կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-21 15:57
Քաղաքական

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին թալինցիների հետ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին թալինցիների հետ

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները սահմանադրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին Թալինի բնակիչների հետ: ՀՅԴ անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ամբիոնի դեկան Մարատ Գրիգորյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նշեց, որ այսօր հարցն այսպես է դրված. արդյո՞ք գործող կառավարման համակարգը արդարացրել է իրեն, երբ այսօր տեսնում ենք կառավարման համակարգի բազմաթիվ թերություններ: Նրա խոսքով` սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների հիմնական փաստարկն այն է, թե դեմ են, քանի որ ներկայիս իշխանություններն են այն նախաձեռնել, շատ դեպքերում էլ մեղադրելով ՀՅԴ-ին, թե նրանք իշխանությունների հետ են:

«Ձեզ ասեմ, որ այս հարցում իշխանություններն են մեզ հետ, քանի որ կառավարման համակարգի փոփոխության մասին դեռ տարիներ ի վեր մենք ենք խոսել»,- ասաց Մարատ Գրիգորյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ ՄԻնասյանն էլ նշեց, որ ներկայումս հանրությունը գտնվում է այնպիսի փուլում, որ շատ  կարևոր է` գիտակցված գնալ ընտրությունների, որովհետև ոչինչ ավելի շատ չի խանգարում մեր երկրին, որքան չգիտակցված ընտրությունը:

«Եթե մարդը համոզված չեղավ, որ իր արած գործը արդար է ու ճիշտ, ապա առանց այդ հավատի, հնարավոր չէ առաջ գնալ: Երբ մենք հետահայաց նայում ենք մեր ժողովրդի անցած ճանապարհին, տեսնում ենք, որ Հայաստանի ժողովուրդը մեծամասամբ դժգոհություն է հայտնում թե իշխանություններից, թե երկրի վիճակից: Դժգոհություն հայտնում է թե եկամուտ չունեցողը, թե եկամուտ ունեցողը, թե իշխանավորը, թե ընդդիմությունը: Ստացվում է, որ եթե առկա է դժգոհություն, ապա պարտավոր ենք լուծել այդ հարցը, ոչ թե իրար մեղադրել ու իրար մեջ թշնամի փնտրել»,- ասաց Արծվիկ Մինասյանը`հավելելով, որ սահմանադրական փոփոխությունը կարող են դառնալ այն գործիքը, որի միջոցով աստիճանաբար հնարավոր կլինի երկիրը դուրս բերել համատարած դժգոհության մթնոլորտից:

 Պատգամավորի խոսքով`մինչ այժմ գործող Սահմանադրություններում կարմիր թելով անցնում էր այն, որ քաղաքացիները պետք է սպասարկեն Սահմանադրությանը, և անձնակենտրոն, միակենտրոն համակարգի պարագայում քաղաքացին դառնում էր ծառայություն մատուցող, մինչդեռ պետք է հակառակը լինի, պաշտոնական անձը ինքը պետք է ծառայություն մատուցի քաղաքացուն: