կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-03 13:08
Տարածաշրջան

Հրաժավե՛ք հայկական բանաձևից. Թուրքիայում չի դադարում դժգոհությունների ալիքը

Հրաժավե՛ք հայկական բանաձևից. Թուրքիայում չի դադարում դժգոհությունների ալիքը

Թուրքիայում չեն դադարում դժգոհությունները՝ կապված հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մեհդի Էքերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին նամակ է հղել։ 3 էջանոց նամակում ուշադրության էր հրավիրվում երկու երկների միջև հարաբերություններին՝ նշվելով, որ «հայկական պնդումները չեն համապատասխանում իրականությանը»։

«Եթե անհաջող սխալ կամ վատ պատահականություն չէ այս բանաձևը, ապա անհնար է դա չորակել որպես թշնամական մոտեցում թուրք ժողովրդի նկատմամբ՝ նրա համար կարևոր օր համարվող հոկտեմբերի 29-ին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը)։ Պատմությունը չի կարող դարձյալ գրվել քաղաքական խորհրդարանների կողմից». – նշված է նամակում։

Անկարայի համալսարանի խորհուրդն իր հերթին է քննադատել ԱՄՆ ՆՊ-ի որոշումը։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը սևացնում է պատմական իրողությունները, դառնում է գործիք քաղաքական շահերի նպատակով և ընդգծվում, որ Թուրքիան միշտ պաշտպանել է արխիվների բացման առաջարկը և սա պատմաբանների, այլ ոչ թե քաղաքագետների գործն է. «Ցավով քննադատում և մերժում ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված այս որոշումը։ Այս որոշումը վտանգում է 19-րդ դարից սկսված Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը։ Ցանկանում ենք, որ ԱՄՆ լիազոր մարմինները դարձյալ գնահատական տան և հետ քաշեն այս որոշումը»։

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն էլ նշում է, որ Հայոց ցեղասպանության թեման բարձրաձայնողներն թող նախ և առաջ հաշիվ տան կարմրամորթներին (այդպես են թուրքերն անվանում Ամերիկայի տեղաբնիկներին՝ հնդկացիներին)։ Իսկ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ երկրի դժգոհությունն է հայտնել պատվիրակությանը՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ պարունակող բանաձևի առնչությամբ։

Թուրքիայի «Հայրենիք» կուսկացության (Vatan Partisi) նախագահ, ազգայնական, տխրահռչակ գործիչ Դողու Փերինչեքը, ով ժամանակին դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հերքման համար, նշում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը հիմարություն է. «Այս որոշումը առնչություն չունի ո՛չ օրենքի, ո՛չ էլ մարդկության հետ։ Սա իմպերիալիստական որոշում է... Այնպես, ինչպես Լոզանում, Բեռլինում, Փարիզում և աշխարհի 7 այլ վայրերում մեր հնչեցրած կոչերի վերաբերյալ հայտարարում ենք դարձյալ. Հայոց ցեղասպանությունը սուտ է, Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է, Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական սուտ է. Առաջին աշխարհամարտի ժամանակ մենք մեր հայրենիքն ենք պաշտպանել». – հայտարարել է Փերինչեքը։