Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթիկ խոշորացված համայնքում, որը քաղաքի շուրջ միավորում է ևս 23 համայնքների, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում հստակ մեխանիզմ է գործում՝ ՔՊ-ի շուրջ հավաքել են գրեթե բոլոր համայնքապետերին, որոնք ՔՊ-ին ո՛չ հարում են, ո՛չ էլ գաղափար ունեն, թե ինչ է այդ կուսակցությունը, բայց պարտադրանքով բոլորին հավաքել են մի տեղ, որպեսզի հեշտացնեն ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործընթացը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող թեկնածու, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ բնապահպանության նախկին նախարարի տեղակալ, ԱԺ նախկին պատգամավոր, Արթիկի շրջանային վիճակագրական վարչության նախկին պետ Հակոբ Մաթիլյանը։
«Այդ մարդիկ ՔՊ-ի գաղափարները կրողները չեն, և իրենց համար այսօր շատ դժվարին խնդիր է որոշում կայացնել՝ սատարո՞ւմ են, թե՞ չեն սատարում։ Չեն ուզում՝ ասելն էլ է հարաբերական, որովհետև մարդիկ կան, որ գայթակղվում են դեպի աթոռը, իսկ մարդիկ կան, որ իրոք չուզենալով՝ հարկադրված են այնտեղ գնացել»,-ասաց Հակոբ Մաթիլյանը։
Չնայած ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների են, բայց ՀՅԴ թեկնածուն վստահ է, որ հնարավոր չի լինելու խուսափել ընտրությունների քաղաքական ուղղվածությունից։
«Ընտրության ձևը, բովանդակությունը արդեն քաղաքական է, որովհետև համամասնական կարգով ընտրություններ են տեղի ունենում, դա նշանակում է, որ այս ընտրություները նաև հնարավորություն են քաղաքական գնահատական տալ գործող իշխանությանը․ այստեղ շատ մեծ դերակատարություն է ունենալու իշխանությանը գնահատական տալու պրոցեսը, և այս առումով ազգաբնակչությունը պետք է կողմնորոշվի և այդ փաստը նաև հաշվի առնելով մասնակցի ընտրություններին»,-ասաց Հակոբ Մաթիլյանը։
Բացի ՀՅԴ-ից Արթիկում ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել ևս վեց քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատականը», «Հանուն Հանրապետությանը», «Ապրելու երկիրը», «Հանրապետությունը» և «Միասնական Արթիկ» դաշինքը։ ՀՅԴ ցուցակը գլխավորող թեկնածուն վստահ է, որ միայն Դաշնակցությունն է ընդդիմադիր ուժ, մնացածը իշխանությանը հարող և սպասարկող ուժեր են։
«Այստեղ սարքած բաներ կան․ ինձ համար զարմանալի է, որ Արթիկում հայտնվել է Արման Բաբաջանյանի կուսակցությունը, որը արթիկցիների 100 տոկոսին հարցնես՝ չեն իմանա՝ ով է։ Արժեհամակարգային առումով էլ արթիկցիների հետ կապ չունեն այս մարդիկ, մանավանդ Արման Բաբաջանյանին հիշում են, բայց վատ բաներով են հիշում։ Արման Բաբաջանյանի բլոկում տեղավորվել է ՔՊ-ից անջատված երիտասարդական նեղացած թևը։ Ինձ համար զարմանալի է, որ հայտնվել է Արամ Սարգսյանի կուսակցությունը, «Ապրելու երկիրը» և այլն։ Ես կարծում եմ՝ այդ ամենը կատարվում է իշխող վարչակազմի ցուցումով՝ յուրաքանչյուրին ասում է՝ ո՛ր կուսակցությունում տեղավորվի։ Բայց այդ էլ է պայմանավորված քաղաքական ակտիվությամբ, որովհետև քաղաքականապես ակտիվ մարդիկ, որոնք տեղ չեն գտել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, տեղափոխվել են հարող կուսակցություններում»,-մեկնաբանեց Հակոբ Մաթիլյանը։
Արթիկը երևի թե մարզի ամենաքաղաքականացված բնակավայրերից է, նկատեց նա, ցանկացած ընտրության միշտ իշխանական թե ընդդիմադիր կուսակցությունները Արթիկում ունեցել են իրենց գրասենյակները։ Նույնն էլ այս պահին է։
Հակոբ Մաթիլյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ է և Արթիկ խոշորացված համայնքի համայնքապետ լինելու պատասխանատվությունը հավակնում է վերցնել որպես կուսակցության ղեկավար մարմնի անմիջական անդամ՝ գիտենալով, որ ընտրվելու դեպքում իր թիկունքում կունենա և՛ կուսակցությունն իր Սփյուռքի կառույցներով, և՛ նաև ԱԺ-ի խմբակցությունը։
«Վստահ եմ, որ կունենամ հզոր թիկունք աշխատելու համար ու տեղի կադրային հնարավորությունների վրա էլ ոչ մի կասկած չունեմ՝ շատ լավ կադրեր ունենք, շատ գրագետ հասարակություն»,-ասաց Հակոբ Մաթիլյանը։
24 համայնք միավորող՝ խոշորացված համայնք ղեկավարելն իրոք լուրջ գործ է, փաստեց նա, նախ, որ ամեն ինչ զրոյից է սկսվում, երկրորդը՝ ՀՅԴ-ն նախընտրում էր մի պահ դադարեցնել խոշորացման գործընթացը, ուսումնասիրել նախորդ փորձը, տեսնել դրական ու բացասական կողմերն ու նոր շարունակել, բայց իշխանությունները որոշեցին հապճեպ ձևով շարունակել խոշորացման պրոցեսը և ընտրություններ են նշանակել։ ՀՅԴ-ն էլ մասնակցում է ընտրություններին 39-ից 20 համայնքներում։ Հակոբ Մաթիլյանը վստահեցրեց, որ աշխատող թիմ կա, պրոֆեսիոնալներ, իրենք փորձելու են բոլոր հնարավոր աշխատունակ, մարտունակ, գիտակ ուժերը ներգրավել այդ պրոցեսում, և կարծում է՝ կստացվի։
Արթիկ խոշորացված համայնքի ամենաառաջնային խնդիրը թեկնածուն աշխատատեղեր ունենալու հարցն է համարում։ Ասում է՝ թե՛ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի հնարավորություններն է օգտագործելու, թե՛ իր անձնական կապերը՝ դրսից ներդրումներ ներգրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար։ Բայց դրա համար նախ՝ պետք է ՏԻՄ ընտրություններում ձայն տալ ՀՅԴ-ին, որպեսզի և՛ իշխող թիմի բռնաճնշումներն ու արատավոր բարքերը վերանան Արթիկում, և թե՛ խնդիրները լուծվեն։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․