կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-28 16:27
Քաղաքական

Դժգոհությունների պատճառը միայն ապաշնորհ կառավարողները չեն. ՀՅԴ-ն Արթիկում է

Դժգոհությունների պատճառը միայն ապաշնորհ կառավարողները չեն. ՀՅԴ-ն Արթիկում է

Այսօր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին Արթիկի բնակչության հետ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը նոր չէ, որ պետք է քարոզի համակարգը փոխելու հարցը, որովհետև կառավարման համակարգը փոխելու մասին Դաշնակցությունը վաղուց է խոսել: Այսօր Հայաստանն ունի 24 տարվա նախագահական կամ կիսանախագահական համակարգի փորձ, և այն խնդիրները, որոնք կուտակվել են այսօր, ըստ Ռուստամյանի` չեն առաջացել հինգ կամ տասը տարում, դրանք առաջացել են 1991թ-ից, երբ Հայաստանը որդեգրեց նախագահական կառավարման մոդելը:

«Մենք դեռ 1991թ-ին էինք զգուշացնում, որ դա սխալ համակարգ է: Երկրի ղեկավարումը դարձավ միանձնյա, ռեժիմը դարձավ ավտորիտար, ինչն ունեցավ իր հետևանքները: Հիմա կա սոցիալական դժգոհություն, և մենք էլ այդ դժգոհողներից մեկն ենք, բայց պետք է հասկանալ, թե այդ դժգոհությունը որտեղից է գալիս, արդյո՞ք դրա մեղավորները միայն ապաշնորհ իշխանություններն են, թե՞ համակարգը ևս մեղավոր է: «Ոչ»-ի ու «այո»-ի հիմնական տարբերությունը սրա մեջ է, երբ առաջինն ասում է, որ համակարգը մեղավոր չէ, այլ մարդիկ, ովքեր եթե բարի կամք դրսևորեն, ամեն ինչ լավ կլինի, իսկ «այո»-ն էլ ասում է, որ համակարգն է մեղավոր: Այս ընթացքում երեք նախագահ ենք փոխել, ո՞վ էր խանգարում, որ նրանք բարի կամք դրսևորեին ու խնդիրները լուծեին: Յուրաքանչյուր նախորդ նախագահը դժգոհում է հաջորդից, իսկ ժողովուրդը՝ բոլոր երեքից: Եթե անձով էր պայմանավորված, երեքից գոնե մեկից հասարակությունն այդքան չէր դժգոհի: Ուրեմն խնդիրը միայն անձանց մեջ չէ. խնդիրը համակարգի մեջ է, որը թույլ է տալիս, որ մարդիկ իշխանությունը կենտրոնացնեն իրենց ձեռքում, և մի մարդ որոշի երկրի ճակատագիրը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ անգրագիտություն է այն պնդումը, թե իբր ինչ կապ ունի Սահմանադրությունը մարդկանց խնդիրների հետ: Ամբողջ աշխարհում Սահմանադրությունը կապ ունի մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, ինչպե՞ս կարող է Հայաստանում կապ չունենալ: Ըստ Արմեն Ռուստամյանի` գործող Սահմանադրության մեջ գեղեցիկ բառերով հռչակվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, սակայն, ցավոք, գործող Սահմանադրությունը չի արտացոլում այն մեխանիզմները, որոնց հիման վրա կիրացվեն մարդու իրավունքները:

Եթե իշխանության երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական, իրապես տարանջատված չեն, անիմաստ է խոսել մարդու իրավունքների մասին, որովհետև մարդը պետք է կարողանա երեք տարբեր ճյուղերով պաշտպանել իր իրավունքները. օրենսդիրով չեղավ՝ փորձի գործադիրով, դա էլ չեղավ, դիմի դատական մարմիններին: Բայց եթե այդ երեք ճյուղերը որոշում և ձևավորում է մեկ անձ, ուրեմն վերանում են այդ երեք հնարավորությունները, մնում է մեկ հնարավորություն, այն է՝ այդ որոշող մեկ անձի հետ ունենալ լավ հարաբերություններ ու նրա բարեհաճությանը արժանանալ, ինչն էլ արդեն երկիրը տեսել է այս տարիների ընթացքում:

«Երեք նախագահ է փոխվել, բայց փոփոխվել են միայն նրանց շրջապատի մարդիկ, որոնք ունեցել են արտոնություններ, որ անգամ կարող էին օրենքը շրջանցել, մինչդեռ մի խեղճ քաղաքացի հանկարծակի սայթաքի, կփտի բանտում: Այսինքն նախագահի շրջապատից դուրս գտնվող մարդը չի կարողանում իր իրավունքները պաշտպանել, ինչն արդեն իսկ նորմալ չէ»,- ասաց Արմեն Ռուստամյանը: