Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը նոր, ուշագրավ հանգամանքներ է պարզել` հոկտեմբերի 6-ին թուրքական ռազմական ուղղաթիռի կողմից հայ-թուրքական սահմանը խախտելու դեպքի հետ կապված: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային սահմանը և 2-4 րոպե տևողությամբ պտտվել Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրի հատվածում: Այս դեպքն ուշագրավ էր այնքանով, որ Արցախյան պատերազմից ի վեր նման դեպք չէր գրանցվել, թերևս պաշտոնապես այդ մասին երբևէ չի հաղորդվել:
Ըստ ՀՀ քաղավիացիայի վարչության պաշտոնական մեկնաբանության ՝ թուրքական ուղղաթիռների սահմանախախտումը պայմանավորված է եղել եղանակային անբարենպաստ պայմաններով: Նշենք, որ եթե որևէ երկրի ռազմական օդանավ կամ ուղղաթիռ, առանց նախնական համաձայնեցման, հատում է այլ երկրի օդային տարածքը, ապա պետք է ենթարկվի հարկադիր վայրէջքի: Օրինակ` այսօր Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ռուսական ինքնաթիռ է խոցել՝ պատճառաբանելով, թե այն իր օդային սահմանն է հատել:
Հոկտեմբերի 6-ին սահմանը խախտած թուրքական ուղղաթիռը խոցելու կամ դրան հարկադիր վայրէջք պարտադրելու լիազորություն ունեցել են ռուս սահմանապահ ուժերը, որոնք վերահսկում են հայ-թուրքական սահմանը: Ըստ որոշ տեղեկությունների` ռուսները չեն հասցրել կատարել առաջադրանքն ու հարկադիր վայրէջք պարտադրել (խոցման մասին խոսք անգամ չի եղել) ուղղաթիռին, ինչն էլ հնարավորություն է տվել նրանց հայկական սահմանը խախտելուց և ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո անարգել հետ վերադառնալ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում սահմանախախտման դեպք, այս անգամ` ցամաքային, գրանցվել է նաև ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում` հայ-թուրքական պետական սահմանին: Մեր տեղեկություններով` Աֆղանստանի երկու քաղաքացի՝ Շոքաթ Ամինզան և Սեդիղոլլահ Ալիզադեն, առանց սահմանված փաստաթղթերի, մուտք են գործել Հայաստան, սակայն բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից: ՀՀ ԱԱԾ-ում հիշյալ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը), և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Թե ի՞նչ նպատակներով են հիշյալ քաղաքացիները հատել ՀՀ պետական սահմանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնի է պահում: Պատկան մարմինները գաղտնի են պահում նաև նրանց քաղաքացիությունը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ աֆղանստանցիները, ովքեր, ըստ իրավապահների, անզեն են եղել, հայտարարել են, թե սահմանը հատել են Հայաստանից ապաստանի իրավունք խնդրելու նպատակով: Այսինքն` նրանք Աֆղանստանից Իրան, այնտեղից էլ Հայաստան ամենակարճ ճանապարհով գալու և Իրան-Հայաստան բաց սահմանն անցնելու փոխարեն նախընտրել են շրջանցել Իրանը և անցնել հայ-թուրքական փակ սահմանը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ սահմանախախտների պատմածը միանշանակ չի ընդունվել ՀՀ իրավապահների կողմից, և ԱԱԾ-ն Ինտերպոլի օգնությամբ համապատասխան հարցումներ է ուղարկել՝ նրանց մասին տեղեկություններ ճշտելու համար: Ավելին` աֆղանստանցիների ՝ ահաբեկիչ լինելու կասկածները փարատելու համար վարույթն իրականացնող մարմինը համապատասխան փորձաքննություն է անցկացրել, և նրանց մարմնի վրա կրակոցների և այլ արգասիքների հետքեր չեն հայտնաբերվել: Սա հիմք է տվել վարույթն իրականացնող մարմնին ենթադրելու, որ նրանք երբևէ չեն մասնակցել մարտական կամ այլ գործողությունների: Սակայն նշենք, որ այս հանգամանքը դեռևս չի բացառում նրանց անդամակցությունն ահաբեկչական կամ այլ խմբավորումների:
Վերլուծելով հիշյալ իրադարձություններն ու դրանց «պատահական զուգադիպությունը»` չի կարելի բացառել, որ մենք գործ ունենք սահմանին թուրքական հատուկ ուժերի կանխամտածված գործողությունների հետ: Այն, որ եղանակային անբարենպաստ պայմաններն են ստիպել թուրք օդաչուներին շեղել թռիչքի ուղղությունը, համոզիչ կլիներ, եթե սահմանը չխախտվեր երկու անգամ ՝ իրար հաջորդող օրերի, և որ ամենակարևորն է, եթե այդ խախտմանն անմիջապես նախորդած չլիներ ռուսական ռազմական օդանավերի կողմից թուրքական օդային սահմանների խախտումը սիրիական ճակատում: Իսկ երբ այս տարօրինակ զուգադիպություններին ավելանում է ևս մեկը՝ ահաբեկչական խմբավորումներով հայտնի երկրի քաղաքացիների կողմից նույն օրը հայ-թուրքական սահմանը հատելը, իրավիճակն ավելի է խճճվում:
Ի դեպ, սահմանախախտման երկու դեպքերն էլ գրանցվել են հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ իրարից 24 կմ հեռավորության վրա: Չի բացառվում, որ երկու դեպքերն էլ կապված են իրար հետ, այսինքն` սահամախախտումը կազմակերպված է եղել և կառավարվել է մեկ օղակից: Հավանական վարկածներից մեկի համաձայն՝ ուղղաթիռը, սահմանը խախտելով, նպատակ է հետապնդել շեղել սահմանապահ ուժերին` այդ կերպ հեշտացնելով աֆղանստանցիների անարգել մուտքը Հայաստան, որը, բարեբախտաբար, կանխվել է:
Թե ի՞նչ նպատակ են իրականում հետապնդել աֆղանստանցիները` Հայաստան մուտք գործելով, և արդյո՞ք դա կապ ունի նույն օրը թուրքական ռազմական ուղղաթիռի կողմից մեր սահմանը հատելու հետ, պետք է պարզեն պատկան մարմինները: Այս գործում լուրջ ասելիք ունի Ազգային անվտանգության ծառայությունը:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ