կարևոր
3721 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 19:47
Արցախ

Միայն թափանցիկ աշխատանքով է հնարավոր վստահություն ձեռք բերել եւ ներդրումներ ներգրավել. Ռուբեն Վարդանյան

Միայն թափանցիկ աշխատանքով է հնարավոր վստահություն ձեռք բերել եւ ներդրումներ ներգրավել. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախի ներդրումային ու Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների աշխատակազմերին է ներկայացրել  հիմնադրամների նորանշանակ տնօրեններին: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Արցախի կառավարությունից։

Արցախի ներդրումային հիմնադրամում, ներկայացնելով գլխավոր տնօրեն Սեւակ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանը կարեւորել է հիմնադրամի հետագա թափանցիկ գործունեության կազմակերպումը՝  ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հանրության վստահությունը ձեռք բերել ու նպաստել Արցախում  ներդրումային միջավայրի ակտիվացմանը: Նա նկատել է, որ շրջափակումը նոր իրողություն է ստեղծել, եւ հիմնադրամը պետք է գնահատի իր գործունեության առաջնահերթությունները։ «Վստահ եմ, որ այս դժվարությունները հաղթահարելու ենք ու գնալու ենք առաջ, եւ հիմնադրամը պետք է դառնա այն կարեւոր օղակներից մեկը, որը ներդրումային ծրագրեր կբերի Արցախ ու կիրականացնի դրանք։ Պետք է աշխատենք թափանցիկ, բարձր որակով կատարենք մեր աշխատանքը, որպեսզի մարդկանց մոտ եւ՛ վստահություն լինի, եւ՛ Արցախում ներդրումներ անելու պատրաստակամություն»,-նշել է պետնախարարը:

Ներկայացնելով Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն  Վալերի  Ղազարյանին, պետնախարարը ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից:  Ռուբեն Վարդանյանը առանձնահատուկ կարեւորել է շրջափակման պայմաններում  հիմնադրամի  համակարգված եւ հետեւողական աշխատանքը: «Գյուղատնտեսությունը մեզ համար  կարեւոր ուղղություններից մեկն է թե՛ անվտանգության, թե՛ զարգացման առումներով։ Մենք պետք է այնպես կազմակերպենք այս ոլորտի աշխատանքը, որ եւ՛ կարողանանք պահպանել մեր գյուղմթերքի յուրահատուկ  որակն ու մաքրությունը, եւ՛ նորագույն տեխնոլոգիաներ ներդնենք»,-նշել է պետնախարարը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել հիմնադրամների նախկին տնօրեններին՝ հետպատերազմյան բարդ շրջանում իրականացրած աշխատանքների համար: