Պոզների հետ ունեցած հարցազրույցի ժամանակ հաստատել էր իր մասնակցությունը արտահերթ ընտրություններին դաշինքով, և ընդգծել՝ ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի երկու կուսակցություն։ Թեև երկրորդ նախագահը չէր հստակեցրել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար, այդուհանդերձ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղաքականություն վերադարձած Քոչարյանի դաշինքի կուսակցություններից մեկը հենց ՀՅԴ-ն է լինելու։ Ինքը՝ Քոչարյանը որևէ կուսակցություն անդամ չէ։

Դաշնակցության ներկայացուցիչ Սաղաթելյանը չհերքեց, որ օրերս ՀՅԴ համահայաստանյան գերագույն ժողովի ժամանակ քննարկվել է դաշինքով ընտրություններին մասնացելու հարցը, սակայն անուններ չնշեց. «Կհայտնենք բանակցությունները ավարտելուց և ընտրություն նշանակելուց հետո»:

Արտահերթ ընտրությունները լավագույն ձևը չեն իշխանափոխության համար, այդուհադներձ, արտախորհրդարանական կուսակցությունում վստահ են, որ ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին գնալ այդ քայլին։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ փողոց դուրս եկած 17 ընդդիմադիր քաղաքական ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժման» հետ, որը պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էր անցկացնում։ «Ազատության» հետ զրույցում Սաղաթելյանը հաստատեց, որ շարժման ներսում տարաձայնություններ եղել են ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։

«Անկեղծ ասեմ՝ այո, որովհետև, երբ որ կուսակցությունները մտածեցին ընտրությունների գնալու մասին և սկսեցին դա դիտարկել այս իշանություններին հեռացնելու ճանապարհ, այո, շարժումն այդ իմաստով տուժեց», - նշեց Սաղաթելյանը:

Թեպետ շարժումը տուժեց, բայց Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է՝ նպատակից չեն շեղվել, պահանջը նույնն է. «Այսօրվա կառավարությունը վարչապետի գլխավորությամբ վտանգ է մեր երկրի, հասարակության, պետականության ու ժողովրդի համար և օր առաջ պետք է հեռանա: Էդ հեռացման ճանապարհային քարտեզի մեջ տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատկերացումներ ունեն»:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ փողոցային պայքարից այս ընթացքում էլ չեն հրաժարվում. առաջիկայում ավելի հստակ կներկայացնեն՝ ինչ, որտեղ, երբ։ Իսկ թե ինչպես են պատրաստվում արտահերթ ընտրություններին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով, դեռ քննարկում են. նախնական ցուցակներ չեն կազմել, անուններ չեն քննարկվել. «Ի տարբերություն գործող վարչապետի կամ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, մենք քարոզարշավ չենք սկսել»:

Տարածած հաղորդագրության մեջ ՀՅԴ-ն ընդգծում է, որ ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար։ Պնդում էր՝ իշխանությունը կեղծելու է ընտրությունները։ Հարցին՝ ի՞նչ հիմքեր կան, Դաշնակցության ներկայացուցիչը պատասխանեց՝ բազմաթիվ փաստեր, սակայն դեռ չի նշում։ Իրենց մասնակցությամբ էլ փորձելու են կանխել այդ ամենը։

«Եթե կփորձեն դա անել, ուրեմն հետընտրական պրոցեսով կքշենք սրանց», - նշեց Սաղաթելյանը:

Տարբեր տարիների Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ժամանակ ստացել էր ընտրողների ձայների 3,88 տոկոսը։ Ինչո՞ւ են վստահ, որ պատմությունը չի կրկնվի. «Մենք համոզված ենք, եթե առանձին գնանք կհաղթահարենք, ոչ միայն կհաղթահարենք, այլ բավականին լավ արդյունք կգրանցենք, բայց մեր նպատակն այս ընտրություններին մանդատ ունենալը չէ, մեր գերագույն գլխավոր նպատակն այս չարիք իշխանություններից ազատվելն է»:

Իրավիճակ է փոխվել, հավելում է Սաղաթելյանը՝ ընդգծելով՝ մարդիկ, որ 2018-ին վստահել ու ընտրել էին Փաշինյանին, հատկապես պատերազմից հետո խորը հիասթափություն են ապրում։ «Ազատության» հարցին՝ արդյոք արտահերթ ընտրությունները իրականում կարտահայտեն ժողովրդի կամքը՝ հաշվի առնելով, որ հիասթափությունը մեծ է նաև նախկին իշխանություններից։

«Նախկինում տեղի ունեցած որևէ արատավոր երևույթ այլևս չի կրկնվելու, նայենք առաջ և ամենակարևորը՝ մենք խոսելու ենք ապագայից, մենք խոսելու ենք Հայաստանի ու Արցախի ապագայից ու երաշխավորված ապագայից», - ասաց Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ ներկայացուցիչը նաև կարծում է՝ հնարավոր ընտրությունները անցնելու են լարված միջավայրում, դժվար է պատկերացնել, որ տեղի կունենան բովանդակային, ծրագրային քննարկումներ։

Աղբյուրը՝  Azatutyun.am