կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-24 17:40
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Տե՛ր կանգնենք մեր ազգային արժեքներին. ՀՅԴ-ի տոնախմբությունը Արթիկում

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Տե՛ր կանգնենք մեր ազգային արժեքներին. ՀՅԴ-ի տոնախմբությունը Արթիկում

Վերջին տարիներին ահռելի փոփոխություններ են կատարվել մեր արժեհամակարգում: Ի վերուստ մեզ տրված արժեքներն օրեցօր փորձ է արվում փոշիացնել , իսկ փոխարենը մեծ ծավալների է հասնում այլասերումը, նյութապաշտությունը։ Մենք ապրել ենք դարեր շարունակ ու հաղթել, և մեր հաղթանակների գրավականը եղել են ամուր ընտանիքը, կրոնը, լեզուն, մշակույթը, բանակը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ նշել է ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» Կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը, ով նոյեմբերի 23-ին ելույթ է ունեցել  ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» Կոմիտեի և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) Արթիկի «Արգիշտի Գաբոյան» խմբի համատեղ ջանքերով կազմակերպած միջոցառմանը։

ՀՅԴ ՀԵՄ-ի մարզային ներկայացուցիչները հանրապետության մարզերում իրականացնում են միջոցառումների շարք՝ այդպիսով ինչ-որ տեղ նաև հակադարձելով Երևանից վերջին շրջանում «արտահանվող» ապազգային արժեքներին և այլասերվածության քարոզին։ Արթիկում նախաձեռնված «Տեր կանգնենք մեր ազգային արժեքներին» խորագրով միջոցառումը ևս խորքի մեջ ուներ այդ ուղերձը։

Իր բնույթով բացօթյա միջոցառումն սկսվեց Արթիկի Սբ. Գր. Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ միասնական աղոթքից և Տեր Վիգեն քահանա Ղազարյանից օրհնություն ստանալուց հետո այն շարունակվեց եկեղեցուն հարակից տարածքում։ 

«Կործանման է դատապարտված այն ազգը, որը չի կարողանում պահպանել իր ազգային ավանդույթները», - այս խոսքերով նախաձեռնությունը արժևորեց ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը, իսկ ՀՅԴ ՀԵՄ-ի Արթիկի խմբի անդամ Տարոն Աղաքարյանը իր կազմակերպության անունից նույնանման կոչ ուղղեց հայ երիտասարդությանը։

Նույնկերպ արժևորելով միջոցառումը՝ Մհեր Մելքոնյանը փաստում է․ «Մենք` հայերս, հզոր և պայքարող ժողովուրդ ենք: Մեզ ավելի հաստատակամ և ամուր պահում է մեր նախնիներից դարերով եկած ավանդույթներն ու ազգային արժեքները; Հայերիս համար ընտանիք, օջախ հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի, քանի որ դարեր շարունակ այն եղել է մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման ինքնատիպ միջավայր, որտեղ դաստիարակվել են ստացածը խնամքով պահպանող ու ապագային փոխանցող մեր սերունդները»:

Նա կարծում է, որ ազգային արժեքները տվյալ ազգի պատմութունն են` անցած ճանապարհը, որը ներառում է կրոնը, մշակույթը, հասարակական ու քաղաքական կյանքը:

«Նոր սերնդի արժեհամակարգի ձևավորման, կրթության և դաստիարակության գործում լուրջ անելիքներ ունի նաև հայ դպրոցը, որի գերնպատակը պետք է լինի կերտել բարոյական, ազգային արժեքներով օժտված, ազգային նկարագիր ունեցող սերունդ: Ժամանակակից դպրոցի կարևորագույն առաքելություններից մեկն էլ երեխայի մեջ իր ազգին բնորոշ բարոյական և հոգևոր արժեքների ձևավորումն ու զարգացումն է: Նրա խնդիրն է պահպանել և փոխանցել այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից։ Ավանդույթները ազգային արժեքներ են, որոնք բնութագրում են մեր ժողովրդին, նրա հաստատուն լինելը և հային բնորոշ յուրահատկությունը»,- նշում է ՀՅԴ Արթիկի Կոմիտեի ներկայացուցիչը և փաստում՝  պետք է պահպանել այն, ինչ դարերով փոխանցվել է մեզ, և մենք էլ մեր հերթին պետք է փոխանցենք սերունդներին, որպեսզի մեր ազգի ավանդույթները դարերով շարունակվեն:

«Այսօր էլ ազգային արժեքներին խեղաթյուրման վտանգ է սպառնում: Մեր ավանդույթները պարզապես կարիք ունեն պահպանման, յուրաքանչյուրս փորձենք դառնալ դրանց կրողը` դա դարձնելով մեզ համար կենսակերպ: Մեր ազգային արժեքները թանկ ժառանգություն են, որոնք մենք պարտավոր ենք պահել անբասիր և նրա հենքի վրա կառուցել նորը», - եզրափակեց իր խոսքը Մհեր Մելքոնյանը:

Միջոառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, որտեղ ելույթներով հանդես եկան ՀՅԴ ՀԵՄ-ի «Արգիշտի Գաբոյան» խմբի և ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության Արթիկի միավորի անդամները, ինչպես նաև Գյումրու «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնի նույնանուն ազգագրական պարի խումբը:

Հիշեցնենք, որ այս ամենին զուգահեռ ՀՅԴ ՀԵՄ-ի Երևանի միավորի ներկայացուցիչներն իրենց հերթին իրականացնում են ԿԳՄՍ նախարարի ապազգային կերպարի և իրականացվող հակազգային ծրագրերի մերժման ուղղությամբ մի շարք գործողություններ: