Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր անակնկալ այցելել է Ազգային ժողով և փակ հանդիպում անցկացրել ԱԺ արտաքին հարաբերությունների, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովների անդամների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո Նալբանդյանը չի մանրամասնել, թե ինչով է պայմանավորված այս պահին նման փակ հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունը: Եվ, չնայած դրան, որոշ հանգամանքներ թույլ են տալիս ենթադրել, որ խոսքը վերաբերում է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը: Ավելին` ԱԺ-ում անցկացված այս հանդիպումը ամրապնդում է կասկածները, որ ԼՂ հիմնահարցի շուրջ ինչ-որ տարօրինակ և, չի բացառվում, վճռորոշ կուլիսային գործընթացներ են տեղի ունենում, որոնք փաստացի սկսվեցին նախորդ շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցից հետո: Դրա մասին է խոսում իրադարձությունների ժամանակագրությունը:
Լավրովը դեռ չէր հասցրել Հայաստանից հեռանալ, երբ թե\' հայկական, թե\' ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով անանուն աղբյուրների, նշեցին, թե քննարկվում է նախկին ԼՂԻՄ-ին հարակից, ներկայիս ԼՂՀ-ի մաս կազմող առնվազն 5 շրջաններ Ադրբեջանին հանձնելու և ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տալու տարբերակը: Դրանից հետո տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` աննախադեպ օրակարգով և ուղերձներով հագեցած այցը Մոսկվա, որտեղ նա հայտարարում է, առանց ԼՂՀ-ի` բանակցություններին լիարժեք մասնակցության, կոնֆլիկտի կարգավորման անհնարինության մասին: Թեև Սահակյանը Մոսկվայում պաշտոնական հանդիպումներ չունեցավ, սակայն նրան ասուլիս կազմակերպելու հնարավորություն տրվեց Կրեմլին մերձ լրատվական գործակալությունում, ինչը ԼՂՀ-ի սուվերենությունը յուրատեսակ ձևով եթե չճանաչելու, ապա գոնե ընդգծելու դրսևորում էր:
Այդ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սոցիալական ցանցերի միջոցով հայտնեց, որ համանախագահները մեկնում են Նյու Յորք` ՄԱԿ-ի կենտրոնակայան, և Վաշինգտոն` ԼՂ հարցով խորհրդակցություններ անցկացնելու` առանց բացատրելու, թե ինչո՞վ է պայմանավորված դրանք հատկապես ՄԱԿ-ում անցկացնելու անհրաժեշտությունը, երբ ՄԱԿ-ը ԼՂ հարցով զբաղվելու մանդատ չունի:
Բացի դրանից` Բակո Սահակյանի մոսկովյան այցի ավարտից հետո ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը կանգ է առնում Երևանում և գրեթե աննկատ այցելում Հայաստանի խորհրդարան, որի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի արվում: Իսկ մինչ այդ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում էր անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ` օրակարգում քննարկելով ԼՂ հիմնահարցը:
Դրա նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը փաստացի ո\'չ հերքում և ո\'չ էլ հաստատում է այն տեղեկատվությունը, թե բանակցություններում քննարկվում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու հնարավորությունը` նշելով միայն, թե ԱՄՆ-ը պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ու Մինսկի խմբի միջեւ ընթացող ներկայիս գործընթացը: Թե բանակցությունների բացակայության պայմաններում ի՞նչ գործընթաց նկատի ուներ Բրինքը, որոշ չափով բացահայտեց ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով օրերս հայտարարեց, թե ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են քննարկել հակամարտության կարգավորման մանրամասները: Այս հայտարարությունն առավել քան տարօրինակ էր, եթե նկատի ունենանք, որ մինչ այդ համանախագահներն առաջընթաց էին որակում նույնիսկ խաղաղության պահպանման համար անհրաժեշտ քայլերի շուրջ կողմերի քննարկումները:
Եվ ահա այս ամեն ֆոնին երեկ` Հայաստանի իշխող կուսակցության` ՀՀԿ-ի գործադիր մարմնի հերթական նիստից հետո, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը լրիվ անակնկալ հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին` մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը, այսինքն` մինչև դեկտեմբերի 6-ը: Սա այն դեպքում, երբ մինչ այդ խոսվում էր այդ հանդիպումը միայն հանրաքվեից հետո անցկացնելու մասին:
Չափազանց տարօրինակ է նաև վերջին շրջանում Բաքվի պահվածքը: Նախ` պաշտոնական Բաքուն, սովորության համաձայն, հիստերիա չբարձրացրեց ԼՂՀ նախագահի` Մոսկվա կատարած այցի և նրան այնտեղ ցուցաբերված աննախադեպ վերաբերմունքի կապակցությամբ: Ավելին` ադրբեջանական իշխանությունները նոյեմբերի 12-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, Հայաստանին վերադարձրին սահմանը պատահաբար անցած` Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանին, իսկ նոյեմբերի 18-ին` նաև ամիսներ առաջ ինքնակամ ադրբեջանական կողմն անցած` ԼՂՀ ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին:
Բացի դրանից` վերջին շաբաթներին Ադրբեջանն իրեն ոչ բնորոշ խաղաղասիրություն է դրսևորում նաև հակամարտ զորքերի շփման գծում` աստիճանաբար նվազեցնելով հայկական դիրքերի գնդակոծման ինտենսիվությունը: Սա բացարձակապես չի տեղավորվում ԼՂ հարցով բանակցությունների ցանկացած ռաունդին ընդառաջ իրավիճակը լարելու` Բաքվի մարտավարության մեջ` թույլ տալով եզրակացնել, որ այս տարօրինակ վարքագիծը պայմանավորված է սպասողականությամբ:
Այս համատեքստում նկատելի հանդարտություն է ցուցաբերում նաև հայկական կողմը: Օրեր առաջ, երբ Արցախում հակառակորդի կրակոցներից երկու ժամկետային զինծառայողներ զոհվեցին, ո\'չ Երևանից, ո\'չ էլ Ստեփանակերտից համարժեք պատասխան չեղավ: Դժվար է հավատալ, որ այս հանգամանքների` նման տարօրիակ դասավորությունը պատահական համընկնման արդյունք է, և որ այս ամենի ֆոնին Էդվարդ Նալբանդյանը պարզապես հերթապահ հարցեր քննարկելու համար էր շտապել ԱԺ: Չի բացառվում, որ իսկապես բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում թե\' մերձավորարևելայն տարածաշրջանում առկա քաղաքական իրավիճակի և թե\' Ադրբեջանին ԵՏՄ քաշելու` Ռուսաստանի հետևողական քաղաքականության համատեքստում: Սակայն թե կոնկրետ ի՞նչ կուլիսային պրոցեսներ կարող են ընթանալ, կարելի է միայն ենթադրել: Այս հարցին, իհարկե, դեռ կանդրադառնանք:
Գևորգ Դարբինյան