Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին լրագրողները հարց ուղղեցին սիրիահայերի խնդիրների ու նրանց դժգոհությունների մասին, որին նա պատասխանեց.
«Ի վերջո, մեր երկիրը ամենազարգացած հարուստ երկիրը չէ, որ հենց դրսից գան, բոլորի խնդիրները կարողանա լուծել, բոլորին բնակարաններ կարող է տալ: Մենք երեք ներգաղթ ենք ունեցել: Այժմ սիրիահայերի ներգաղթն է, և ամենափայլուն ձևով լուծվել են նրանց բոլոր խնդիրները: Այսօր մենք սիրիահայերի համար բոլոր պայմաններն ենք ստեղծել՝ տարբեր հարցերը կարգավորելու համար: Հիմա էլ փորձում ենք հնարավորինս ակտիվացնել «Նոր Հալեպ» թաղամասի միջոցով, որպեսզի նրանք այստեղ մնան, հաստատվեն: Նրանց 30 տոկոսը բնակարան ունի, և ապրում են իրենց բնակարաններում: Նրանց մի հատվածը կարողացել է իր ֆինանսներով լուծել վարձի խնդիրը և ապրում է բարեկեցիկ բնակարաններում, իսկ այն մասը, ովքեր քիչ են և բավարար գումար չունեն, նրանց հարցերը հնարավորինս լուծում ենք: Չեք կարող տեսնել մի սիրիահայի, ով այսօր փողոցում է մնացել: Այսօր նրանց համար ստեղծվել են բոլոր պայմանները` նորմալ ապրելու համար: Մոտ 20 միլիոն դոլարի օգնություն է հատկացվել` նրանց տարաբնույթ խնդիրները լուծելու համար, և այսօր չկա մեկ սիրիահայ, ով փողոցում է մնացել: Այնինչ Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում սիրիացիները ճամբարներում են ապրում, վատ պայմաններում ու օրվա ջրի ու հացի կարոտ են»:
Հրանուշ Հակոբյանի խոսքով` սիրիահայերի դժգոհությունները կարելի է հասկանալ, որովհետև նրանք ֆիզիկապես են փրկվել, բայց հոգեպես դեռ ծանր վիճակում են, նրանց բարեկամները դեռևս Սիրիայում են, ուր ամեն օր ռմբակոծվում են հայաշատ թաղամասերը: Նա նշեց, որ Հայաստանում սիրիահայերի թիվն անցնում է 10 հազարից: «Մի քանի տասնյակ սիրիահայեր Հայաստանից մեկնել են եվրոպական երկրներ: Սակայն Եվրոպան ու Ամերիկան էլ դռները լայն չեն բացել նրանց համար: Լիբանանից ամեն շաբաթ տասնյակ սիրիահայեր գալիս են Հայաստան, քանի որ այնտեղ ապրելն էլ շատ թանկ է, իսկ Հայաստանում նրանց համար ապրելը համեմատաբար մատչելի է»,- հավելեց նախարարը: