կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-13 21:33
Հասարակություն

ՀՅԴ պատգամավորները հանդիպեցին ազատամարտիկների հետ

ՀՅԴ պատգամավորները հանդիպեցին ազատամարտիկների հետ

Արդեն հայտնել ենք, որ մայիսի 11-ին Ազատության հրապարակում նստացույց է սկսել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով իշխանություններից պահանջում է վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նրան են միացել մի խումբ այլ ազատամարտիկներ: Այսօր Արցախյան պատերազմի մասնակից 50-ից ավելի ազատամարտիկներ Ազատության հրապարակից բողոքի երթ էին կազմակերպել դեպի ՀՀ կառավարության շենք եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակ հանձնել: Այնուհետեւ ազատամարտիկները վերադարձել էին Ազատության հրապարակ:

 

Երեկոյան կողմ ազատամարտիկներին այցելեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը: Թեեւ անձամբ Վոլոդյան Ավետիսյանի հետ հանդիպել նրանք չկարողացան, (վերջինս արդեն գնացել էր` առավոտյան 10:00-ին կրկին Ազատության հրապարակում լինելու պայմանավորվածությամբ), բայց զրուցեցին մյուս ազատամարտիկների հետ:

 

Աղվան Վարդանյանը եւ Արմեն Ռուստամյանը Վոլոդյան Ավետիսյանին կհանդիպեն վաղը` Ազատության հրապարակում:

 

Իսկ մինչ այդ Yerkir.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը հիշեցրեց, որ վաղը 10:00-ից մինչեւ 12:00-ն կրկին նստացույցի է լինելու, որից հետո այն դադարեցնելու եւ սպասելու է նամակի պատասխանին:

 

«Ակնկալում եմ, որ հարցը դրական լուծում կստանա, որովհետեւ իրենք էլ են երեւի ցանկանում, որ լավ լինի»,- նշեց ազատամարտիկը` հավելելով, որ նամակի բացասական պատասխանի դեպքում հետագա քայլերի մասին հավելյալ կտեղեկացնի: